Հունիսի 13-ին ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Էդուարդ Սանդոյանի հետ հարցազրույցում մասնավորապես հետաքրքրվել էի, թե ինչո՞ւ էր հարկավոր կոնյակի եկամտաբեր գործարանը ֆուտբոլի Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղում տեղադրվելիք 1,5 րոպեանոց գովազդի գնով վաճառել։ Հիշեցրել էի, որ պատգամավորները վկայել էին, թե 1996-ին, երբ գործարանը սեփականաշնորհման ցանկի մեջ էին մտցրել՝ իրենց վստահեցրել էին, որ գործարանը 200 մլն դոլարից պակաս գնով չի վաճառվի, եւ ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանն էլ իր ելույթում ավելի որոշակի թիվ էր նշել՝ 450 մլն դոլար։
Պարոն Սանդոյանը (լուսանկարում) ի պատասխան ասաց, թե չի հավատում այդ թվերին ու նաեւ նշեց. «Կոնյակի գործարանն արժե այնքան, որքանով հնարավոր է այն վաճառել՝ սա է թելադրում գնագոյացման շուկայական տրամաբանությունը։ Եվ եթե իմ կարծիքն եք ուզում իմանալ՝ կարող եմ ավելին ասել։ Հայաստանն, այսօր գտնվելով ռիսկայնության տեսակետից 150-160-րդ տեղում, այս առումով (բացասական իմաստով) խիստ տարբերվում է։ Եվ միջազգային ստանդարտ մոտեցումների ցուցաբերման պարագայում կարող եմ ասել, որ կոնյակի գործարանն ուղղակի ոչինչ չարժե, 0 դոլար արժե» ։
Երեկ «Հայաստանի Հանրապետութիւն» օրաթերթում Վահրամ Ավանեսյանը հայտարարել է, թե սա «բացարձակ կեղծիք է» եւ Սանդոյանը նման բաներ չի ասել։ Ավելին, դեռ դատողություններ է կատարել, թե Սանդոյանին ինչ հարց է տրվել. «Հարց է եղել՝ եթե ոչ մի գնորդ չլիներ, գործարանի գինը զրո՞ էր, եւ պատասխան՝ այո, եթե ոչ մի գնորդ չձեւավորվեր, ուրեմն՝ տվյալ պահին զրո էր»։
Լրագրական գործունեությանս մեջ առաջին անգամ է, որ մեկի ասածի վերաբերյալ մեկ ուրիշը հերքի, թե նա այդպիսի բան չի ասել։ Սա՝ մեկ։ Երկրորդ, պարոն Սանդոյանի եւ իմ զրույցի ժամանակ Վահրամ Ավանեսյանը ներկա չէր եւ առավել զարմանալի է՝ այդ ի՞նչ արհեստավարժ պայծառատեսությամբ է նա պնդումներ կատարում մի հարցազրույցի մասին, որին ներկա չէր։ Եթե, իհարկե, որեւէ անկյունում չէր թաքնվել, եւ այդ պատճառով են արտահայտությունները նրան խեղաթյուրված հասել։
Կարդացեք նաև
Վահրամ Ավանեսյանը չիմացած բաների մասին խոսելով եւ ակնհայտորեն կեղծ պնդումներ կատարելով չի բավարարվել եւ դեռ «Առավոտին» էլ արտահայտություններ է վերագրել, որոնք այդ հրապարակման մեջ իսպառ բացակայում են՝ իբր գրել ենք, թե պարոն Սանդոյանն ասել է, որ գործարանի շահութաբերությունը զրո է։ Ինքը մեր անունից սուտ է ասում եւ հետո էլ այն հերքում է։ Հիրավի, խիստ արհեստավարժ մոտեցում է։ «Դատի չենք տալիս՝ առիթից օգտվում են»,- ասել է Վահրամ Ավանեսյանը։ Առաջարկում ենք «Առավոտին» դատի տալ, եւ երբ դատարանին կներկայացվի Էդուարդ Սանդոյանի հետ զրույցի ձայնագրությունը, որն առանց որեւէ խեղաթյուրման էր ներկայացվել մեր թերթում՝ կտեսնենք, թե ով պատասխան կտա կեղծիքի համար։
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Պարոն Սանդոյանը երեկ «Առավոտի» աշխատակիցներին հայտնեց, որ ինքը չի հրաժարվում իր խոսքերից։