Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊԱՏՃԱՌԱՀԵՏԵՎԱՆՔԱՅԻՆ ՎԱԽ

Հունիս 18,1998 14:23
Vasak Darbinyan

«Կան իշխանության ներկայացուցիչներ եւ այստեղ, եւ Հայաստանում, ովքեր փորձում են դիկտատորի կերպար հորինել… Պատճառն այն է, որ վախենում են ինձանից։ Վախենում են մի մարդուց, որը չի վախենում իր կարծիքը հայտնելուց ցանկացած տեղ»։

ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆ ԼՂՀ պաշտպանության նախարար, «ՀՀ», 6 հունիսի

Անհասկանալի է, թե վախենալու իրական բաները թողած՝ իշխանության ներկայացուցիչներն ինչու են վախենում Սամվել Բաբայանից։
Բայց раз որ վախենում են՝ հասկանալ կարելի է դիկտատորի կերպար հորինելու նրանց փորձերը։ Այդ կերպ երեւի ուզում են հաղթահարել իրենց վախը։

ՊԵՏԱԿԱՆ ՍՏՎԵՐԱՅԻՆ ՄԱՄՈՒԼ

«Ազատ մամուլը մշտապես «ձեռքը մեկնում» է դեպի «նեգատիվն» ու չարվածը, ակտիվ լրագրողներն էլ զբաղված են «պրոբլեմատիկ» խնդիրներով, իսկ արվածը ոչ մեկի կողմից չի՛ նկատվում եւ մնում է ստվերում։ Կարծում եմ՝ պետլրատվամիջոցների խնդիրներից մեկն էլ արվածը տեսնելն է»։

ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆ ԱԺ «Երկրապահ» պատգամավորական խմբի նախագահ, «ՀՀ», 17 հունիսի

Պարոն Այվազյանի դիտողությունը խթան կհանդիսանա Հայաստանում ազատ մամուլին այլընտրանք ստվերային մամուլի ձեւավորմանը։ Այս գործն, ըստ էության, կստանձնեն պետլրատվամիջոցները։
Ստվերային մամուլի ներկայացուցիչները, ի տարբերություն ազատ մամուլի իրենց գործընկերների, բացառապես ման կգան ստվերում եւ կգտնեն ու կփառաբանեն անհասկանալի պատճառներով ստվերում մնացած, անզեն աչքով անտեսանելի մեծագործությունները։

ԻՆՏՈՒԻՑԻԱ

«Արդյոք սա (կոնյակի գործարանի վաճառքը- Վ. Դ.) նախագահի ցանկությամբ է։ Համոզված եմ, որ փաթաթված է իր վզին, պարտադրված, նախկինի շարունակությունը։ Չեմ հասկանում, թե ինչու պիտի այսպես լիներ»։

ԱԼՎԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ Արձակագիր, ՀՕՄ ատենապետուհի, «Այժմ», թիվ 22

«Առավոտի» մի աշխատակից իրեն հատուկ ցինիզմով արձանագրեց, որ Գուգարքի ճամբարը ՀՕՄ-ին վաճառելը եւս Լեւոն Տեր-Պետրոսյանն է պարտադրել Ռոբերտ Քոչարյանին, թեեւ հասկանալի չէ, թե ինչու։

ԹԱՍԻԲԻ ԿԸՆԿՆԻ՞ ԱԺ-Ն, ԹԵ՞ ՈՉ

«Վաղն էլ, եթե իրենք (ԱԺ-ն -Վ. Դ.) որոշեն, որ Արամ Ասատրյանը շատ մեծ երգիչ է՝ ես պարտավոր եմ այդպե՞ս գրել»։

ԼԻԶԱ ՃԱՂԱՐՅԱՆ «ՀՀ» թերթի գլխավոր խմբագիր, «Առավոտ», 17 հունիսի

ԱԺ-ում աշխուժորեն քննարկվում է առաջիկայում արտահերթ նիստ հրավիրելու հնարավորությունը։ Նիստի օրակարգ կմտնի օրենքի նախագիծ « Արամ Ասատրյանին մեծ երգիչ ճանաչելու մասին»։
«Էդ օրենքն ընդունենք՝ տեսնենք ո՞նց չես տպում»,և չարախնդում են ԱԺ-ականները։

ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930