Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԱՌԻԹ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՔՆՆԱԴԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հունիս 18,1998 23:38

Նախագահ Ռոբերտ Քոչարյանն արագ անցնում էր «Արմենմոտորի» արտադրամասերով, բանվորներին բարեւում, արտադրանքը նայում, որ շարժիչներից ու գեներատորներից բացի նաեւ խաղալիք ձեռնաշղթաներ ու ատամփորիչներ էին։ Բավական ժամանակ էլ տնօրենի առանձնասենյակում անցկացնելուց հետո միայն նախագահը պատասխանեց լրագրողների հարցերին։

Ընտրական օրենսգրքի առնչությամբ

«Առավոտի» հարցն էր, թե «Երկրապահ» պատգամավորական խմբի հետ հանդիպման ժամանակ ինքն իրոք հավանություն տվե՞լ է մեծամասնական ընտրահամակարգին, ինչպես ներկայացնում է խմբի ղեկավար Սմբատ Այվազյանը։ Եվ այդ աջակցությունից թեւավորված լինելու պատճառո՞վ նաեւ երկրապահները վիժեցրին առկա տարբերակները, որոնց մեջ առավելություն էր տրված համամասնական սկզբունքին։ Ռոբերտ Քոչարյանն ասաց, թե չի ցանկանում այժմ այդ սկզբունքների մասին խոսել. «Երեւի ամենից կարեւորն է, որ իսկապես լավ ընտրություններ կազմակերպվեն։ Ես երկրապահների հետ հանդիպման ժամանակ նաեւ ասել էի, թե ճիշտ կլինի, որ ոչ թե ԱԺ-ի ամբիոնից վիճեին իրար հետ տվյալ հարցի վերաբերյալ, այլ փորձեին ազդեցություն ունեցող կուսակցությունների ղեկավարների հետ նաեւ քննարկումների ընթացքում փոխհամաձայնեցված որեւէ տարբերակ ընտրել։ Այսինքն, նման հատուկ հավանություն տալ-չտալու հարց չի եղել։ Բայց ես կարծում եմ, որ երկիրն այսօր պատրաստ չէ ամբողջովին մեծամասնական տարբերակին գնալ։ Կարելի էր միջանկյալ մի տարբերակ գտնել, պայմանավորվել այնպիսի թվերի շուրջ, որոնք մեր երկրի այսօրվա քաղաքական կյանքին եւ կուսակցությունների զարգացմանը համապատասխան կլինեին»։

ԼՂՀ ներիշխանական ճգնաժամի առնչությամբ

«Ղարաբաղում ասում են, որ ճգնաժամը հաղթահարված է։ Ես չեմ ուզում շտապել եւ հիմա որեւէ եզրակացություն անել։ Ես, իհարկե, շատ ուրախ կլինեի, եթե այդ ճգնաժամը վերջնականապես հաղթահարված լիներ, բայց հիմա դժվարանում եմ գնահատել»,և ասաց Ռոբերտ Քոչարյանը։ Իսկ ճգնաժամի պատճառները չմանրամասնելով՝ նշեց. «Հավանաբար, չբավարարված հավակնություններն էին։ Չեմ կարծում, որ շատ խորը եւ առարկայական հիմքեր կային նման ճգնաժամի համար»։

Կոնյակի գործարանի սեփականաշնորհման առնչությամբ

Հարցուպատասխանի առավել զգալի հատվածը, բնականաբար, արդեն իսկ կայացած վաճառքին էր վերաբերում։ Ռոբերտ Քոչարյանն, ինչպես միշտ, դրվատանքի խոսքեր ասաց այս գործարքի մասին, այն լավագույններից մեկն անվանեց, տնտեսական մանրամասներ ներկայացրեց։ Իսկ վաճառքի շուրջ աղմուկի պատճառների վերաբերյալ «ՀՀ»-ի թղթակցի հարցին այսպես արձագանքեց. «Ես հասկանում եմ, որ դա նախ ինչ-որ տեղ զգայական ընկալման խնդիր է, բայց մենք պիտի հաղթահարենք նման զգացումները։ Կապիտալն այսօր ոչ մի տեղ սահմաններ չունի։ Եվ եթե փորձենք Հայաստանի համար հատուկ կարգավիճակներ ստեղծել՝ մենք ուղղակի համաշխարհային տնտեսական գործընթացներից եւ զարգացումներից դուրս կմնանք։ Դրանց դեմ գնալը կնշանակի, որ Հայաստանը կմնա հետամնաց, առանց արդյունաբերության եւ քարանձավային ինչևոր մակարդակի վրա։

