Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԾՐԱԳՐՎԱԾ ՆԵՐԽՈՒԺՈՒՄ

Հունիս 17,1998 02:01

Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացումից ընդամենը մեկ օր առաջ թիվ 48 մանկապարտեզում անսովոր եռուզեռ էր։ Չկարողանալով զսպել հետաքրքրությունս՝ մտա մանկապարտեզ։ Մթնոլորտը լարված էր, բոլորը խոսում էին, քննարկում եւ հայտնում իրենց տեսակետները։ Մի խոսքով, բոլորը խոսում էին միմյանց հետ՝ առանց իրար լսելու։ Պարզ դարձավ, որ արդեն երկու օր է՝ թիվ 48 գործող պետական մանկապարտեզ է ներխուժել Նազարյանների ընտանիքը։ Սակայն կուզենայի դեպքերը պատմել հերթականությամբ։ Նազարյանների ընտանիքը բաղկացած է հինգ անձից՝ Սերգեյ Վալենտինի Նազարյան, որը, ի դեպ, մասնագիտությամբ դասական ըմբշամարտի մարզիչ է, կինը՝ տիկին Սրբուհին (չի աշխատում), նրա սկեսուրը եւ երկու երեխաները։

Բնակվել են Կոնդ թաղամասում 1989 թվականից, բայց նրանց տունը քանդել են, պայմանով, որ 2-3 տարվա ընթացքում նոր բնակարան հատկացնեն։ Այդ ընթացքում Նազարյաններն ապրել են վարձով, սակայն 2-3 տարին դարձավ չորս, հետո հի՜նգ, վե՜ց… Այսպես ինը տարի շարունակ Նազարյանների ընտանիքն ապրել է վարձով։ Ինձ հետ զրուցելիս վկայեցին, որ դիմել են իշխանություններին, բայց անարդյունք։ Պայմանագրով նրանց պետք է տրվեր քոթեջանման բնակարան, որը մինչեւ օրս չի տրվել։ Տասը օր փողոցում գիշերելով, կոնկրետ որոշում են կայացրել, որ միակ ելքն է մտնել կամ ավելի ճիշտ՝ ներխուժել որեւէ հիմնարկություն, մինչեւ կլուծվի իրենց բնակարանի հարցը։ Եվ ահա այդ հիմնարկությունը եղավ թիվ 48 մսուր-մանկապարտեզը։ Ինչպես նշեց Ս. Նազարյանը՝ ինքը մեկ տարի շարունակ զննել է այս ու շատ այլ մանկապարտեզներ, հիմնարկություններ, հետեւել է՝ հարմար ապաստարան գտնելու նպատակով… Այժմ Նազարյանները դեռ մտադրություն չունեն հեռանալու իրենց նոր օթեւանից։

Իսկ ինչ վերաբերում է մանկապարտեզի տնօրինությանը, ապա հասկանալի է, որ նրանք ջանք չեն խնայում վտարելու անկոչ հյուրերին։
Ամբողջ մանկապարտեզը փաստորեն բլոկադայի մեջ է. առաջին հարկում են գտնվում լվացքատունը, ննջարանը, բուժկետը, սննդի պահեստը եւ այլն։Նազարյանները վստահ են եղել, որ առաջին հարկն ազատ է։ Հարց է առաջանում. թե որտեղի՞ց իրենց այդ սխալ տեղեկությունը։ Եվ հետաքրքիր է՝ ո՞վ է այն «բարերարը», որը նրանց տվել է այդ «ճշգրիտ» տեղեկությունը։ Այս արարքով Նազարյանների ընտանիքը փորձում է ամեն կերպ իշխանությունների ուշադրությունը գոնե մի քիչ սեւեռել իր վրա։ Մանկապարտեզը հոգում է իր երեխաների մասին, իսկ Նազարյանների ընտանիքը ուզում է, որ իրենց փոքրիկները մեծանան որեւէ կտուրի տակ եւ ոչ թե փողոցում։

Ա. Դ.

Հ.Գ. Ըստ մեր տեղեկությունների՝ ընտանիքի հայրը մեկ անգամ արդեն այցելել է ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանին։ Մտադիր է նորից այցելել՝ ակնկալելով որեւէ լուծում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930