Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԵՍՆԵՍ ԻՆՉՈ՞Վ Է(Ր) ԶԲԱՂՎԱԾ

Հունիս 19,1998 00:22
Vasak Darbinyan

 «Ես իրոք մեկ տարի վարչապետ էի, բայց ծանոթ չեմ եղել Վահագն Խաչատրյանի խորհուրդներից որեւէ մեկի հետ։ Առաջին անգամ Ձեզնից («Առավոտի» թղթակցից- Վ. Դ.) եմ լսում, որ նա տնտեսական հարցերով խորհրդական էր»։

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ ՀՀ նախագահ, «Առավոտ», 18 հունիսի

Այո՜… Եթե Ռոբերտ Քոչարյանն այս տեմպերով շարունակի՝ մոտ ապագայում հանդես կգա հայտարարությամբ. «Ժամանակ չեմ ունեցել վարչապետ աշխատելու»։

ՀԱՐԳԵԼ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

«Ծխելով եւ ծուխն ինձ վրա արձակելով դուք խախտում եք իմ՝ մարդու իրավունքները»։

ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ ՀՀ նախագահի խորհրդական, «Իրավունք», թիվ 22

Մարդու իրավունքների հռչակագրում երկու նոր կետ կմտնեն. ա) Պարույր Հայրիկյանի մատույցներում ծխելը չի թույլատրվում, բ) Պարույր Հայրիկյանի մատույցներում չծխելու անհնարինության դեպքում թույլատրվում է ծխել, բայց արգելվում է ծուխ արձակել։

ԵԼՔԸ ԳՏԱՎ

«Գուցե դուք՝ ժուռնալիստնե՞րդ, մի դիմում գրեք Ֆրանսիայի չորրորդ իշխանությանը, ուղարկեք կադրեր կայանալիք հանրահավաքից, գուցե նրանք էլ կհասկանան, թե ինչ հանցավոր գործարքի մեջ է մտնում իրենց ֆիրման Հայաստանում»։

ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆ ԱԺՄ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր, «Առավոտ», 17 հունիսի

Միանգամայն ճիշտ ուղի է հուշում Արշակ Սադոյանը։ Դիմումն ու կադրերը ստանալուն պես Ֆրանսիայի չորրորդ իշխանությունն անշուշտ կհասկանա իրենց ֆիրմայի հանցավոր գործարքի ողջ գիշատչային էությունը եւ անհապաղ կկասեցնի այդ գործարքը։

«ԿԱՐԴԱՑԷՔ, ՆԱԽԱՆՁԵՑԷՔ. ՄԵՆՔ ԱԼ ՏՈՒՆՏՈՒՆԻԿ ԿԽԱՂԱՆՔ»

«Հիմա ասում են, թե սփյուռքահայերն ուզում են ՀՀ անձնագիր ունենալ։ Կարելի է կուկլա էլ ունենալ։ Կուկլան ավելի հարմար է խաղալու համար»։

ՎԼԱԴԻՄԻՐ ՆԱԶԱՐՅԱՆ ԱԺ իրավաբանական ծառայության ղեկավար, «Առավոտ», 13 հունիսի

Սփյուռքահայերը զարմանքով տեղեկացան, որ ՀՀ անձնագրի կիրառական նշանակություններից կարեւորագույնը դրանով խաղալն է։ Ենթադրվում է, որ դա թղթախաղի տեսակ է եւ խիստ նման է ռուսական «դուռակիին»։ Ահա այս իրողությունից ելնելով էլ նրանք որոշել են հրաժարվել անձնագրից եւ փոխարենը տիկնիկ ձեռք բերել. չէ՞ որ ազգային տունտունիկն, այնուամենայնիվ, ռուսական «դուռակիից» գերադասելի է։

ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930