Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՐԵԱԿԱՆ ՀԱՐՑՆ ՈՒ ՄԵՐ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ

Հունիս 17,1998 00:00
byuje

Անցնող շաբաթվա հիմնական բնութագիրը տալը բարդ չէ։ Անընդհատ տնտեսական հարցեր էին քննարկվում։ Կառավարության տարբեր ներկայացուցիչներ ԱԺ-ում, ԶԼՄ-ներում մեկ կոնյակի գործարանի վաճառքն էին փաստարկում, մեկ 1997թ. բյուջեի կատարողականն էին պատմում։ Ինչպես նախորդ բոլոր դեպքերում, անցած շաբաթ էլ կառավարության ներկայացուցիչներին լսելիս ակամա ցանկություն էր առաջանում տալ նույն հարցը. «պարոնայք, եթե դուք այդքան խելոք եք, ապա ինչո՞ւ է երկիրն այսքան աղքատ»։ Այս հրեական հին հարցի ձեւափոխված տարբերակը կարելի է ուղղել հանրապետության նախկին ու ներկա բոլոր կառավարություններին անխտիր։ Հատկապես, որ նրանք վերջին տարիներին խիստ փոխշաղկապված են հանդես գալիս։ Արդեն երրորդ տարին է՝ բյուջեն գրում է մի կառավարություն, կատարում՝ ուրիշը, իսկ հաշվետվությունը ներկայացնում՝ երրորդը։

Լավ խոսքը բոլորին է դուրեկան

Այսօր Սահմանադրության թերությունների մասին շատ են խոսում։ Սակայն այդ խոսքուզրույցի ընթացքում չի ասվում ամենակարեւորը։ Եթե մենք ուզում ենք հասկանալ մեր իշխանությունների գործունեությունը, երեւի թե Սահմանադրության մեջ որպես նորմ պիտի ամրագրենք. «Իշխանությունները պարտավոր են հասկանալի լինել»։ Քանի դեռ սա օրենսդրական պահանջ չէ, օրինակ, կոնյակի գործարանի մասին հարցին կառավարության անդամները որպես պատասխան կպատմեն ծիրանի կորիզների վարուցանքի մասին։ 1997թ. բյուջեի մասին հաշվետվությունը կազմելիս ՀՀ կառավարությունը աննախադեպ քայլի է գնացել՝ փորձել է հասկանալի լինել։ Նախորդ տարիներին նախորդ բյուջեները ներկայացնելիս, նախորդ կառավարությունները ամեն անգամ նշում էին, թե առաջին անգամ հաշվետվությունը ներկայացվում է միջազգային չափանիշներով։ Այս անգամ նպատակը կարծես ինչ-որ չափանիշներ գտնելն ու դրանց համաձայն հաշվետվություն գրելը չի եղել։ Կառավարությունը գրել է պարզապես հասկանալի հաշվետվություն։ Ավելի ճիշտ՝ հաշվետվություններ, որովհետեւ բյուջեի կատարման երկու հաշվետվություն է ներկայացվել։

Ի՞նչն էր վատ հաշվարկել կառավարությունը

Եվ այսպես հաշվետվությունների մեջ կան տարբերություններ։ Կարելի է ենթադրել, որ այն ոլորտները, որոնց վերաբերյալ շտկումներ են արվել, այնքան էլ սրտամոտ չեն կառավարությանը։ Հենց այդ պատճառով էլ առաջին տարբերակում այդ ոլորտների մասին սխալ թվեր են արձանագրվել։ Նախկին տարբերակում սղաճի փաստացի մակարդակը արձանագրված է 10,4 տոկոս, երկրորդում՝ 9,4։ Մայիսի 1-ին ներկայացված հաշվետվությունում նշվում էր, որ անվանական միջին աշխատավարձը աճել է 31,1 տոկոսով, իսկ հունիսի 5-ի տարբերակում՝ 35,0 տոկոսով։ Որպես մայիսմեկյան նվեր կառավարությունը գտնում էր, որ գործազուրկների 13,9 տոկոսն է նպաստ ստացել 1996թ. 25,6 տոկոսի փոխարեն։ Իսկ հունիսի 5-ին փոխվել են թե՛ անցած, թե՛ նախանցած տարվա ցուցանիշները։ Սրանով ապացուցելով, որ ցանկացած ոլորտի ցուցանիշների նկատմամբ կարելի է ստեղծագործական մոտեցում ցուցաբերել եւ դրանք փոփոխել անգամ տարիների կտրվածքով։ Սկզբում կառավարությունը կարծում էր, թե սղաճի 7,5 տոկոսն է պայմանավորված էլեկտրաէներգիայի, խմելու ջրի, բնակարանային վարձի, էլեկտրատրանսպորտի, հացի գնի թանկացումով։ Հետո վերահաշվարկել է, թե 9,7 տոկոսն է դրանցով պայմանավորված։

