Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ»-Ի ԵՎ ԱԺ-Ի ԶԳԱՑՈՒՄՆԵՐԸ ՓՈԽԱԴԱՐՁ ԵՆ

Հունիս 17,1998 01:45
Liza Chaxaryan

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Լիզա Ճաղարյանն անդրադարձավ մի շարք հարցադրումների, որոնք իրեն ներկայացվել էին մեր թերթի երեկվա համարի «ԱԺ-ն դժգո՞հ է պետական լրատվամիջոցներից» հարցազրույցում։

«Թերթը ներկայացնում է միակողմանի դիրքորոշումներ»

ԱԺ նախագահի խորհրդական Վահագն Մկրտչյանի այն դիտողությանը, թե «ՀՀ»-ն խախտել է մամուլի մասին օրենքը՝ սահմանված ժամկետներում չհրապարակելով Տավուշի մարզպետ Պավել Ասատրյանի, բժշկական համալսարանի 3 պրոֆեսորների եւ այլ պատասխանները՝ «Ճիշտն ասած, երբ ինձ գլխավոր խմբագիր էին նշանակում՝ չասացին, որ ես Վահագն Մկրտչյանի առջեւ հաշվետու եմ լինելու»,- նախ անհրաժեշտ համարեց նշել Լիզա Ճաղարյանը։ Այնուամենայնիվ, ասաց, որ 99 տոկոսով տպագրում է բոլոր պատասխանները, եթե անգամ անձնապես իր դեմ են ուղղված։

Իսկ մնացածի վերաբերյալ մանրամասն պատմեց՝ ա) Սունդուկյանի թատրոնի մասին հրապարակումները բնավ միակողմանի չեն եղել եւ «Կտակի» մասին իր հոդվածի կողքին հրապարակվել է դոկտոր Լուիզա Սամվելյանի խիստ դրական կարծիքը։ Մեքենագիր 18-20 էջի սահմաններում հրապարակվել են Սունդուկյանի թատրոնի 4-5 դերասանների տեսակետները։ «Ես բացարձակապես մտադիր չեմ իմ թատերական ճաշակը հարմարեցնել ԱԺ-ի ներկայացուցիչների ճաշակին։ Ես «Կտակը» չեմ հավանել, հիմա էլ չեմ հավանում եւ դրանով ԱԺ-ին հաստատ չեմ վարկաբեկել։ Վաղն էլ, եթե իրենք որոշեն, որ Արամ Ասատրյանը շատ մեծ երգիչ է՝ ես պարտավոր եմ այդպե՞ս գրել։
Հակառակ հարցը կարելի՞ է տալ. ի՞նչ «անձնավորված» խնդիր կարող է ունենալ Լիզա Ճաղարյանը Վահե Շահվերդյանի հետ։ Ես ոչ ռեժիսոր եմ եղել, ոչ դերասան, ոչ էլ Սունդուկյանի թատրոնում աշխատելու ակնկալիքներ եմ ունեցել»։

բ) Պրոֆեսորների նամակը չեն տպագրում, քանզի այն «պրոֆեսորների մակարդակին հարիր նամակ չէ, այլ ծայրից ծայր բամբասանք՝ պրոֆեսոր Անանյանի դեմ։ Ես անձնական վիրավորանքներ պարունակող հոդվածներ տպագրելուց խուսափում եմ։ Եվ հետո Սարգիս Անանյանը նաեւ այդ նամակը ստորագրած պրոֆեսորներից ոչ մեկին դատի չէր տվել, եւ նրանց հետ ոչ մի խնդիր չունի։ Իսկ Վիլեն Հակոբյանին քանիցս հարցազրույց եմ առաջարկել՝ նա հրաժարվում եւ ինձ հետ առանձին հանդիպելու ցանկություն է հայտնում։ Սակայն ես իր հետ առանձին հանդիպելու ցանկություն բացարձակ չունեմ»։

գ) Պավել Ասատրյանի հետ «անձնավորված» խնդիրներ չունի, այլապես կօգտվեր մարզպետի առաջարկած ծառայություններից. «Մինչեւ հիմա անընդհատ լուրեր է ուղարկում, թե իմ բարեկամներին վարկ կտա, 4-5 տարի գործազուրկ քրոջս աշխատանքով կապահովի։ Եվ եթե անձնական խնդիրներ ունենայի՝ պարզապես Պավել Ասատրյանի դեմ հոդվածներ չէի տպի եւ բարեկամներիս հարցերը կլուծեի»։

