Աժ պատգամավոր Վազգեն Սաֆարյանի գլխավորած Հայաստանի առաջադիմական միացյալ կոմկուսը նախագահական ընտրություններից հետո, որեւէ կերպ զգացնել չի տվել իր մասին։ Մինչդեռ հիմա կուսակցության մեջ որոշակի շարժեր նկատելի են։ Իրողությունները ներկայացրեց կուսակցության նախագահը։
Վազգեն Սաֆարյանն ասաց, որ ՀԱՄԿԿ-ն, այս տարվա հունվարին գրանցվելով արդարադատության նախարարությունում, գործունեություն է ծավալում կազմակերպորեն կայանալու համար։ Երեւանում ստեղծված են կուսակցական, տարածքային բոլոր կառույցները, այսինքն՝ շրջկոմները։ Գյումրիում ստեղծվել է մարզային կառույց, նույն գործընթացը ծայր է առել Լոռիում։ Արդեն կան նախաձեռնող խմբեր Հոկտեմբերյանում, Չարենցավանում, Տավուշում, Արարատում։
Կուսակցությունը շտապում է, որովհետեւ պատրաստվում է համագումարի։ Մեկ ամսվա ընթացքում կառույցները կձեւավորվեն։ Մինչեւ համագումարը նպատակ կա ստեղծել ձախակենտրոն ուժերի միություն, որի մեջ, ըստ Վազգեն Սաֆարյանի, պատրաստ են ընդգրկվել քաղաքական յոթ շարժում ու կուսակցություն։ Ընդհանուր մոտեցումն այն է, որ ստեղծվի սոցիալիստական ուժերի հզոր համախումբ, որն իր առջեւ խնդիր կդնի զարգացնել նոր սոցիալիզմի տեսությունը, ժողովրդի քաղաքական ճաշակի մեջ սոցիալիստական սկզբունքներն արժեւորելով։ Ստեղծվելիք միությունը կփորձի հաջորդ ԱԺ-ի ամբիոնից տարածել իր գաղափարները, որոնք հնարավորություն կտան օրենսդրական փոփոխություններով զարգացնել սոցիալիզմի հիմնադրույթները։
Վ. Սաֆարյանը պարզաբանեց, որ իրենց կուսակցության շարքերը համալրվում են նախկին ԽՄԿԿ անդամներով, թեպետ չկա որեւէ սահմանափակում։ Նրանք, ովքեր անցյալում կոմունիստ են եղել եւ պահպանել են սեփական կուստոմսը, ընդամենը մեկ ներդիր ստանալով, կարող են վերանդամագրվել կուսակցական կառույցներին։ ՀԱՄԿԿ-ն համալրում է ստանում նաեւ Բադալյանի կոմկուսից։ Վ. Սաֆարյանը չնշեց իրենց հետ դաշինք կազմած յոթ կուսակցություններին, ասելով, որ միասնական ասուլիսով հանդես կգան հունիսի 25-ին։
Կարդացեք նաև
Ա. ԶԱՔԱՐՅԱՆ