Որքան էլ փորձենք դիվանագիտական ձեւակերպումներով մեղմել ՀՀ նոր իշխանությունների որդեգրած արտաքին քաղաքականության սուր կողմերը եւ խնդիրը ներկայացնել այնպես, թե իբր արտառոց ոչինչ տեղի չի ունեցել, այնուհանդերձ, ակնհայտ է, որ մեր արտաքին քաղաքականությունը կտրուկ փոխվել է։Անկախության ձեռքբերումից հետո ակնհայտ էր, որ Հայաստանը պետք է շատ արագ ինտեգրացվի միջազգային հանրությանը։ Դա հեշտ ճանապարհ չէր, բայց միակն էր։ Մենք փորձեցինք գնալ այդ ճանապարհով, բայց, պետք է խոստովանել, առանց լուրջ հաջողությունների։ Ղարաբաղյան խնդրի առկայությունը Հայաստանին հնարավորություն չէր տալիս ո՛չ տնտեսական լուրջ հարաբերություններ սկսել հարեւանների հետ, ո՛չ անդամագրվել միջազգային կազմակերպություններին, ո՛չ զարգացնել տնտեսությունը։ Պարզ ասած, մենք չէինք կարող իսկապես անկախ լինել՝ առանց վտանգելու Ղարաբաղի նվաճումները։
Բայց փորձեր արվում էին։ Այն է՝ սերտ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ, մեծացնել Իրանի հետ ապրանքաշրջանառության ծավալները, տնտեսական կապեր ստեղծել Թուրքիայի հետ եւ փորձել չեզոքացնել վերջինիս ճնշումը ղարաբաղյան խնդրում ¥օգտագործելով հայևիրանական տնտեսական կապերը խզված տեսնելու ԱՄՆ ցանկությունը եւ Թուրքիայի՝ դեպի Միջին Ասիա ծավալվելու ձգտումը¤, եւ, վերջապես, հասնել ղարաբաղյան խնդրի շուտափույթ կարգավորման՝ նվազագույն կորուստներով։
Բայց պրագմատիկ արտաքին քաղաքականությունը շատ արագ բախվեց միանգամայն կանխատեսելի դժվարություններին եւ ջարդուխուրդ եղավ՝ տեղը զիջելով այնպիսի մի քաղաքականության, որով մենք կամավոր ինքներս մեզ դրեցինք ուրիշների ձեռքին խաղալիքի դերում։ Պարզ ասած՝ հանձնվեցինք։
Նախ, զրոյի հավասարվեցին Հայաստանի նախորդ իշխանությունների՝ Թուրքիայի հետ տնտեսական հարաբերություններ հաստատելուն ուղղված բոլոր ջանքերը (1997 թ. երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն ավելացել էր մոտ 5 անգամ), ինչը դեռ երկար ժամանակով կապահովի Հայաստանում ոչ միայն ռուսական ռազմաբազաների, այլեւ պարսկական մակարոնի առկայությունը։ Երկրորդ՝ գործնականում նվազագույնի հասցվեց ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման հնարավորությունը։ Եթե նույնիսկ ԵԱՀԿ-ն ի վերջո ընդունի, որ ճիշտը կարգավորման փաթեթային տարբերակն է (ամենայն հավանականությամբ հենց այդպես էլ կլինի), միեւնույն է՝ հիմնահարցերը մնալու են։
Կարդացեք նաև
Ունենալով արտաքին քաղաքականության երկու ճանապարհ եւ դրանց միջեւ մանեւրելու հնարավորություն, մենք կամովին փակեցինք ճանապարհներից մեկը եւ դրանով իսկ հայտնվեցինք չափազանց աննպաստ վիճակում։ Իրանը կուզի՝ ճանապարհը կբացի, չի ուզի՝ չի բացի (հայ-թուրքական առեւտրի այլընտրանքի «վտանգը» վերացված է)։ Ռուսաստանը կուզի՝ մեզ կպաշտպանի, չի ուզի՝ չի պաշտպանի (Հայաստանի՝ Արեւմուտքին «տրվելու» այլընտրանքի հնարավորությունը վերացված է)։ Մեզանից այլեւս ոչինչ կախված չէ։ Ցեղասպանության ճանաչումը (որով այնքան հպարտանում եւ խանդավառվում ենք) նույնպես փաստորեն կատարվում է անկախ մեզանից։ Կուզեն՝ կճանաչեն, չեն ուզի՝ չեն ճանաչի։ Ճիշտ չեն նաեւ այն պնդումները, որ եթե Հայաստանն ունենար այնքան կոնյակի գործարան, որքան ՄԱԿ-ի անդամ երկրների թիվն է, Ցեղասպանությունը միջազգայնորեն կդատապարտվեր։
Ո՞ւր է տանում այս արտաքին քաղաքականությունը։ Միանշանակ՝ դեպի միջազգային մեկուսացում, կամ, լավագույն դեպքում, դեպի այն ճամբարը, որտեղ մեզ հակված են օգտագործել միայն որպես գլադիատորի։ Կարող է գալ մի պահ, երբ միջազգային հանրությունը բութ մատը ներքեւ կիջեցնի։
ԱՐՄԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