Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՌՆԻՄ ՔԸԶԻ, ՍԱ ՎԱՆ ԳՈԳԻ ՏՈՒՆՆ Է…»

Հունիս 19,1998 22:46

Անձրեւն ու ձվաչափ կարկուտը մեզ բռնացրեցին Աշնակ գյուղի փողոցներում։ Մի լավ թրջվեցինք ու իբրեւ թե պատահաբար, մտանք տներից մեկի բակը։ Մենք գիտեինք, թե ուր ենք մտնում, բայց տանտերերը չգիտեին, որ մենք գիտենք։

Լրագրողի մասնագիտության մեջ ոչ մարդկային (կամ՝ գուցե հենց մարդկային) մի գիծ կա՝ բզբզել, գտնել յուրօրինակն ու սկանդալայինը եւ հրապարակել։ Ինչ մեղքս թաքցնեմ, այս անգամ էլ նման մտադրություն ունեինք, բայց… չստացվեց։ Մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարար Ռոլանդ Շառոյանի ծնողները մեր բոլոր բզբզիկները եւ չարաճճիությունները միանգամից ավերեցին։

-Մեռնիմ քըզի, դուք Վան Գոգի տունն եք եկել,- դիմավորեց մեզ տիկին Շառոյանը։ Տեսնելով, որ մենք, իբրեւ թե բան չհասկացանք, շարունակեց,- աղքատ արվեստագետի տուն է։

Իմանալով, որ «Առավոտից» եմ, տիկին Սեդան մի տեսակ ծուռ նայեց ու.

-Արամ Աբրահամյա՞նն է խմբագիրը… Արամին էլ եմ հարգում ու սիրում, բայց մի քիչ… Չգիտեմ, էն քանդված երկիրին էլ էր կողմ։ Արամ Աբրահամյանը սկզբից շատ էր սիրում Ռոլանդին, բայց որ եղավ դաշնակցական, մի քիչ շեղվավ։

Հարցրի, թե Ռոլանդը երբվանի՞ց է դաշնակցական։

-Ռոլանդը 6 տարեկանից է դաշնակցական։ Սրա պապը, իշխան Շառոն եղե։ Մենք տոհմով ենք դաշնակցական։ Ուզում եմ ասել, որ չշեղվեցինք, շուռ գալ մեզի չկա։ Տե՛ս, Վան Գոգի «կռավաթներն» են (ցույց է տալիս մետաղյա մահճակալներըև Մ. Ե.), բայց հիմա անտիկվար են համարվում։ Որ մտնիս Աշնակի մեջ, տեսնիս ինչ տնե՜ր են, ինչ շենքե՜ր, պալատնե՜ր…Մենք չենք թմահ արել։

Ուզում եմ մի օրիգինալ բան իմանալ, որ նյութս հետաքրքիր լինի, ու չգիտեմ ինչու, ինձ թվում է, թե այդ «օրիգինալը» կհայտնաբերեմ մշակույթի… եւ սպորտի նախարարի մանկության տարիների մեջ, դրա համար էլ հարցնում եմ.

-Ռոլանդը փոքր ժամանակ ի՞նչ չարություններ էր անում։

-Ոչ մի չարություն էլ չի արել,- պատասխանում է նախարարի մայրը, որը երիտասարդ տարիներին երազել է դերասանուհի դառնալ («Ես Արուս Ասրյանի տեղը պետք է լինեի»)։

«Կերա՛ր»,- ասում եմ ինքս ինձ։ Բայց քիչ անց պարզվում է, որ մշակույթի նախարարը դեռ մանկուց նախարարական (մասնավորապես՝ մշակութային) հակումներ է ունեցել։

-Ռոլանդս չարություն չի արել, տասը տարեկանից կինո է ցուցադրել, ոտքերի տակ «յաշիկ» էր դնում, որ հասնի ապարատին։ Հետո, 7-8-րդ դասարաններում, թե ինք, թե Ռիտան ու Ռադիկ դիսկատե էին անում, համերգ էին կազմակերպում, շրջանի գյուղերն էին գնում, տոմսով համերգ էին կազմակերպում, էդ փողը տալիս էր կուլտուրայի տանը։ Տես, մենք դաշնամուր չունենք, բայց երեխեքս աստվածատուր նվագում էին։ (Այսօր Աշնակի մշակույթի տունը անգործության է մատնված- Մ. Ե.)։

Մեր այցելության օրը գյուղում ոռոգման ջրագիծն էր շահագործման հանձնվելու։ Այդ արարողությունը օրեր առաջ հետաձգվել էր, որովհետեւ գյուղացիները քաղաքում ապրող բոլոր պաշտոնյա համագյուղացիներին էին մտադիր հրավիրել։ Մենք ենթադրում էինք, թե մշակույթի նախարարն էլ կլիներ նրանց մեջ։ Հրավիրվելը՝ հրավիրվել էր, բայց ներկա չէր։ Ծնողներն այս բացակայությունը բացատրեցին այսպես. «Ամերիկայում է, մեռնիմ քըզի»։

Ճիշտն ասած, մի փոքր զարմացանք, բայց չհավատալու իրավունք չունեինք։ Ավելի ուշ, Երեւանում, պարզեցինք, որ Ռոլանդ Շառոյանն Ամերիկայում չէ, այլ՝ իր աշխատասենյակում, սակայն այդպես էլ ժամանակ չունեցավ խոսել մեզ հետ։
Իսկ մենք ուզում էինք միայն հարցնել, թե մանկությունից չարություն չարածը ինչո՞ւ է չարություն անում հիմա եւ իր մայրիկին չի ասում, թե ուր է գնում։ Իսկ տիկին Շառոյանը խիստ մտահոգ էր. «Ա՜խ, ա՜խ, Ռոլանդս անժամանակ ծերացավ»։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930