Բայց սա, իհարկե, լավ առիթ է կառավարությանն ու նախագահին քննադատելու համար՝ օգտագործելով զգայական այդ համապատասխան ֆոնը։ Սա էլ է ինձ համար հասկանալի՝ վերջիվերջո, ընդդիմություն կա, ուժեր, որոնք շատ բնականորեն ձգտում են իշխանության եւ պետք է այս առիթն օգտագործեին։ Հանգիստ եմ նայում այս ամենին։ Կարեւորն այն է, որ մեկ տարուց հետո այս գործարքին այժմ խանգարողները, համոզված եմ, ուղղակի ամաչելու են այդ մասին խոսել, քանզի արդյունքները լրիվ այլ են լինելու»։

Սակայն նախկին նախագահի տնտեսական հարցերով խորհրդական Վահագն Խաչատրյանը դեռ նախորդ իշխանությունների օրոք էր փորձել կոնյակի գործարանը սեփականաշնորհման ցանկից հանել եւ միշտ պնդում էր, որ այն ժամանակ դեռ վարչապետ Ռոբերտ Քոչարյանն իրեն համոզելով՝ հրաժարվել այդ նախաձեռնությունից, վստահեցրել էր, թե առնվազն 50 մլն դոլարով կվաճառեն։ Այժմ փորձեցինք այս պնդումների իսկությունը պարզել։ «Ես իրոք մեկ տարի վարչապետ էի, բայց ծանոթ չեմ եղել Վահագն Խաչատրյանի խորհուրդներից որեւէ մեկի հետ։ Առաջին անգամ Ձեզնից եմ լսում, որ նա տնտեսական հարցերով խորհրդական էր։ Եվ որեւէ մեկին չեմ համոզել նախաձեռնությունը հանելու վերաբերյալ եւ նման քայլեր չեմ ձեռնարկել»,- այս էր Ռոբերտ Քոչարյանի պատասխանը։

Ավելի ուշ Վահագն Խաչատրյանին փոխանցեցինք, որ նախագահը ժխտում է, թե ինքը կոնյակի գործարանն ավելի թանկ վաճառելու խոստումներ էր տվել. «Ցավում եմ, որ նա չի հիշում իմ եւ իր միջեւ տեղի ունեցած այդ խոսակցությունը։ Այն տեղի էր ունեցել անցած տարվա սեպտեմբերին, երբ ես որոշել էի օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ կոնյակի գործարանը սեփականաշնորհման ցանկից հանելու վերաբերյալ։ Ռոբերտ Քոչարյանը միաժամանակ նշել էր, թե ամեն ինչ կանի «ձեռնարկությունը լավ պայմաններով վաճառելու համար»,- վերահաստատեց Վահագն Խաչատրյանը։

Վերջում նշենք, որ Ռոբերտ Քոչարյանին հարցրել էինք նաեւ, թե արդյոք ինքը բավարա՞ր է համարում այն գինը, որով վաճառվեց կոնյակի գործարանը. «Գնի մասին մի քիչ հեքիաթներ են պատմում՝ ինչ գնով էր կարելի ծախել»,և նախ նշեց նախագահը։ (Հիշեցնենք, որ գործարանը 450 մլն դոլարով վաճառելու մասին նաեւ իր ելույթում պնդել էր ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը)։ «Գինն իրոք լավն է, եթե նաեւ հաշվի առնենք, որ մենք լուրջ սահմանափակումներ ենք դրել գնորդի համար։ Շատ տրամաբանական է, որ ինչքան սահմանափակումները շատ են՝ այնքան գինն, իհարկե, իջնում է։ Եթե սահմանափակումները հանեինք՝ գինն այլ կլիներ։ Բայց այդ դեպքում մենք իսկապես կկորցնեինք հայկական կոնյակի գաղափարն այս գործարքի մեջ,- ասաց Ռոբերտ Քոչարյանը, – հիմա կոնյակը մնում է հայկական։ Սա մեր ձեռնարկությունն է Հայաստանում։ Իսկ սեփականատերն, այո, ֆրանսիացիներն են»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930