Որոշվեց դատը հետաձգել մեկ շաբաթով։ Սյուզան Սիմոնյանը չառարկեց։ Արաբկիրի ժողդատարանում երեկ ժամը 11-ին պիտի որ լսվեր ՀՀ մաքսային վարչության լրատվական ծառայության պետ (լեզուս չի պտտվում ասեմ՝ նախկին) Սյուզան Սիմոնյանի հայցը ընդդեմ մաքսային վարչության։ Նախապատմությունը աչքի չի ընկնում տրամաբանությամբ եւ օրիգինալությամբ։ Պարզապես հունիսի 9-ին Մաքսային վարչության պետն ու իր տեղակալները, մտածելուց հետո, որոշում են, որ Սյուզան Սիմոնյանի գործունեությունն «այլեւս հանդուրժել չի կարելի», քանի որ մաքսայինի սահմաններից դուրս ինֆորմացիա է «սողոսկում»։ Աշխատանքի վերականգնվելու, այսինքն՝ արդարության պահանջով Սյուզան Սիմոնյանը դիմել է Արաբկիրի դատարան։
Ժամը 11-ին, աչքներս դատարանի դռանը՝ սպասում էինք մաքսայիններից մեկնումեկի գալստյանը։ Չեկան, զանգեցին դատավոր Գագիկ Սարգսյանին, որն էլ արդեն 11-ն անց քառասունի մատույցներում որոշեց դատը սկսել։ Լրագրողներս մտանք ռազմական գործողություններից տուժած մի սենյակ հիշեցնող տարածք, որը, պարզվեց, դահլիճն էր, սրբեցինք նստարանների փոշին ու ոտքի կանգնեցինք. դատարանն էր գալիս։ Դատավոր Սարգսյանն ասաց, որ պատասխանող կողմը զանգ է տվել (պաշտոնական գրություն ուղարկելու փոխարեն – Լ. Ա.) եւ հայտնել, որ չի կարող ներկա լինել դատին, քանի որ Ազգային ժողովը ինչ-ինչ կարեւոր օրինագծեր է քննարկում, ուր իրենց ներկայությունը պարտադիր է։ Որոշվեց դատը հետաձգել մեկ շաբաթով։ Սյուզան Սիմոնյանը չառարկեց։ Դատարանի շենքերի ծայրահեղ աղքատության կարգավիճակը մղում է ծայրահեղ կարծիքների։ Մի՞թե նման տեղերում է իրականացվում արդարադատությունը։
ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