Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐՋԻՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴԻՑ ԱՌԱՋ

Հունիս 19,1998 22:23

Ազգային ժողովն ավարտեց իր գործն ու գնաց վաստակած հանգստի։ Խոսքն ընդամենը ամառային արձակուրդների մասին է։ Պատգամավորները ձեռքերից եկած ամեն ինչ արեցին։ Անգամ հասցրին արձակուրդից առաջ հաստատել բյուջեի նախորդ տարվա կատարողականը։ Ինքնապաշտպանության զգայական մղումը նրանց հուշում է չընդունել միայն նոր ընտրական օրենսգիրք։

Սկսվեց

Սկսվեց վարկունակ երկիր լինելու մասին առասպելի վերաիմաստավորումը։ Մինչեւ անցած տարի Հայաստանը համարվում էր արտաքին պարտքերը վերադարձնող երկիր։ 1997 թվականին վարկերի մարման ծավալը մոտ 22,8 մլրդ դրամ էր։ Նախկինում արտաքին պարտքի մարման հնարավորությունների մասին խոսվում էր խրոխտ ու հաստատակամ բառերով։ Արդեն պատկերը փոխվում է։ Պետական հաշվետվությունների տոնը կտրուկ փոխվում է։ 1997 թ. պետական բյուջեի տարեկան հաշվետվությունը արձանագրեց՝ «այսպիսով, 1997 թվականի արդյունքով արտաքին պարտքի սպասարկման գծով Հայաստանի Հանրապետությունը դեռեւս գտնվում է հարաբերական բարենպաստ պայմաններում»։

Հաշվետվություններում նոր բառեր են հայտնվել՝ դեռեւս եւ հարաբերական։ Լեզվաոճական իմաստով այս երկու բառն էլ պինդ կամ ուժեղ բառեր չեն, բայց կարող են ոչնչացնել ուզածդ պինդ կամ ուժեղ բառը։ Օրինակ. փորձեք «վարկունակ երկիր» արտահայտությունը արտասանել դրանց հետ՝ «դեռեւս վարկունակ երկիր» կամ «հարաբերական վարկունակ երկիր»։ Պատկերը միանգամից փոխվեց։ Այս նոր բառերի հայտնվելը արտաքին պարտավորությունները չկատարելու անմիջական արդյունք է։ Նախատեսված 22,8 մլրդ դրամի փոխարեն արտաքին պարտքը մարվել է 10,2 մլրդ դրամի չափով։ Փաստորեն, արտաքին պարտքի սպասարկումը կատարվել է ընդամենը 45%-ով։ 32,25 մլն դոլարի փոխարեն մարվել է մոտ 15 մլն դոլարի չափով։ Բյուջեի հաշվետվությունից կարելի է ենթադրել, որ մնացած չափով պարտքը վերաձեւակերպվել է։ Սակայն ոչ մի բացատրություն չկա վերաձեւակերպման պայմանների մասին։ Ազգային ժողովում այս հարցը ցավոք ոչ ոքի չհետաքրքրեց։

Ամենակատաղի ցուցանիշներ

Բյուջեի կատարողական փաստաթղթում կատաղի թվեր կան արձանագրված։ Բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորելու նպատակով, բնականաբար, ենթադրվում էին նաեւ ֆինանսավորման ներքին աղբյուրներ։ Կառավարությունը 3,1 մլրդ դրամի չափով պետք է վարկ ստանար հանրապետության Կենտրոնական բանկից։ Վարկի իրական չափը կազմել է 11,9 մլրդ դրամ։ Ցուցանիշը «գերակատարվել» է մինուս 379%- ով։ Այս փաստը եւս պատշաճ ուշադրության չարժանացավ երեսփոխանների կողմից։ Բայց այն չի կարող աննկատ մնալ միջազգային ֆինանսական կազմակերպությունների եւ վարկատու երկրների կողմից։ Հետագա բացասական բոլոր հետեւանքներով այն հավանաբար էմիսիա կգնահատվի։

