Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍՈՎՈՐԱԿԱՆ ՄԱՐԴՈՒ ԱՌԱՎՈՏԸ»-2

Հունիս 18,1998 00:00
Anahit Adamyan

Երկու տարի առաջ («Հայաստանի Հանրապետութիւն», 13.03.1996) այս վերնագրով հոդված էի գրել, կյանքումս ամենադառն ու դժվար հոդվածն այս մասին, որ մենք պարտադրված ենք անվերջորեն կորցնողի դերին, եւ որ մենք չէ, մեր հայրենիքն է մեզ դավաճանում։ Երկու տարի ամեն օր հիշել եմ ու ինքս ինձ հետ պատերազմել, որ գրածս հիմարություն էր. հայրենիքը չի կարող դավաճանել, եւ հայրենիքն ու իշխանությունը, իշխանությունն անձնավորող մարդիկ նույնը չեն։ Մեկ հաղթում էի ինքս ինձ, մեկ՝ պարտվում, կողմ ու դեմ տարաբաժանմամբ էլ ծնվեց այս հոդվածը, որ արդեն պարտադրված էի «Սովորական մարդու առավոտը»-2 անվանել։

«Մենք կորցնում ենք մեր հայրենիքը»,- գրել էի այն ժամանակ, այսօր ավելացնում եմ՝ «մենք կորցնում ենք մեզ»։ Ինքնապահպանման ելքերի անվերջ որոնումներում, որ լավագույն դեպքում փոխհատուցվում են հանապազօրյա հացի ձեռքբերումով։ Ձեռքբերում, որի համար վատնում ենք մեր ամբողջ կենսական էներգիան՝ անուժ ու անտարբեր դառնալով այն ամենին, ինչն անխուսափելիորեն ու մեզնից անկախ կազմում է մեր էության մասը, իմա՝ մեր հոգեւոր կյանքը։ Յուրաքանչյուրիս ու բոլորիս։ Մեր էության մասը, որ արդեն օտարվել է մեզ, ու հարկադիր այդ երկատումի արդեն իսկ երկու ափերը միացնող ոչինչ չկա։ Գրեթե ոչինչ։ Ինքնակամ մեր կղզիացումն ու պատենափակությունը երբեմն ինքներս էլ չենք նկատում։ Մենք չունենք հավատ ու չունենք չափանիշներ։ Պարբերական վերակենդանացման ու ինքնասպանության փուլերով անցած մեր հավատը այլեւս դարձել է հավուր պատշաճի հագնվող կամ պահարանին հանձնվող արժեք։ Ոչինչ ավելին։

Ճգնաժամային իրավիճակների «մեղմացուցիչ դեպք հանցանացին» դիմելը միամտություն է, որովհետեւ եթե ճգնաժամը տեւում է տասը տարի, այլեւս ճգնաժամ չէ, ապրած կյանք է ու գոյավիճակ։ Չափանիշների վերականգնումը եւս պահանջում է իր չափանիշները, որոնց համար պետք են սկզբունքներ։ Աներեր, անխախտ սկզբունքներ, որ կամայական ու պատեհապաշտ խմբագրումների ենթակա չեն, որ վեր են քաղաքական նկատառումներով «ճշտումներից» ու «լրացումներից»։ Մենք այսօր նախանձելի թեթեւությամբ ու աններելի պատրաստակամությամբ ենք հանձն առնում «լրամշակել» ընդամենը երեկ ընդունված օրենքներն ու որոշումները, թեպետ երեկ ընդունելիս վստահ էինք նրանց կատարելությանը, այսօր էլ վստահ ենք մեր անսխալականությանը։ Վկան՝ Սահմանադրությունը։

Մենք չունենք ոչ միայն սկզբունքներ, այլեւ՝ երաշխիքներ։ Երբ սկզբունք է դառնում նպատակահարմարությունը, երաշխիք հասկացությունը վերանում է։ Այդպես աննկատելի ու անկասելի «հրաժարվում ենք» մեր գոյության հիմքերից։ Հիմք ընդունելով օրվա շահը եւ անտեսելով վաղվա օրը։ Վկա՝ կոնյակի գործարանի ոդիսականը։ Եվ փառք Աստծո, որ մերը չէ Արարատը, ի՞նչ երաշխիք, որ տնտեսական, քաղաքական նկատառումներով տարածքը չէր մասնատվելու ու սեփականաշնորհվելու վճարունակ անձանց։ Ոչինչ չէր փոխվի, եթե հետո գային այլ արհեստավարժներ ու հայտնագործեին սեփականաշնորհման նոր՝ իրենց «ճիշտ» ձեւերն ու մեթոդները։ Ոչինչ չէր փոխվի, որովհետեւ այսօր «նախկինների» սխալների ուղղումը նրանց սխալների թվարկումով էլ սահմանափակվում է։ Ոչինչ ավելի։

