Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՍ ՓՈՂ ՉՈՒՆԵՄ, ԲԱՅՑ ԵՍ ՀՈՒՄՔ ԵՄ…»

Հունիս 17,1998 00:00
paxstakan

«Մենք դեգրադանտներ ենք, թույլ տվեք գնանք այստեղից, որ առանց ստորացման ապրենք»,- բղավեց փախստական, մասնագիտությամբ հոգեբան Ստելլա Ղուկասովան, հունիսի 11-ին Պատանդների պաշտպանության ֆոնդում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Պատանդների պաշտպանության ֆոնդը ղեկավարում է Լարիսա Ալավերդյանը։ Երեւանում այս կազմակերպությունը փախստականներով զբաղվող մի քանի կազմակերպություններից է եւ ունի իրական ու կոնկրետ գործեր, սակայն, ըստ երեւույթին, այն եւս ընտրեց սեմինարային ուղղությունը։ Այս համախտանիշն ընդգծվեց հենց առաջին խոսքից։ Հանդիպումն ուներ լրջագույն անվանում. «Օրենսդրական հարցեր եւ փախստականների գործնական պաշտպանվածություն»։

Նախապես ասեմ, որ, ինչ վերաբերում է գործնական որեւէ օգնության, օրվա միակ գործնական քայլը թխվածքն ու կեռասն էր, որից ֆոնդում փախստականներն, ի թիվս այլոց, կարողացան օգտվել։ Գործնական որեւէ այլ բան չկար։ Թեեւ տիկին Ալավերդյանը հրավիրել էր ներկայացուցիչներ ՄԱԿ-ից, Կարմիր խաչից, այլ կազմակերպություններից ու Ազգային ժողովից, սակայն անհասկանալի զուգադիպությամբ բոլոր ներկաները հայտարարեցին, թե իրավասու չեն պատասխանել բարձրացվող հարցերին։ ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձրագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ պրն Էդուարդոն, որին ֆոնդում ընդգծված սիրալիրությամբ էին ընդունում, սեմինարին հետեւում էր հանած կոշիկներով, բնականոն անտարբերությամբ եւ իր խոսքում կարողացավ ասել միայն հետեւյալը. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել Լարիսա Ալավերդյանին, որովհետեւ շատ էֆեկտիվ է կազմակերպել այս հանդիպումը, բայց ես, կարծում եմ, այն աշխատակիցը չեմ, որ կարող է զբաղվել բնակատեղերի հարցով։ Ես ընդամենը անքաղաքավարի իրավաբան եմ»։ Կարմիր խաչի ներկայացուցչի շնորհակալական խոսքից. «Կարելի էր հրավիրել ավելի կոմպետենտ մարդու»։

Հրավիրված էր նաեւ փախստականների վարչության իրավաբանական բաժնի պետ Աշոտ Հարությունյանը, որի հանդեպ փախստականներն ընդգծված անբարյացկամ էին։ Նրանցից պաշտպանվելու միակ ձեւը հնարավորին չափ անտարբեր տեսք ընդունելն էր, որը, խոստովանեմ, հաջողվել էր պրն Հարությունյանին: Հանդիպման ժամանակ հնչած մյուս գործնական առաջարկը վերաբերում էր փախստականների վարչությանը դատի տալուն, ինչն ընդունվեց շատ լուրջ։ Հետեւելով փախստականների հոգեբանության եւ տրամադրությունների փոփոխությանը՝ կարելի է սպասել այս խավի շատ կտրուկ քայլերին։ Հավանաբար, շատ շուտ Երեւանում կսկսվի փախստականների բողոքի շարժում։ Մի ժամանակ, իշխանության որեւէ ներկայացուցչի փախստականները հակված էին անմիջապես շահելու եւ արժանանալու նրանց «գորովանքին»։ Տեղի է ունեցել կտրուկ փոփոխություն. փախստականները Երեւանի ամենադժգոհ եւ բողոքի անկառավարելի ձեւերի պատրաստ խավն են։

Հանդիպմանը հրավիրված ԱԺ պատգամավոր Ջեմմա Անանյանը զգաց այդ փոփոխությունը։ Անզգուշորեն թույլ տալով «անտիրական» բառը փախստականների հասցեին եւ նրանց առաջարկելով գնալ Լաչին ապրելու՝ Ջ. Անանյանը լսեց իր հասցեին հնարավոր տհաճ բոլոր արտահայտությունները։ Փախստականներն առաջարկեցին տիկին Ջեմմային Երեւանում ապրելու փոխարեն, վերադառնալ Իջեւան եւ վերականգնել սահմանամերձ գյուղերը։ Սակայն տիկին Անանյանը ներկաներից միակն էր, որ խոստացավ կոնկրետ օգնություն։ Ռեժիսոր Էդիկ Բաղդասարյանը տիկին Անանյանին խնդրեց օգնել Արցախի փողոցի հանրակացարանի հաշմանդամ փախստականների համար զուգարանում ունիտազ տեղադրել։ Տիկին Անանյանը խոստացավ։ Կշարունակենք հետեւել խոստումի ընթացքին եւ եթե տիկին Անանյանը կատարի խոստացածը՝ կմտնի փախստականների տարեգրության մեջ։ Հանդիպումից մի քանի օր անց, փախստականների հարցերով մի մեծ պատվիրակություն մեկնում էր Ժնեւ՝ դարձյալ սեմինարի։ Ներկայացնենք պատվիրակության ցանկը՝ առանց մեկնաբանության.

1. Փախստականների եւ բնակչության տեղաշարժի վարչության պետ Մեխակ Գաբրիելյան,

2. ԱԳ նախարարության վարչության պետ Ա. Մելիք-Շահնազարյան,

3. Արգամ Պապյան,

4. Սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Գեւորգ Պողոսյան,

Հետեւյալ հասարակական կազմակերպություններից.

1.Առաքելություն Հայաստան,

2. Սախարովի ֆոնդ,

3. Վերադարձ Հայք,

4. Զինվորի մայր,

5. Մարդու իրավունքների եւ դեմոկրատիայի կենտրոն՝ Վ. Կարմիրշալյան (ըստ փախստականների՝ երբեւէ որեւէ փախստականի չի ցանկացել տեսնել),

6. Պատանդների պաշտպանության ֆոնդ։

Նրանք անպայման կներկայանան մտահոգ դեմքերով, ու միամիտ շվեյցարացիները չեն հասկանա, որ մի մասը «գրանտմենեջերներ» են, մյուսները՝ պետական կոպերֆիլդներ, որոշներն էլ դարի սեմինարագետներ։ Շատ ավելի արդյունավետ կլիներ, եթե, ասենք, Գեւորգ Պողոսյանն իր տեղը զիջեր փախստականներից հոգեբան Ստելլա Ղուկասովային, որն ասում է. «Ես փող չունեմ, բայց ես հումք եմ, որին կարելի է հրաշալի օգտագործել»։

ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930