Թալինի շրջանի Աշնակ գյուղում, եթե որեւէ մեկին հարցնես, թե ինչ կուսակցության է պատկանում՝ զարմացած կնայի երեսիդ եւ հարցին հարցով կպատասխանի՝ ուրիշ կուսակցություններ էլ կա՞ն, իհարկե դաշնակ ենք։ Դաշնակը՝ դաշնակ, բայց աշնակցիներից շատերը նաեւ բեղ-մորուք ունեն եւ սասունցու ավանդական կերպարին գրեթե չեն դավաճանել։
Ջրագիծը հանձնվեց Աշնակ գյուղում
ՀՍՆՀ-ն շահագործման հանձնեց իր հերթական ոռոգման ջրագիծը։ Արագածոտնի մարզում հիմնադրամն իրականացրել է 5 ծրագիր, երեքը՝ նախնական փուլում են։ Այս բոլոր ծրագրերի իրականացման համար հիմնադրամը կծախսի մոտ 700 հազար ԱՄՆ դոլար։ Աշնակի ոռոգման ջրագիծը կառուցվել է 1982-ին։ Տարիների ընթացքում ջրօգտագործողները շատացել են, ջրագծի քայքայման պատճառով ջրի զգալի կորուստներ են եղել։ Գյուղի ոռոգելի հողատարածքները շուրջ 8 տարի է չեն ոռոգվել։ Մեկ տարի առաջ համայնքի ընդհանուր ժողովը ծրագրի առաջարկով դիմեց ՀՍՆՀ-ին։ Հիմնադրամի ծրագրով կառուցվեց նոր ծրագիր, որը շահագործման հանձնվեց երկու օր առաջ։ Թալինի ջրանցքի թիվ 2 պոմպակայանի ջրավազանից ջրագիծը միացվեց ոռոգման ջրի ջրամբարին։ Շինարարներն ասացին, որ կառուցվել է 600 մմ տրամագծի 4255 գծամետր երկարությամբ ջրատար։ Ծրագրի արժեքը 127 հազար դոլար է, արժեքի 10%-ը ներդրել է համայնքը։ Գյուղացիների վկայությամբ, այդ 10%-ն անգամ իրենցից չի հավաքվել։ Գումարը վճարել են գյուղի քաղաքաբնակ պաշտոնյաները։
Այսքանն իբրեւ կատարվածի արձանագրություն։ Ջրագծի առիթով գյուղում մեծ սեղան էր գցված եւ գյուղապետը իրեն պարզապես աշակերտի պես էր զգում (կամ՝ տանտիրոջ), քանի որ չափազանց լարված էր եւ ուզում էր, որ ամեն ինչ տեղը տեղին լինի։ Ասեմ, որ «տեղը-տեղինը» նրան հաջողվեց, «տուշը եւ տաշի-տաշին» նույնպես, գյուղում քաշված օղին եւ գառան մսով խորովածն ու խաշլաման էլ ներկաներին նվեր։ Ի դեպ, այս ճոխ սեղանին կանայք միայն մատուցողի կարգավիճակով էին ներկա, եւ սասունցի տղամարդիկ լրիվ իրենց դերի մեջ էին։ Աշնակցիք շնորհակալությունների շարանով այնքան ոգեւորվեցին, որ որոշեցին ՀՍՆՀ-ի նախագահ Գագիկ Խաչատրյանին ընտրել «Աշնակ գյուղի պատվավավոր քաղաքացի», սակայն չբավարարվելով սրանով, սեղանակիցներից մեկն առաջարկեց Գագիկ Խաչատրյանի արձանը կանգնեցնել գյուղի գլխին։ Ի պատիվ փոխմարզպետ պրն Մկրտչյանի, պետք է ասեմ, որ նա այս ամենից կարծես թե չվիրավորվեց, քանի որ իր բաժակաճառում ուզեց, որ «էս կառույցը (ՀՍՆՀ-ն- Մ. Ե.) մեզնից հեռու չգնա»։ Դասախոս թամադայի «տուշի» պահանջը, որը հնչեց փոխմարզպետի խոսքից հետո, բավարարվեց մի փոքր ուշացումով։
Կարդացեք նաև
Գյուղի պաշտոնյաներից ոչ բոլորն էին ներկա
