Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԲ ԹԱՆԱՔԻ ՓՈԽԱՐԵՆ ԹՈԻՅՆ Է…

Հունիս 19,1998 00:00
Mshakuyt

«Առավոտ» թերթի հունիսի 4-ի համարում լրագրող Սիլվա Աթոյանը տպագրել է «Անլուծելի» խնդիրնե՞ր, թե՞…» հոդվածը։ Ընթերցողներին լրագրողի հարցերը հիշեցնելու նպատակով պարզապես չակերտներում կօգտագործեմ նրա իսկ արտահայտությունները։

1. «Քանի որ ֆիլհարմոնիա հասկացությունը գերազանցապես նկատի է ունենում երաժշտարվեստի ոլորտ», ուղղակի այն կոչված է համերգներ եւ հյուրախաղեր կազմակերպելուն, «նախարարությունը հանդուրժում է, որ»՝

ա) Հայկական ֆիլհարմոնիան առ այսօր գլխավորում է մասնագիտությամբ ռեժիսոր, 1976-91 թթ. Հայհամերգի մասսայական եւ հատուկ միջոցառումների ռեժիսոր աշխատած Լաերտ Մովսիսյանը։

բ) Ֆիլհարմոնիկ փոքր դահլիճի տնօրենը մասնագիտությամբ տնտեսագետ է, քանի որ տնօրենի աշխատանքը պահանջում է տնտեսագետի գիտելիքներ եւ կարողություններ։ Իսկ ֆիլհարմոնիայի տնօրենի աներձագը լինելը նրան մոռացնել չի տալիս իր մասնագիտությունը եւ չի զրկում ղեկավար լինելու հնարավորությունից։

գ) Ռոբերտ Սահակյանը մինչեւ 1991 թվականին Կամերային երաժշտության տան տնօրինությունը ստանձնելը, 1988-ից Ա. Խաչատրյանի անվան մեծ համերգասրահի տնօրենն է եղել։

դ) Վերջապես նախարարության երաժշտարվեստի վարչության պետը, բանասեր լինելով հանդերձ, 28 տարի աշխատում է այդ բնագավառում (8 նախարարների օրոք)։ Ի դեպ, նրա փաստաթղթերում ամեն տեղ ազգանունը նշված է՝ Օհանյան եւ ոչ թե Օգանովա (ինչը վարկաբեկում է Աննա Օհանյանին)։

ե) Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մ. Օթարյանի՝ ինձ ուղղված նամակից տեղեկանում ենք, որ Ս. Աթոյանը ոչ մի անգամ չի այցելել թանգարան։ Իսկ 1988-96-ին Ծ. Համբարձումյանից հետո տնօրեն Հ. Գեւորգյանի օրոք տուն-թանգարանը վերանորոգվել է, ստեղծվել է նոր ցուցադրություն։ Այժմյան տնօրենի օրոք վերադասավորվել եւ համակարգվել են ֆոնդերը, ինչի մասին բազմիցս գրվել է մամուլում։

2. Օպերային թատրոնի ստեղծագործական անձնակազմը որոշ նկատառումներով դեմ է մաեստրոյին այլ արվեստագետների ճակատագիրը տնօրինող պաշտոն հանձնելուն։ Ուրիշ հարց է (եւ մտահոգող), որ մաեստրո Օհան Դուրյանն ըստ արժանվույն այսօր չի գնահատվում եւ նրան չեն տրվում իր մասշտաբի արվեստագետին վայել աշխատանքի պայմաններ։

Ծանոթություն. Օպերային թատրոնի ներկայիս տնօրենը, անկախ նախկինում մամուլում ինչ-որ բացահայտումներից, ունի կրկնակի բարձրագույն կրթություն՝ Երեւանի կոնսերվատորիա (այստեղ ստանում են բարձրագույն երաժշտական կրթություն), Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտ (ավելի հայտնի է ԳԻՏԻՍ անունով, տալիս է թատերական կրթություն, այս դեպքում՝ ռեժիսորի)։ Սա չի խանգարում իմ որոշմանը դիմել Կրթության եւ գիտության նախարարություն՝ վերջապես պարզելու Սայաթ-Նովայի դիպլոմի հարցը եւ, համապատասխանաբար վերանայելու ուսումնական ծրագրերում «Սայաթ-Նովա» թեմայի ուսումնասիրության նպատակահարմարությունը։

3. Արվեստագետներ պատրաստող բուհերի՝ մշակույթի նախարարության համակարգում չգտնվելը աշխարհում եզակի դեպք չէ։ Սակայն մեր նախարարությունը ավելի շատ հակված է հոդվածագրի տեսակետին եւ առաջիկայում հնարավոր է համապատասխան առաջարկություններով հանդես գա կառավարությունում։

4. «Մշակույթի նախարարությունը իրավասու է (եւ պարտավոր) վերահսկելու (եւ գլխավորելու) հանրապետության մշակույթի ոլորտը», եւ, որքան էլ տարօրինակ է, ոչ թե մշակույթի տները։ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով դրանք վաղուց հանձնվել են համայնքներին։ Նախարարությունն այժմ փորձում է ձեռք բերել համերգային եւ հյուրախաղային գործունեություն իրականացնողներին համապատասխան արտոնագիր տալու իրավունք, որով հնարավոր կլինի իրականացնել մեր նախարարության վերահսկողական (այժմ գոյություն չունեցող) ֆունկցիան։

5. Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթի կոլեկտիվը նախարար Ռ. Շառոյանին ուղղված նամակում վրդովմունք է հայտնում վերոհիշյալ հոդվածում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ զետեղելու կապակցությամբ։