Այն, որ մեր կառավարության սիրտը գյուղատնտեսության վրա տաք չէ, գիտենք դեռեւս հողի սեփականաշնորհման շրջանից։ Ուստի առաջին տարբերակում նշվում էր, որ «գյուղատնտեսությունում գրանցվել է 4,2 տոկոս անկում»։ Հետո երեւի մի կերպ համաձայնվել են հայտարարելու փոխարեն հաշվել։ Ուսումնասիրել են գյուղատնտեսության ցուցանիշները եւ երկրորդ տարբերակում նշել, որ «գյուղատնտեսությունում գրանցվել է 3,9 տոկոս անկում»։

Սոցիալական ոլորտում իր գործունեությունը կառավարությունն այսպես է բնութագրել. «Հաջողվել է օրենքով պաշտպանված եւ սոցիալական բնույթի ծախսատեսակների ֆինանսավորումն իրականացնել ողջ ծավալով եւ առանց բյուջետային պարտքերի կուտակման»։ Հետո զգացել են, որ շատ միանշանակ ու պատասխանատու հայտարարություն են անում։ Ցանկացած մեկը, առանց լուրջ ջանքերի, չվճարված պարտքի օրինակներ կգտնի։ Հենց նույն հաշվետվության մեջ նշվում է, որ թոշակները վճարվել են 91 տոկոսով, նպաստները՝ 88 եւ բազում այլ նման օրինակներ։ Ուստի շտապել են խմբագրել նախնական տեքստը՝ նշելով, որ ֆինանսավորումն իրականացրել են «առանց բյուջետային պարտքերի էական կուտակման»։

Կատարելը պարտք է, գերակատարելը՝ պատիվ

Սույն իմաստով պատվավոր կառավարություն ունենք։ Այսինքն՝ կիսապատվավոր։ Բյուջեի եկամուտների հատվածն է միայն գերակատարված (7 տոկոսով)։ Իսկ ծախսերի հատվածը թերակատարված է (3,3 տոկոսով)։ Մուտքերում գերակատարման դափնին «Ոչ հարկային եկամուտներ» մասի «այլ ոչ հարկային եկամուտներ» տողին է պատկանում։ Այն կատարվել է 270 տոկոսով։ Հաջողվել է նաեւ 60 տոկոսի չափով ավելի գումար կորզել հյուպատոսական ծառայությունների դիմաց, 68 տոկոս ակցիզային հարկ՝ բենզինի ներմուծումի դիմաց։ Երբ հարկային համակարգ մտցվեց հաստատագրված վճարների մեթոդը, նշվում էր, որ այն ստիպողական քայլ է։ Հարկահավաքման համակարգը դեռեւս բավարար ձեւավորված չէ, ուստի կկիրառվի հաստատագրված հարկերի մեթոդը։ Արդյունքում պարզվում է, որ ավելացած արժեքի հարկի հաստատագրված ձեւով վճարները թերակատարվել են 27 տոկոսով, շահութահարկինը՝ 26 տոկոսով, եկամտահարկինը՝ 31 տոկոսով։