Նախանցած տարի բյուջեն կազմելիս փոխվեց վերաբերմունքը սեփականաշնորհման նկատմամբ։ Սուղ բյուջեի պարագայում հայտարարվեց, որ ապապետականացումը դառնալու է բյուջեի համալրման նոր աղբյուր։ 97թ. ենթադրվում էր, որ սեփականաշնորհումը կապահովի 14,4 մլրդ դրամ։ Փորձագետներից ոչ ոք այս թիվը լուրջ չէր համարում։ Երեսփոխաններն ու կառավարությունը հաշվի չառան փորձագիտական կարծիքները։ Սակայն այսօր արդեն ստիպված են արձանագրել, որ պետական գույքի սեփականաշնորհումից եւ ապապետականացումից բյուջեի եկամուտները կազմել են ընդամենը 52,6 մլն դրամ։ Փաստորեն, այս գծով արձանագրվել է բյուջեի կատարողական սուպերռեկորդային ցուցանիշ՝ 0,4%։ Կատարողական այս էկզոտիկ ցուցանիշն ինքնին վերլուծություն է, եւ դրան ոչինչ հնարավոր չէ ավելացնել։

Այս փաստը իր հաշվետվության մեջ կառավարությունը բացատրել է հետեւյալ կերպ՝ «Հարկ է նշել, որ հաշվետու տարում հանրապետությունում սեփականաշնորհման գործընթացն իրականացվել է սերտիֆիկատների միջոցով՝ 18958,9 մլն դրամ ընդհանուր ծավալով եւ միայն 0,28%-ը՝ 52,6 մլն դրամը, դրամով իրականացված վաճառքի միջոցով»։ Կարելի է ենթադրել, որ իր հաշվարկներն անելիս կառավարությունը տեղյակ չէր, որ սեփականաշնորհման սերտիֆիկատներ են բաժանել։ Դե, ինքը չի բաժանել։ Իրեն նախորդող կառավարությունն էր բաժանել։ Բաժանել էր ու մոռացել այդ մասին տեղյակ պահել հաջորդ կառավարություններին։ Իսկ նորերը հենց նոր իմացան վաուչերների մասին։

Ներքի՞ն, թե՞ արտաքին

Առայժմ պատշաճ ուշադրության չի արժանանում երկրի ներքին պարտքի վերլուծությունը։ Բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման նպատակով անցած տարի 32,7 մլրդ դրամի չափով պետական կարճաժամկետ պարտատոմսեր են տեղաբաշխվել։ Արդեն պաշտոնական հաշվետվություններն են արձանագրում, որ կարճաժամկետ պարտատոմսերի շուկան գտնվում է արտաքին կապիտալի հետաքրքրության ու վերահսկողության ոլորտում։ Արտաքին (ոչ ռեզիդենտ( տնտեսավարողներն ուղղակի ներդրումների փոխարեն գերադասում են պետական պարտատոմսեր գնել։ Զուտ այն պատճառով, որ կարճաժամկետ պարտատոմսերը շատ ավելի մեծ շահույթ են ապահովում։ Անցած տարի եկամտաբերությունն այս ոլորտում տատանվել է մոտ 39-74%-ների տարածքում։

Ըստ փորձագիտական տվյալների, պարտատոմսերի մոտ 80%ևը գտնվում է արտասահմանյան գործարարների եւ կազմակերպությունների ձեռքում։ Պաշտոնական տվյալներով, տարեսկզբին այդ ցուցանիշը 30% էր, տարեվերջին՝ 52%։ Այնպես որ, պետական կարճաժամկետ պարտատոմսերը ներքին պարտքից փաստացի վերածվում են արտաքին պարտքի։ Իր բյուջետային պարտավորությունները կատարելու նպատակով ֆինանսական շուկայում կառավարությունը ագրեսիվ քաղաքականություն է վարում։ Առանց ԿԲ-ի արժեթղթերի, պարտատոմսերի ծավալը 97-ին աճել է մոտ 2 անգամ։ Բարձր տոկոսներով կառավարությունը շարունակում է արտասահմանյան եւ ներքին ներդրողների միջոցները տնտեսության մյուս ոլորտներից տեղափոխել պետական պարտատոմսերի շուկա։ Իսկ այն, իրականում, ամենասովորական ֆինանսական բուրգ է, իր դրական ու բացասական բոլոր կողմերով ու արդյունքներով։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930