6. Մեկ անգամ էլ նշենք, որ Հայֆիլհարմոնիան համերգներ է կազմակերպում։ Եվ, ի գիտություն Ս. Աթոյանի, «Տաղարանից», «Հայաստանի պետական կապելլայից», «Սերենադ»-ից բացի, այն իր համակարգում չունի նաեւ Իգոր Մոիսեեւի պարի անսամբլը, Գերմանիայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը, Մադագասկարի միակ կամերային նվագախումբը եւ Չիբուխլուի դպրոցական իգական երգչախումբը։ Այն պարզ պատճառով, որ իր համակարգում ընդհանրապես ոչ մի խումբ չունի։

7. «Նաիրի»-ն սեփականաշնորհումից մազապուրծ միակ կինոթատրոնն է, որտեղ բոլորովին էլ «մեկ կողմ թողած չէ առօրյա բազմասեանս գործունեությունը»։ Այնտեղ կազմակերպվում են նաեւ բազմաթիվ մշակութային միջոցառումներ, եթե «արվեստասեր» հոդվածագիրը տեղյակ չէ, օրինակ, Փարաջանովին եւ Վ. Փափազյանին նվիրված հուշ-երեկոներից, կարող եմ նրան տրամադրել Երեւանի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի վարչության տեղեկանքը՝ «Նաիրի» կինոթատրոնի գործունեության մասին։ Քանի որ իսկապես «շատ արտառոց վիճակ է», երբ որեւէ կինոթատրոնի շենքում կենդանական աշխարհի նմուշներ են ցուցադրվում, որոշել եմ պատգամավորական մանդատս օգտագործել պետբյուջեի պահուստային ֆոնդից գումար դուրս հանելու նպատակով, դրանով կառուցել կատուների եւ մողեսների բուժարան-ցուցասրահ համալիրը։ Հակառակ դեպքում «Մոսկվա» կինոթատրոնը կշարունակի «բողոքել» իր բազմաթիվ դպրոցական այցելուներից։

8. ՆԳ նախարարության կողմից տարվող քննչական աշխատանքի դադարեցումը մշակույթի նախարարության զորության հետ կապելը եթե ոչ անգրագիտություն, ապա առնվազն միամտություն է։ Բացի այդ, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Շ. Խաչատրյանի՝ Ռ. Շառոյանին ուղղված նամակից տեղեկանում ենք, որ անմաքուր, հանցավոր գործարքի մեջ բռնվելով, նախարարությունից ազատեցին «Ազգային պատկերասրահում քրեածին փաստեր բացահայտած Էմմա Բուդաղյանին»։

9. «Որպես մշակույթի նախարարի առաջին տեղակալ արվեստի հետ ունեմ հետեւյալ առնչությունները. նկարիչ եմ, ցուցադրվել եմ Մոսկվայում, Նյու Յորքում եւ այլուր։ «Արտ-1700» ավանգարդիստական կազմակերպության ղեկավարն եմ, 1990 թ. Խորհրդարանի կրթության եւ մշակույթի հանձնաժողովի անդամ եմ, քարտուղար, տեղակալ, 1994-ից ԱՊՀ երկրների միջխորհրդարանական մշակույթի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ներկայացնում եմ մշակույթի շահերը Եվրախորհրդում (հավանաբար այստեղից է հոդվածագրի համոզվածությունը, որ տողերիս հեղինակն իր համեմատությամբ արտասահմանյան ավելի շատ երկրներում է եղել)։ Այստեղ ընդունում եմ իմ անզորությունը՝ Եվրախորհուրդը Հայաստան բերել չկարողանալու հարցում։ Գոնե համեմատության մեջ տիկին լրագրողին ստվերում չթողնելու համար»։

10-րդ եւ ըստ իս ամենաէական եւ տարողունակ կետը։ Այստեղ է երեւում, որ Ս. Աթոյանը նախորդ 9 կետերը պարզապես իբրեւ երկարաշունչ նախաբան է ընտրել ընդամենը Սոս Պետրոսյանի գովքն ու պաշտպանությունն անելու։ Դա իր սահմանադրական իրավունքն է, միայն թե ոչ կրկեսի տնօրեն Հ. Խասխազյանի հաշվին։ Կրկեսի մի խումբ աշխատակիցներ նույնպես այդպես են կարծում եւ ինձ ուղղված նամակում պատմում են տնօրենի կրկեսային 40 տարվա գործունեության մասին, որի համար 1981-ին ստացել է կուլտուրայի վաստակավոր գործչի կոչում։ Իսկ ինչ վերաբերում է կրկեսին կից ստուդիային, անկախ հոդվածագրի չարակամությունից, նախարարությունն ամեն ինչ անելու է դրա աշխատանքներին աջակցելու համար։

ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հ․Գ․ Հունիսի 4-ի «Անլուծելի» խնդիրնե՞ր, թե՞…» հրապարակման հարցադրումներին խմբագրությունը բազմաթիվ «պատասխաններ» ստացավ մեր մշակութային հաստատությունների ղեկավար մարմիններից։ Մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի փոխնախարար Արամ Մանուկյանը հոդվածի հարցադրումների իր այս գրավոր պատասխանն ուղարկեց բավականին ուշացումով։ Ենթադրում ենք, որ պատասխան նամակի ուշացման պատճառը հոդվածում նշված ոլորտների ուսումնասիրումն էր։ Եվ այդ առումով, պատասխան նամակից (որը լավ նախապատրաստված հարցազրույց է հիշեցնում) մեր ընթերցողը կարող է բավականաչափ տեղեկատվություն քաղել։ Տեղեկացնում ենք, որ հոդվածագիր Ս. Աթոյանը Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթի մասին խոսելիս չի փորձել քննարկել Հ. Մանգասարյանի՝ այդ ժանրում ունեցած անհերքելի վաստակը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930