Սրանից կարելի է ենթադրել, որ կամ հաստատագրված վճարները խիստ բարձր են եւ դրանց պատճառով տնտեսավարող մանր սուբյեկտները տարվա ընթացքում դադարեցրել են իրենց գործունեությունը, կամ էլ հաստատագրված վճարների ծավալը բյուջեն կազմելիս առնվազն քառորդ չափով շատ են հաշվարկվել։ Բյուջեի եկամուտների հատվածում ռեկորդային ցածր կատարողական ցուցանիշ կա։ Եկամուտներ բաժնետիրական ընկերություններում ՀՀ կառավարության բաժնետոմսերի շահաբաժնից ստացված մասը կատարվել է 0,1 տոկոսով։ Սա զարմանալի չէ, մեր կառավարությունը միշտ էլ չի թաքցրել, որ չի սիրում տնտեսավարել, կողմնորոշվել, որ ձեռնարկության բաժնետոմսերը ձեռք բերել՝ շահույթ ապահովելով պետբյուջեի համար։ Մեր կառավարությունը պարզապես գերադասում է կառավարել։ Ինչպես նաեւ վիրավորել։

Վիրավորական է, ազնիվ խոսք, վիրավորական է

Հաշվետվության թերություններն արձանագրելիս, Վերահսկիչ պալատը աուդիտի ընդունված բոլոր մեթոդներով փորձել է հակասություններ գտնել։ Ներկայացված են ոչ միայն հաշվետվության ներսում եղած հակասությունները, այլեւ օգտագործվել են կառավարության տարբեր օղակների, պաշտոնատար անձանց հրապարակած տարբեր տվյալներ։ Օրինակ, «ըստ Վիճվարչության տեղեկագրի, ՀՀ հարկային տեսչության կողմից հաշվեգրված պետական եկամուտները 1998թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել են 68786,5 մլն դրամ։ Համաձայն ՀՀ մաքսային համակարգի կողմից գանձված եւ պետական բյուջե փոխանցված հարկերի եւ տուրքերի վերաբերյալ տեղեկանքի («Ազգ» օրաթերթ, 28.01. 98թ., ստորագրված է գլխավոր հաշվապահի կողմից), պետական բյուջե է փոխանցվել 42677,6 մլն դրամ։ Ըստ վերջին երկուսի՝ հարկային եկամուտները կազմել են 111464,1 մլն դրամ, որը հաշվետվությունում ամրագրվածի 108,3 տոկոսն է»։

Թվում էր, թե կառավարությունը կբարեհաճի լրջորեն բացատրել այս հակասությունը։ Մինչդեռ կառավարությունը խիստ բարձրաշխարհիկ մի պատասխան է տվել. «Կառավարության կողմից պաշտոնապես ներկայացված պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ցուցանիշներն «Ազգ» օրաթերթում տպագրված տեղեկանքի հետ համեմատությունը, դրանից բխող եզրակացություններով հանդերձ, մեր կարծիքով, անընդունելի է»։ Մեր կարծիքով էլ։ Լրիվ կարելի է համաձայնել կառավարության հետ։ Եթե ինչ-որ (թեկուզեւ պաշտոնական) հաշվետվություն համեմատվեր «Ազգ» օրաթերթի մեր գործընկերների հոդվածների հետ, ոչ մի կերպ չէինք համաձայնվի կառավարության կարծիքի հետ։ Բայց քանի որ խոսքը ընդամենը պաշտոնատար անձի ստորագրած հրապարակման մասին է, հետեւաբար կառավարությունը իրավունք ունի համեմատությունը անընդունելի համարել։

Ավելին, կառավարությունը կարող էր ավելի խիստ բառեր ընտրել։ Թե չէ էդ պաշտոնյաները լրիվ ձեռից գնացել են, ինչ թիվ ուզում՝ հրապարակում են թերթերում։ Կառավարությունն ինքն անկախ է տնտեսական հաշվետվություն գրում առանց պաշտոնատար մեծ ու փոքր անձանց ներկայացրած թվերի։ Էդ պաշտոնյաներին ժամանակն է յուրացնել ռուսական ասացվածքը՝ «Ես եմ պետը՝ դու ես ոչ խելացին, դու ես պետը՝ ես եմ ոչ խելացին»։ Ի վերջո, բյուջետային հաշվետվությունը ՀՀ վարչապետ Ա.Դարբինյանն ինքն է անձամբ ստորագրում։ Իսկ «Ազգ» օրաթերթի հաշվետվությունը ստորագրել է ինչ-որ մաքսային համակարգի ընդամենը գլխավոր հաշվապահ։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930