Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈ՞Ց, ԹԵ՞ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԻԹ

Հունիս 18,1998 00:00
kojoyan

Շատ թանգարանների տնօրեններ են այսօր դժգոհում այցելուների բացակայությունից կամ, լավագույն դեպքում՝ սղությունից։ Եվ պատճառը միայն նախկին էնտուզիազմի կամ մշակույթի հանդեպ ունեցած վերաբերմունքի կորուստը չէ, այլ այն, որ, ի տարբերություն քաղաքակիրթ երկրների, մեր երկրում թանգարանները դարձել են զուտ նկարների պահոցներ՝ «հուշարձանների» կարգավիճակով։ 1993 թ. նախկին նախագահի տիկնոջ եւ Հայկական համագումարի նախագահ Հրայր Հովնանյանի նախաձեռնությամբ ստեղծվեց «Աննա Հովնանյան» արվեստի դպրոցը՝ որպես հասարակական-բարեգործական կազմակերպություն։

Պատկերասրահի տնօրեն Շահեն Խաչատրյանի համաձայնությամբ, պատկերասրահի առաջին հարկի երեք սրահները, իբրեւ նվիրատվություն, ժամանակավոր եւ առանց վարձակալության տրամադրվեցին դպրոցին։ Երկու տարի պատկերասրահում դասընթացներ անցկացնելուց հետո, ինչ-ինչ պատճառներով դպրոցը տեղափոխվեց Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան, որը, ի թիվս մի քանի այլ տուն-թանգարանների, նույնպես պատկերասրահի մասնաճյուղերից մեկն է։ Դպրոցի հիմնադիրները վարձակալական հիմունքներով եւ համապատասխան պայմանագիր կնքելու նպատակով դիմել են Շահեն Խաչատրյանին (քանի որ պարոն Խաչատրյանը նախկինից նախկին մշակույթի նախարար Հակոբ Մովսեսի հետ համաձայնության էին եկել, որ այդ թանգարանների տարածքների հետ կապված վարձակալության եւ պայմանագրային հարցերով պետք է զբաղվի պատկերասրահի տնօրենը, թեեւ իրականում ճիշտ հակառակը պետք է լիներ), որն էլ տարբեր (կառավարության փոփոխումներ, վարձավճար եւ այլն) պատճառաբանություններով 1998 թ. սկզբից մինչեւ օրս որեւէ եզրահանգման չի եկել։ Ընդհակառակը, տարբեր մարդկանց միջոցով զգուշացնում-սպառնում է՝ մինչեւ շաբաթվա այսինչ օրը հավաքվելու եւ տարածքն ազատելու հրահանգով։ Ո՞րն է խնդիրը։

Պարզվում է, որ պայմանագիր կնքելու գործընթացի հետաձգումը սկզբնական շրջանում հատկապես պայմանավորված էր վարձավճարի չափով։ Պայմանագիրը չկնքելու հաջորդ պատճառը դրա ձեւակերպումն էր. երկու կողմերն էլ չեն կարողացել պայմանագրի ձեւակերպման շուրջ որեւէ համաձայնության գալ։ Եվ երկուշաբթի օրը դարձյալ հայտարարված էր հավաքվելու եւ տարածքն ազատելու օր։ Երկհարկանի շինության մեջ, մի տանիքի տակ են տեղակայված քանդակագործ Արա Սարգսյանի (առաջին հարկում) եւ նկարիչ Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանները։ Երկաթե ձողերով դարպասներից ներս մտա, կարծես հեռավոր, դժվարահաս, անճամփա մի գյուղի անկյունում անցյալ դարերում կառուցված հուշարձան լիներ։ Ու թեեւ նույն բակի բնակելի շենքում ապրող երեխաները խաղում-աղմկում էին, թանգարանի տարածքում անդրդվելի, երկարաձգված լռություն էր տիրում։

Քիչ հեռու գտնվող Սուրբ Զորավոր եկեղեցու ներսում եւ բակում ավելի շատ մարդիկ կային։ Թանգարանի լքվածությունն ու տիրող լռությունն այնքան բնական ու ծանր էր, որ զարմացրեց անգամ առաջին հարկում մի աշխատակցուհու հայտնվելը։ Երկրորդ հարկում, Հակոբ Կոջոյանի կողպված արվեստանոցի կողքի երկու սենյակներում, սակայն, ուսանողների մի մեծ խումբ Բոլտանսկու ստեղծագործությունների մասին պատմող տեսաֆիլմն էր դիտում եւ քննարկում։

Դպրոցում դասավանդվում են նախնադարի արվեստից մինչեւ 20-րդ դարի ժամանակակից արվեստ, երաժշտություն, անգլերեն եւ ֆրանսերեն։ Դպրոցն ունի 60-ից ավելի հրաշալի տեսանյութեր, ձայներիզներ, օպերային ներկայացումների տասնյակ տեսաֆիլմեր, որոնք ցուցադրվում են դասընթացների եւ քննարկումների հետ միաժամանակ։ Դասավանդում են հնագիտության, արվեստի ինստիտուտների, գեղարվեստի ուսումնարանի, Մատենադարանի լավագույն մասնագետներ (Էլլա Զաքարյան, Զավեն Վարդանյան, Վիգեն Թադեւոսյան, Արթուր Ասոյան, Ինգա Կուրցենս, Իրա Բաղդամյան, Արտակ Հովսեփյան, Հայկ Հակոբյան, Սիմոն Հմայակյան, Աշոտ Փիլիպոսյան, Ռուբեն Վարդանյան…)՝ յուրաքանչյուրը որոշակի ժամանակաշրջանի մասնագիտացմամբ։ Արվեստի դպրոց (անվճար ուսուցմամբ) գալիս են բուհերի ուսանողներ, ուսուցիչներ եւ անգամ բազմաթիվ նկարիչներ՝ հարուստ տեսանյութերը տեսնելու ցանկությամբ։ Երկու փոքրիկ սենյակում գործող այս դպրոցը, որի մասին շատերը չգիտեն, երեք տարվա ընթացքում 200-ից ավելի ուսանող է տվել։ Եվ ահա այս դպրոցը, որը շունչ եւ շարժում է բերել թանգարանին, անհանգստացնում է շատերին՝ չվայելելով տեղական իշխանությունների մտահոգությունը։