Չէր եկել մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարար Ռոլանդ Շառոյանը, թեպետ գյուղացիները սպասում էին նրան (հավանաբար մշակութային հարցեր ունեին քննելու)։ Չէր եկել նույն գյուղացի, Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արամ Վարդանյանը, սակայն անհայտ մնաց, թե ինչ պատճառով։ Ի դեպ, վերջինիցս մի փոքր նեղացած էին գյուղացիք, քանի որ, իրենց ասելով, կուլտուրայի տունը պրն Վարդանյանը փորձել է տրանզիստորների գործարան դարձնել։ Ջրագծի հանձնման արարողությանը ներկա էին գյուղի հայտնի Կիրակոսյանները՝ մանկավարժական ինստիտուտի դեկանի տեղակալը եւ կառավարությունում աշխատող նրա դուստրը։ Ներկա էին նաւ բազմաթիվ այլ «պաշտոնյաներ», որոնք այս կամ այն չափով «տիրություն են անում գյուղին»։
Գյուղապետն ասաց
Գյուղն ունի 1300 բնակիչ, 300 տնտեսություն, շուրջ 1000 հեկտար հողատարածություն, սակայն արդեն 8-րդ տարին է՝ ոչ մի հեկտար ցանքս չի կատարվել։ Պատճառը՝ դարձյալ ջուրն է։ Եթե նոր ջրագիծը նորմալ աշխատի, ապա շուրջ 500 հեկտար սեփականաշնորհված տարածություններ կոռոգվեն։ Գյուղապետը հույս ունի շուտով լուծել խմելու ջրի խնդիրը։ Մինչեւ աշուն գյուղը կունենա բնական գազ։ Գյուղը բազմաթիվ հոգսեր ունի։ Ինչպես ասաց գյուղացիներից մեկը՝ տեխնիկան կա, բայց տրակտորիստ չկա՝ բոլորը գնացել են Ռուսաստան. «Եթե կանգնես, ասես, թե ուզում ես օգնել, կարող է մտածեն, թե գյուղապետ ես ուզում դառնալ»։
Աշնակում հանցագործ տարրը բացակայում է
Թե սա որքանով է իրական, դժվարանում եմ ասել, սակայն մյուս կողմից այսպես է կարծում Թալինի միլպետ Լ. Տոնոյանը։ Վերջինիս կարծիքով, Թալինի շրջանը հանգիստ-խաղաղ շրջան է, թեթեւ գողություններ են լինում, եղած կռիվներն էլ հողի ու ջրի համար են. «Դա մեր միլիցիայի աշխատանքից է գալիս, որովհետեւ լավ աշխատանք են տանում ժողովրդի հետ»։ «Առավոտին» ճանաչեցին անմիջապես․
-Էդ դո՞ւք եք, որ մեր հիվանդանոցի մասին «կլյաուզնի» նյութեր եք գրում,- իմանալով, որ «Առավոտ» օրաթերթից եմ, ասաց հաստափոր մի աշնակցի։ Ամենայն հավանականությամբ, վերջինս նաեւ երկրապահ էր, ինչն ապացուցվեց քիչ ուշ։
Ասեմ, որ «կլյաուզնի» նյութի հեղինակը ես չէի, պարզապես իմ «Խաչմերուկ» էջում հրապարակել էի Թալինի հիվանդանոց ՊՁ-ի աշխատակցուհու նամակը, որում նա դժգոհում էր հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքի վարիչից։ Մի կարճ զրույցից պարզեցինք, որ ցանկացած «կլյաուզայի» տակ ճշմարտություն կա, եւ հարցը դրանով փակվեց։
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
Հ. Գ. Իմանալով, որ Աշնակ եմ գնացել, մերոնք հարցրին՝ մածուն կերա՞ր։ Աշնակի համով մածունը կերա մշակույթի նախարարի ծնողների տանը, սակայն մածունի, ծնողների եւ մնացած բաների մասին կկարդաք վաղը։