Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԻԾԵՄ՝ ԱՇԽԱՏԱՎԱՐՁՈՎ ԱՊՐԵՍ

Հունիս 19,1998 23:09

Մկրտիչ Գիմիշյանը վկայեց, թե պաշտոնյաների աշխատավարձերը քառապատիկ բարձրացնելու նախաձեռնության համար մամուլում իրեն բազմաթիվ «թթու խոսքեր» են ասվել. «Մամուլը լավ կանի հարցնի, թե նախագահն ինչպե՞ս է 100 դոլարով ապրում, նախարարները՝ 60 դոլարով եւ չեն էլ դժգոհում»։

Այնուամենայնիվ, մեր պաշտոնատարները շարունակելու են իրենց ներկա աշխատավարձով ապրել եւ վատ էլ տեսք չունենալ։ Քանզի, ԱԺ-ում երեկ ընդամենը 60-ը ցանկացան, որ իրենց աշխատավարձերը բարձրանան, 12-ն անգամ «դեմ» էին, 34-ը՝ «ձեռնպահ»։ Խնդրին անձնազոհաբար բացասական դիրքորոշում ցուցաբերեցին 4 կոմունիստներ, 4 երկրապահներ, 2-ը «Հանրապետությունից» էին, մյուս երկուսն էլ հնչակյան Էռնեստ Սողոմոնյանը եւ նորընտիր պատգամավոր Մարտին Սարգսյանն էին։

Վարդան Խաչատրյանը, որը «կողմ» էր քվեարկել այս օրինագծին, վրդովված էր. «Մարզպետները, փոխնախարարները, ուրիշ տեղերում ավելի ցածր աշխատավարձերով աշխատողները, որոնք խորհրդարանում միայն հանձնարարվածի պես քվեարկելու համար են հայտնվում, դեմ ու ձեռնպահ քվեարկեցին, որ ԱԺ-ում աշխատողները փող ստանան»։

Վանո Սիրադեղյանին, որը նույնպես «կողմ» էր քվեարկել, հարցրինք, թե արդյոք ինքն է՞լ է համոզված, որ պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնելը կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ միջոցներից է. «Ես չեմ կարծում, որ դրանով անմիջապես կոռուպցիայի դեմը կառնենք, բայց այսպես էլ նույն երեսպաշտությունը կլինի, ինչպես մեր իշխանության ժամանակ էր։ Կարծում եմ, որ եթե մենք «էն գլխից» աշխատավարձը նորմալ բարձրացնեինք՝ հարյուրավոր, հազարավոր մանր ու միջին կաշառակերներ չէին առաջանա խորհրդարանում եւ պետական կառավարման մարմիններում։

Միշտ այն առարկությունները եւ հակափաստարկներն էին ներկայացվում, թե ժողովուրդը կմտածի, որ իշխանությունները միայն իրենց մասին են մտածում։ Բայց այս մոտեցումն ինչի՞ հանգեցրեց։ Այսօր Հայաստանում կա՞ մի մարդ, որը մտածում է, թե իշխանությունները, պատգամավորներն էլ հետը, կաշառակեր չեն։ Չկա, չէ՞։ Ուրեմն, այդ նույն սխալը նոր կառավարիչներն են շարունակում։ Ջայլամի նման գլուխը մտցրած ավազի մեջ, քամակը բաց. իբր իրենց աշխատավարձով են ապրում։ Շատ վնասակար եմ համարում այս մոտեցումը»։

Պարոն Սիրադեղյանին ուղղված մեր հաջորդ հարցն էր, թե արդյո՞ք ինքը վստահ է, որ եթե պաշտոնատարներն, ասենք, 500 դոլար աշխատավարձ ստանան՝ կհրաժարվեն թեկուզ 700 դոլար կաշառքից. «Որպես հիմք դա մի ընդունեք, այլ այն, որ պետական պաշտոնյան, դատավորը, պատգամավորը գոնե նախաճաշի փող պիտի ունենա։ Ինչի՞ ծնունդ էր մեր կոռումպացված մթնոլորտը։ Պատգամավորները նախաճաշելու փող չունեին (հիմա էլ նրանց գոնե 1/3ևը չունի այդ փողը) եւ գնում՝ ստիպված ինչ-որ Ծտի կամ նման մականուններով մարդկանց հետ նստում-հաց են ուտում։ Սկսում են սուրճ խմելուց, հետո միասին ընթրում են, եւ այդպես շրջապատ է ձեւավորվում։ Եվ դրանց մի մասն էլ ընտրություններին գալիս է խորհրդարան՝ արդեն որպես ընկեր։ Իրոք, ես հավատացած եմ, որ գոնե պաշտոնյաների 1/3-ը կաշառքից հեռու կմնար, եթե սիգարետի, սուրճի, տան հացի եւ այլ նվազագույն ծախսերի փող ունենար։ Իհարկե, սա չի վերաբերում նրանց, ովքեր ի ծնե գող են»։

Հետաքրքրվեցինք, թե իր դիտարկումներով պաշտոնեության մեջ ի՞նչ քանակ են կազմում այն մարդիկ, որոնք բարձր աշխատավարձի դեպքում ձեռնպահ կմնային փող վերցնելուց։ «Կաշառքը հո մենակ փող վերցնելով չի՞,- անտեղյակությանս վրա զարմացավ Վանո Սիրադեղյանը։- Կարծում եմ՝ քչերն են «նաղդ» փող վերցնում։ Կաշառքին սովորեցնելու ձեւ էլ կա, չէ՞։ Առաջին անգամ տուն միրգ են բերում, հետո ոչխար, հետո կահույք… այդպես կամաց-կամաց սովորեցնում են։ Եթե մարդ չի կարող իր աշխատավարձով երեխայի համար մի գրասեղան առնել եւ իրեն նվիրում են՝ դա կաշա՞ռք է, թե՞ նվեր։ Իրոք, նվեր է։ Հետո էլ այդպես գնում է, ու դառնում կաշառք։ Բայց ես համոզված եմ, կեսից ավելին կդիմանային, եթե ունենային օրվա սուրճի, ծխախոտի, նախաճաշի փողը»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930