ԼՂՀ ներիշխանական ճգնաժամին Հայաստանի ղեկավարության անմասն չլինելու մասին պնդել էին Բաբկեն Արարքցյանը եւ ԼՂՀ ԱԺ հանձնաժողովի նախագահ Մուրադ Պետրոսյանը։ Վերջինս նաեւ նշել էր, թե «Հայաստանի ղեկավարության կողմից անցկացվող խաղերի նպատակն է թուլացնել եւ ապա բացառել ԼՂՀ ղեկավարության ազդեցությունը ՀՀ արտաքին քաղաքականության վրա»։ «Առավոտի» թղթակիցը խնդրեց նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեկնաբանել այս հայտարարությունները. «Իսկ ո՞վ է Մուրադ Պետրոսյանը։ Ես կառաջարկեի իրեն հրավիրել եւ մի հանդիպում կազմակերպել, որտեղ կքննարկեիք նման հարցեր։ Ուղղակի շատ հետաքրքիր կլիներ նման հանդիպումը։ Որ կանչեք՝ կհասկանաք, թե ինչու եմ այդպես ասում եւ շատ բաներ ձեզ համար ուղղակի ավելի պարզ կլինեն»։
«Двоюродный брат»
Տարբեր աղբյուրների միջոցով ճշտեցինք, որ Ռուսաստանի անվտանգության ծառայությունը ձերբակալել էր վարչապետ Արմեն Դարբինյանի ոչ հարազատ եղբորը, այլ հորեղբոր տղային։ Լեւոն Դարբինյանը նախկինում էլ է Մոսկվայում ձերբակալվել հանցավոր ազդեցիկ խմբերից մեկի կազմում դրամաշորթությամբ (ռեկետով) զբաղվելու համար եւ այժմ էլ Լուբյանկայում է։ Միաժամանակ նշենք, որ «Առավոտը» բոլորովին այն համոզումը չունի, թե վարչապետը որեւէ պատասխանատվություն է կրում իր ազգականների գործողությունների համար։
ՆՈՐԻՑ՝ ԿՈՆՅԱԿԸ, ՆՈՐԻՑ՝ ԱՐՏԱՀԵՐԹ
Կարդացեք նաև
Համարելով, որ սխալ քվեարկություն է կատարվել կոնյակի հարցով հունիս 9-ին գումարված ԱԺ արտահերթ նիստի ժամանակ, նոր ստորագրություններ են հավաքվում նույն խնդրով ԱԺ նոր արտահերթ նիստ գումարելու համար։ Ըստ «Հայրենիք» խմբակցության անդամ Պետրոս Մակեյանի, արդեն հավաքվել է 50 ստորագրություն: Ստորագրահավաքին ակտիվորեն մասնակցում են «Հայրենիք», «Հանրապետություն», ԱԺՄ, Կոմկուս, ԻՄ խմբակցությունները: Առավել կրավորական դիրք են այս խնդրում գրավել «Բարեփոխումներն» ու «Երկրապահը»: