ԱԺ-ի պատգամավորների 1/3-ի պահանջով հրավիրված արտահերթ նստաշրջանի 16 հարցերից 6-ը «Հայրենիք» խմբին անդամակցող պատգամավորների նախաձեռնությամբ են։ Դրանց բոլորի օգտին ինչքան կողմ փաստարկներ կարելի էր բերել՝ այնքան էլ համոզիչ կարելի էր դեմ խոսել։ Առայժմ ընդունվեց դրանցից միայն մեկը, ըստ որի ԱԺ-ի խմբերը եւ խմբակցությունները պիտի ապահովվեն առանձին սենյակով, կապի եւ տեխնիկական միջոցներով, «ՀՀ պաշտոնական տեղեկագիր» ամսագրով։
ԱԺ խմբավորումներից յուրաքանչյուրը պիտի մեկական գործավար եւ մասնագետ ունենա, օգտվի ԱԺ բոլոր ծառայություններից։ Կառավարության անհամաձայնությունն էր հարուցել միայն «սպասարկվում է իրեն հատկացված մեկ մեքենայով արտահայտությունը». ենթադրվում էր, թե ԱԺ-ի այժմ ունեցած ավտոմեքենաները կարող են չբավարարել եւ դա ծախսերի ավելացման կհանգեցնի։ Սակայն խորհրդարանականները վստահեցրին, թե կբավարարվեն եղած մեքենաներով։Մնացած բոլոր հարցերի վերաբերյալ կառավարությունն ավելի կտրուկ բացասական եզրակացություններ էր ներկայացրել, եւ քվեարկված 2 օրինագծերն էլ տապալվեցին (շահութահարկին վերաբերող նախաձեռնությունը «Հայրենիքն» անգամ հոժարակամ հանեց քվեարկությունից):
59 «կողմ», 12 «դեմ» եւ 47 «ձեռնպահ»՝ սա էր «Մամուլի միջոցներին օժանդակելու մասին» օրինագծի քվեարկության արդյունքը։ Արդեն իսկ մերժված այդ օրենքով առաջարկվում էր լրագրային թղթի եւ թերթերի հրատարակման համար անհրաժեշտ տպագրական նյութերի իրացումն ազատել ավելացված արժեքի հարկից, նաեւ մամուլից հեռահաղորդակցության միջոցների համար գանձվող սակագները հավասարեցնել բյուջետային հիմնարկների համար սահմանվածին։ Կառավարությունը գտնում էր, որ այս նախագծի ընդունումը կհանգեցնի բյուջետային եկամուտների նվազման 80-105 մլն դրամի չափով։ Նախագծին դեմ արտահայտված պատգամավորների հակափաստարկներն էին, թե այս միջոցներից ոչ թե մամուլը կօգտվի, այլ թղթի եւ տպագրական ներկերի վաճառքով զբաղվողները, եւ այս անուղղակի աջակցության փոխարեն լավ կլիներ բյուջեով փոխհատուցումներ սահմանել թերթերի համար։
Իսկ «Հայրենիք» խմբի ղեկավար Էդվարդ Եգորյանն (լուսանկարում) էլ «դեմագոգիա» անվանեց այդօրինակ պնդումները, թե թղթի գինն իջեցնելիս թերթի գինը չի իջնի, իսկ արտոնությունների փոխարեն թերթերին բյուջետային հատկացումներ սահմանելու առնչությամբ ասաց. «Ո՞վ չգիտի, որ կառավարության հետ լավ փոխհարաբերություններ ունեցողներն են միայն բյուջեով նախատեսված իրենց գումարները ստանում, իսկ մնացածները կամ չեն ստանում, կամ շատ ուշ են ստանում»։ Այսինքն, վախ կար, որ հարցի նման լուծումից միայն իշխանամետ թերթերը կշահեին։
Կարդացեք նաև
Տապալվեց նաեւ «Հայրենիք» խմբի անդամ Մկրտիչ Գիմիշյանի նախաձեռնությունը՝ պաշտոնային դրույքաչափերի բարձրացման վերաբերյալ, որն արդեն երկրորդ ընթերցման էր հասել։ Իսկ «Հայրենիքի» 2 այլ նախաձեռնությունների ճակատագիրը պարզ կդառնա այսօր։ «Մեր նախաձեռնությունների իմաստը ոչ պետական եւ մերձիշխանական ինստիտուտների ամրապնդումն էր,- «Առավոտին» ասաց Էդվարդ Եգորյանը,- մեր ԱԺ-ում ՀՀՇ-ի թիվը փոքրանում՝ «Երկրապահի» թիվն է մեծանում միայն այն պատճառով, որ մարդիկ փորձում են մշտապես իշխանությանը մոտ լինել։ Եվ չնայած այդ փոփոխություններին՝ այսպիսի առաջարկները ԱԺ-ի հավանությանն արժանանալու հավանականությունը, ցավոք սրտի, առայժմ այդքան մեծ չէ»։
Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