Հարկավ, քաղաքական փոփոխությունները բոլոր հեղափոխություններից ամենադյուրինն են (համենայնդեպս «թավշե» բնորոշումն ունեն), բայց քաղաքական ցանկացած փոփոխություն պիտի ամրագրվի տնտեսական հիմքով։ Ավաղ։ Մենք փոփոխական հաջողության պերճախոսությամբ «տնտեսական զարգացման աճ ենք» արձանագրում, բնավ չփորձելով պարզել այդ «աճի» արտահայտության արդյունքներն ու ձեւերը։ Վկան՝ մեր կենսամակարդակը։ Հասարակական կյանքի ո՞ր ոլորտում են, նույնիսկ մեր տարտղնված չափանիշներին համապատասխան, բարեփոխումներ եղել։ Համարձակվում եմ հավաստել՝ ոչ մի։ Այն պարզ, պարզագույն, անբեկանելի պատճառաբանությամբ, որ Հայաստանի Հանրապետություն երկրի արտաքին եւ ներքին կյանքում ոչինչ չի փոխվել։ Ու չի փոխվելու, քանի դեռ տնտեսությունը «վաստակած հանգստի» վիճակում է։ Քանի դեռ այս երկրի բոլոր հիմնահարցերը ածանցվում են սոցիալականից, իսկ սոցիալականը հանգեցվում է բարեփոխումների գործընթացին։

Վկան՝ ՀՀ կառավարության այս տարվա գործունեության ծրագիրը։ Այսպես, հենց այսպես է հայրենիքը դառնում բնակավայր, ուր կարող ես առանց գրանցումի գիշերել ու ցերեկել՝ չմտածելով իրավունքների ու պարտականությունների մասին։ Բնակավայր, որ քոնը չէ, որի տերերը գնում-գալիս են, գնում-վաճառում են, որի տերերը վարձակալներ են՝ մերձավոր եւ հեռավոր արտերկրից։ Ապացույց՝ քաղաքացիության մասին օրենքի վերանայումը։ Արդյունքում մշտապես ունենք նպատակի (որեւէ, որ դեռ ինքնաբերաբար առաջադրում ու հերոսաբար հաստատում ենք), խնդրի (որեւէ, որ իբր ածանցվում է նպատակից), միջոցի (որ միշտ չկա, որովհետեւ միշտ կա բյուջեի դեֆիցիտ) պատճառահետեւանքային քաոս։ Վկան՝ միմյանց հաջորդող վարչապետները։ Ապացույցը՝ մեր կյանքը։ Հետեւանքը՝ մենք բոլորս դադարել ենք միմյանց ու մեր հայրենիքի անհրաժեշտությունը լինել։ Մենք դադարել ենք մեր հայրենիքի անհրաժեշտությունը լինել՝ սա երկրի, ժամանակի ողբերգություն է, որ տարածության մեջ չսահմանափակվելու եւ տարիների մեջ տարածվելու միտում ունի։ Ապացույցը՝ տարագրության օրեցօր ընդլայնվող աշխարհագրությունը, վկան՝ բոլոր նրանք, ում բնորոշում ենք «ռիսկի խմբեր»։

Չմոռանալով պայքարել հանուն բարեկեցության հետագա աճի, հասարակության հոգեկան առողջության, գիտության ու մշակույթի դարակազմիկ նվաճումների։ Ինչո՞ւ եմ գրում այս ամենը, ընդամենը արձանագրելով վիճակը ու չառաջարկելով ելք, ո՞ւմ է դա պետք։ Ինձ ու ձեզնից յուրաքանչյուրին։ Յուրաքանչյուրիս ու բոլորիս, որովհետեւ ոչ ոք չի վերադարձնելու այս ժամանակը։ Եվ որովհետեւ լռելով մենք վերջնականապես կորցնելու ենք մեզ ու մեր երկիրը։ Որովհետեւ յուրաքանչյուրս յուրօվսանն պիտի իմաստավորենք մեր գոյությունը ու մեր հայրենիքի գոյությունը։ Որպեսզի պատասխանների որոնումը գոնե սկսենք հարցեր առաջադրելով։ Եվ հարց է՝ մե՞նք ենք դավաճանում մեր հայրենիքին, թե՞ մեր հայրենիքն է մեզ դավաճանել։ Չասենք հերթապահ-ճապաղ-բարձրագոչ բառեր, թե հայրենիքը դավաճանել չի կարող։ Կարող է։ Երբ բոլորս դավաճանում ենք իրար ու ինքներս մեզ. մեր հայրենիքը դավաճանում է մեզ։ Եվ գոյության եռանկյունու մեջ գոյացած այս փակ շրջանակը սեղմվում է ու սեղմում մեզ՝ գամում մի կետում, եւ այդ կետն այլեւս մեռյալ կետ է՝ դադարի պահ, թեկուզ կյանքը շարունակվում է։ Եվ շարունակվում է դավաճանությունը, քանի որ մեր կյանքի սկզբունքը անսկզբունքայնությունն է, չափանիշը՝ չափանիշ չունենալը։ Վկան՝ ինքներս, ապացույցը՝ մեր կյանքը։ Հետեւանքը՝ «Սովորական մարդու առավոտը»-2, որ պիտի գրեի՝ խոստովանելու սխալս, մինչդեռ…

ԱՆԱՀԻՏ ԱԴԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930