Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատախազի երկրորդ գալստյանը սպասելիս

Հունիս 17,1998 00:00
Nver Chakhoyan

Դատախազի երկրորդ գալստյանը սպասելիս «Երեւան» ոսկու տոնավաճառը դարձյալ վերսկսել է աշխատանքը։ ԱԺ պատգամավոր Նվեր Չախոյանը գլխավոր դատախազի միջնորդության առայժմ միակ բարերար ազդեցությամբ այս տոնավաճառը վերադարձրեց Մուրադյան եղբայրներին՝ առանց իր սեփականությունը հանդիսացող սեղանների եւ որոշ գույքի։ Ըստ էության, այս պատմությունը կարող էր թվալ ոչ այլ ինչ, եթե ոչ տնտեսական երկու խմբավորումների միջեւ պայքար։

Կարելի է գուշակել, թե ովքեր են Նվեր Չախոյանի «տանիքը». Հովհաննես Իգիթյանը պատահաբար չմեջբերեց այն խոսքերը, որ Չախոյանին ասել էր Մուրադյան եղբայրներից մեկը. «Իրան ասացի, ախպեր ջան, վլաստը փոխվել ա՝ դու արդեն զգույշ եղիր»։ Իսկ Մուրադյան եղբայրների «տանիք» որպես մի քանի անձանց անուններ են հիշատակվում, որոնց մեջ է նաեւ ռազմական ոստիկանության ղեկավար Վլադիմիր Գասպարյանը։ Իհարկե, այս պնդումներն անհաստատելի են։ Իսկ «Լիլիթ» սրճարանի վերաբերյալ ինքը՝ Նվեր Չախոյանը խորհրդարանում հիշեցրեց, որ դրա սեփականաշնորհման հարցով Գերագույն դատարանը համապատասխան վճիռ է ընդունել։ Այսինքն, այդ մասով էլ հարցերը վաղօրոք լուծվել են։

Ի՞նչ փաստարկներ պիտի վկայակոչի գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը, երբ ԱԺ-ին երկրորդ անգամ միջնորդություն ներկայացնի Նվեր Չախոյանին կալանելու թույլտվություն տալու վերաբերյալ։ Սա խիստ էական է, եթե հալած յուղի տեղ ընդունենք «Հանրապետության» եւ «Երկրապահի» հավաստիացումներն առ այն, որ իրենք բնավ մտադիր չեն հանցագործությունները պարտակել, ուղղակի պետք է դատախազն իրենց ավելի ծանրակշիռ ապացույցներ ներկայացնի։ «Ինձ համար շատ դժվար կլիներ հիմնավոր միջնորդության դեմ ելույթ ունենալ»,- խոստովանեց Բաբկեն Արարքցյանը։ Եվ չնայած մասնագետ իրավաբանների գնահատականով Հենրիկ Խաչատրյանն ասել էր միայն այնքան, ինչքան թույլատրելի էր՝ ԱԺ նախկին նախագահը գնահատեց, թե ըստ էության փաստեր չեն ներկայացվել. եթե իրոք Նվեր Չախոյանը ծեծել էր եղբայրներից մեկին՝ պիտի մեջբերվեր դատաբժշկական համապատասխան եզրակացությունը ծանր մարմնական վնասվածքների մասին, բողոքները եւ վկայությունները։

Բաբկեն Արարքցյանը նաեւ հիշեցրեց, որ միջազգայնորեն ընդունված է, որ մեղադրանքը կարող է հանվել անգամ մի 100 վկայի առկայության դեպքում, եթե արարողակարգը խախտվել է։ Իսկ որ այդպես էլ եղել է, ու նրան ողջ գիշեր 6-րդ վարչությունում աթոռի վրա են պահել՝ «Հանրապետության» ներկայացուցիչներն արդեն իսկ շտապեցին հայտարարել։ Նվեր Չախոյանին մերձ պատգամավորներն այս օրերին շարունակում են փորձել շրջանառության մեջ մտցնել այդ քրեական գործը քաղաքական դրդապատճառների վերագրող վարկածը, թե Չախոյանին Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից առաջ դեռ առաջարկվել էր «Երկրապահին» մաս կազմել, ու նրա մերժումից հետո են ստուգումներ սկսվել։ Ալբերտ Բազեյանն ու Սմբատ Այվազյանը ճեպազրույցում նշել էին, որ եթե նման բան եղել էլ է, ապա միայն ոմանց անհատական նախաձեռնությամբ՝ եւ հաստատ ոչ մի կապ չկա այս պատմությունների հետ։

«Եթե դա իրոք քաղաքական պատվեր եւ իշխանության փոփոխության հետեւանք է՝ բնականաբար, երկրապահները պիտի կողմ քվեարկեին Չախոյանի կալանքի թույլտվությանը»,- նաեւ նշեց Ալբերտ Բազեյանը, պնդելով, որ այստեղ այլ մեխանիզմներ են գործել։ Եվ վերջապես չմոռանանք, որ ԱԺ պատգամավոր Նվեր Չախոյանն ուղղակի կարող է չփորձել քաղաքական ու իրավաբանական փաստարկներ մոգոնել եւ իր գործընկերների լուռ համաձայնությամբ հանրապետության գլխավոր դատախազի դեմքին ուղղակի շպրտել. «Մեկ մարդու ասածը դեռ բավարար չէ։ Եթե այդպես լինի՝ կասեմ, որ Դուք էլ երեկ մեր տունն էիք թալանում: Նռնակ նետողն էլ առաջին հերթին Դուք եք եղել Ձեր քննիչներով հանդերձ։ Այսքանը, շնորհակալություն»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930