-Ամբողջ աշխարհում թանգարանները պահեստներ չեն, այլ ինստիտուտներ են, որտեղ ուսանողներ են գնում եւ մասնագետներն արվեստի թեմաներով դասեր են անցկացնում,- ասում է արվեստագետ Վիգեն Թադեւոսյանը։

-Մեզ մոտ թանգարանը պահեստի է նման, իսկ ցանկացած պահեստ մեռած մի տարածություն է։ Դպրոցի հանդեպ անբարեկիրթ վերաբերմունքն այսօր հասել է ծայրահեղ դրսեւորումների։ Հաշվի չեն առնվում, թե ինչպիսի մասնագետներ են դասավանդում եւ որքան ուսանողներ են հաճախում, անվճար սովորում։ Նման դպրոցը պետք է օրինակ ծառայեր եւ այդպիսով մենք կունենայինք նման այլ դպրոցների ներկայություն։ Արվեստի աշխարհում գոյություն ունի մի դպրոց եւ հենց արվեստի որոշ աշխատողների կողմից հանդիպում է դիմադրության, եւ ջանքեր են գործադրվում՝ այն լիկվիդացնել։ Անհնար է նման բան թույլ տալ, այլապես դա կնշանակի անտառի, վայրի բարքեր կամ բարքերի կենդանացում։ Դպրոցի ոգեւորության, ստեղծագործության զգացումը փոխարինվում է մտահոգություններով եւ տհաճ մթնոլորտով։ Ուսանողներն անհանգստացնող հարցեր են տալիս։

Մենք նրանց ուզում ենք ասել, որ արվեստը կյանքի, հասարակության կառուցման պատուհան է, որովհետեւ այստեղ մենք արվեստի պատմություն չենք դասավանդում, այլ մեր խնդիրն է արվեստի միջոցով կյանքին, հասարակությանը նայել որպես ստեղծագործություն։ Ուզում ենք, որ արվեստը թանգարանային ասպեկտով չընկալվի, այլ ընկալվի որպես կյանքի ոչ թե անբաժանելի, այլ էական մաս, պատկեր։ Մեր դպրոցի պատին փակցված է գերմանացի մեծ նկարիչ Բոյսի «Սոցիալական մարմինն արվեստի գործ է, իսկ ամեն մարդ արվեստագետ է» արտահայտությունը, որը որպես ուղեցույց իրականացնում ենք մեր գործունեության մեջ։ Դպրոցը գործել է նաեւ ձմռան ամիսներին՝ ջեռուցման պայմաններ ստեղծելով եւ ժամանակին մուծումներ կատարելով։

Գոյություն ունի նման մի դպրոց, որը մեզանում նորություն է եւ սովորական արվեստի դասավանդման ավանդույթների հետ որեւէ առնչություն չունի։ Նման դպրոց գոյություն չուներ ոչ միայն մեզանում, այլ մեզ հայտնի բարեկեցիկ շատ երկրներում։ Դպրոցը վերջերս հարցաթերթիկ է ստացել Փարիզից, որով հետաքրքրվում են նման դպրոցների ստեղծման, կազմակերպման եւ ընթացիկ աշխատանքների սկզբունքներով։ Դպրոցի ուսուցչական կազմը կապեր է հաստատել Ֆրանսիայի Գեղեցիկ արվեստների բարձրագույն դպրոցի հետ, որը հաճախ դպրոցին գրականություն եւ տեսաֆիլմեր է նվիրում։ Չգործող, կողպված, լքված մի տարածք, որը արվեստագետների տուն-թանգարան է, արվեստի միջոցով կարողացավ շնչել, իսկ շատերն էլ արվեստի անունից խոսելով, փորձում են խանգարել ու խոչընդոտել, փողոց նետել։ Շատերին էլ այս հարցը գուցե մանրուք թվա՝ ուրիշ, ավելի «գլոբալ» հարցերի կողքին…

Թանգարանից դուրս եկող ճանապարհներից մեկով հեռացա. Սարյան փողոցն էր։ Մի քանի քայլ հեռավորության վրա նկատելի դարձավ Մ. Սարյանի տուն-թանգարանի ապակեպատ՝ հավերժական «սառած», բաց, լայն աչքերով պրոֆիլը։ Իսկ ավելի մոտիկից արդեն երեւացին փողոցի անցուդարձը դիտելու ձգված ծառերն ու կողպեքով գամված երկաթյա դռները՝ ճիշտ նույն ձեւով, ինչպես 10 եւ ավելի տարիներ առաջ։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930