Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԱԿԱՆԻ ԿԵՑՎԱԾՔ Է ԸՆԴՈՒՆՈՒՄ

Հունիս 19,1998 00:00
mikrofon

Նկատառումներ 16.06.98 թ. «Առավոտ» թերթի «ԱԺ-ն դժգո՞հ է պետական լրատվամիջոցներից» հրապարակման վերաբերյալ։

1. Ազգային ժողովի նախագահի խորհրդական Վահագն Մկրտչյանը հարցնում է. «Բա մենք չիմանա՞նք, թե մեր պետական հեռուստաընկերությունն իրականում ինչ գումարներ է շահում եւ ծախսում»։ ա) Եթե հարգարժան խորհրդականը որպես մտահոգ քաղաքացի է ուզում իմանալ այդ հույժ կարեւոր տեղեկությունը, ապա մենք սիրով կբավարարեինք նրա հետաքրքրասիրությունը (մենք քանիցս հայտարարել ենք, որ հեռուստատեսության ֆինանսական գործունեությունը բաց է բոլորի առջեւ, հաշվի առնելով դրա շուրջ ստեղծված անառողջ մթնոլորտը)։ բ) Եթե որպես օրենսդիր մարմին, ապա, մեր կարծիքով ճիշտ պետք է լիներ, որ ԱԺ-ն այդ հարցով համապատասխան տեղեկանքներ պահանջեր մեր կառավարման մարմիններից՝ տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչությունից կամ կառավարությունից։ Ծայրահեղ դեպքում, մենք տվյալներ կտրամադրեինք, թեեւ մինչեւ վերջ էլ չենք հասկանում, թե Ազգային ժողովն այլ գործ չունի՞, բացի գրեթե սնանկ պետական ձեռնարկության արտաբյուջետային եկամուտները ստուգելուց։

2. Խորհրդականը գուժում է. «Ահազանգեր կային, որ հեռուստատեսությունում գովազդային ժամերն օգտագործելու մենաշնորհ է հաստատված։ Առաջ մեկ գովազդային ընկերության էր պատկանում հեռուստատեսության ողջ գովազդային հեռուստաժամանակը, այսօր՝ 2-3-ի։ Մյուսների համար փակ է, ինչո՞ւ»։ ա) Մեզ համար անհասկանալի է, մենաշնորհ է, երբ երկու-երեք գովազդային գործակալություննե՞ր են, թե՞ մեկ։ Իսկ թե «ինչո՞ւ մյուսների համար փակ է». մեկ պարզ պատճառով՝ մինչեւ 1998 թ. դեկտեմբերի 31-ը ՀԱՀ-ը իր գովազդային ողջ ժամանակը վաճառել է «Պարադիզ», «Արկ» եւ «Կայմ» գործակալություններին (դրանով հեռուստատեսությունում վերացնելով մեկի մենաշնորհը) եւ չի կարող խախտել պայմանագրերը։ բ) Վստահաբար հայտնում ենք, որ հարգարժան խորհրդականին վերոհիշյալ հարցով «ահազանգել է» նրա մտավորագույն ընկերը՝ ACN հեռուստաընկերության ղեկավարը, որը գովազդային պայմանագրերը վերակնքելուց հետո միայն ՀԱՀ-ից համառորեն պահանջում էր գովազդային ժամանակ։

3. «Խորհրդարանական հայացք» հաղորդաշար պատրաստելու մրցույթի վերաբերյալ.

ա) Յուրաքանչյուր ձեռնարկություն իր ծառայությունների գնագոյացման փաստարկներն ունի։ ՀԱՀ-ի դեպքում դրանք կարող են թանկ դիտվել կամ թանկ են մի քանի պատճառներով, որոնք կարելի էր մանրամասն քննարկել։ Դա չի արվել։

բ) Մրցույթն էլ նրա համար է, որ ամենաշահավետ պայմանները հայտնաբերի։ ԱԺ-ի դժգոհությունն ինչի՞ց է, չէ՞ որ նրա պահանջով ենք մեր սակագները ներկայացրել։ Եթե այդ սակագները հակաօրինական են՝ խախտում են Հայաստանի Սահմանադրությունը եւ օրենքները, այլ հարց է։ Իսկ առհասարակ, այս բոլորը հետեւանք է Հայաստանի ազգային հեռուստատեսության անորոշ կարգավիճակի. այն պետական բաժնետիրական ընկերություն է, հետեւաբար, հաշվետու է միայն իր բաժնետերերի ընդհանուր ժողովին։ ՀԱՀ-ի հիմնադիրը կառավարությունն է, սակայն այդ դեպքում ինչպիսի՞ փոխհարաբերություններ պետք է լինեն տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչության հետ։ ՀԱՀ ՊՓԲԸ-ում կառավարության լիազոր ներկայացուցիչներից այժմ արդեն միայն երկուսն են պետական կառույցներից եւ դրանց մեջ ներկայացված չէ ԱԺ-ն։ Արդյո՞ք այստեղից չէ վերջինիս նեղացած կեցվածքը։ Մեր կարծիքով, առավել օգտակար կլինի, եթե ԱԺ-ն իր եռանդը վատներ շուտափույթ հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենք ընդունելով, որն արդեն երկրորդ տարին չարչրկվում է հանձնաժողովներում։

ՀԱՄԼԵՏ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Հայաստանի ազգային հեռուստատեսության նախկին տնօրեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930