Մամուլի մասին օրենքը խախտելու եւ մարզպետի պատասխանը ժամանակին չհրապարակելու մեղադրանքին Լիզա Ճաղարյանը պատասխանեց. «ԱԺ-ի նախագահը Պավել Ասատրյանից կարող էր ընդամենը հետաքրքրվել, թե արդյոք «ՀՀ»-ն նախապես հրաժարվե՞լ էր այդ նամակը հրապարակել։ Ինձ համար վիրավորական էր, որ առանց դա պարզելու՝ կից գրությամբ այդ նամակն ուղարկել էին։ Ես չէի մերժի եւ մեծ հաճույքով կտպագրեի այդ նամակը, որովհետեւ Պավել Ասատրյանի «դրական» կերպարն այնտեղ շատ լավ արտացոլված է։ Հետո, խախտե՞լ եմ մամուլի մասին օրենքը՝ թող Պավել Ասատրյանն ինձ դատի տար, մնացածներն էլ։ Բացի այդ, ԱԺ-ի պատգամավորի չենք քննադատել, այլ մարզպետի, որին ԱԺ նախագահը չի նշանակում։ Ինքը, կարծում եմ, կարող է պաշտպանել ԱԺ պատգամավորի պատիվը»։

«Իսկ ինձ նշանակելիս հարցրի՞ք «ՀՀ-ի» խմբագրակազմի կարծիքը»

Ըստ Վահագն Մկրտչյանի` Լիզա Ճաղարյանն այս հարցը պիտի նախ ինքն իրեն տար, մինչեւ «ՌԱ»-ի խմբագրի նույն կերպ նշանակման առնչությամբ պարսավանքի խոսքեր ասելը։ «Տարբերությունը մեկն էր. կոլեկտիվն ըմբոստացել էր։ Իրենք ինչքան պայքարել են՝ այդքան գրել եմ։ Վերջում էլ մի նախադասությամբ, որ այդքան խոցել էր ոմանց, անդրադարձել եմ, թե «կատվի վազքը մինչեւ մարա՞գն էր»։ Իրոք, եթե ընդամենն այդքան պիտի լիներ՝ ուրեմն ընդհանրապես ինչի համար էր այդ աղմուկը»։
Իսկ այն պնդման առնչությամբ, թե Լիզա Ճաղարյանի նշանակումն էլ խմբագրակազմի կողմից միանշանակ չի ընդունվել, հիշեցնենք, որ այն գոնե մամուլում չի արտահայտվել. «Ես դեռ առաջին հանդիպման ժամանակ էի Խոսրով Հարությունյանի հարցին պատասխանելով պարզ ասել, թե խմբագրությունում ինձ սիրողները շատ են սիրում, իսկ չսիրողներն էլ շատ-շատ չեն սիրում։ Եվ ընդհանրապես, ըստ իս, ամենավտանգավոր մարդիկ նրանք են, ում բոլորը սիրում են»։

«Չի կարելի վարկաբեկել ԱԺ-ն»

Պետք է ասել, որ ԱԺ-ի ներկայացման ձեւի առնչությամբ Խոսրով Հարությունյանը դժգոհություններ ունի ոչ միայն պետական, այլեւ առհասարակ բոլոր լրատվամիջոցներից։ Գուցե, այնուամենայնիվ, հարկ էր ոչ թե բոլորին կշտամբել, այլ անդրադառնալ, թե ինչու է այս ԱԺ-ի նկատմամբ նման համերաշխ վերաբերմունք դրսեւորվում։
«Ես երբեք լրագրողներին չեմ հանձնարարում՝ գնացեք, ԱԺ-ն ծաղրեք, եկեք,- պարզաբանեց տիկին Ճաղարյանը,- ինձ թվում է, իրենց համար պիտի նորություն չլիներ, որ մարդիկ ԱԺ-ով հիացած չեն։ Այստեղ կոնկրետ կառույցը չի վարկաբեկվում, ԱԺ-ի պատգամավորներն են իրենք իրենց վարկաբեկում իրենց վատ հայերենով, գզվռտուքով։ Պարոն Հարությունյանին էլ եմ ասել, բա ուզում էին, որ գրենք, թե Սերգո Երիցյանը բնածին երկրապա՞հ է։ Չեմ կարող, ներեցեք»։

«Տարբերակում եւ խտրականություն են դնում օրենսդիր եւ գործադիր մարմինների միջեւ»

Լիզա Ճաղարյանը կտրուկ ժխտեց, թե նման մոտեցում կա։ Պաշտոնական լուրերը տեղաբաշխվում են միայն ըստ կարեւորության։ «Հետո, ԱԺ-ն վերջին շրջանում խիստ ակտիվորեն ասուլիսներ եւ ճեպազրույցներ է անցկացնում՝ տեխնիկապես էլ հնարավոր չէ այդ ամենն առաջին էջում տեղավորել»։
ՀՀ-ի խմբագիրը նաեւ ասաց, որ ոչ նախագահի աշխատակազմից, ոչ էլ կառավարությունից իրենց գանգատներ չեն հասնում, եւ դժգոհությունները միայն ԱԺ-ից են. «Ես սա միայն այսպես կարող եմ մեկնաբանել, որ ԱԺ-ն պատրաստ չէ ազատ թերթ հանդուրժել»։

«ԱԺ-ն որպես հիմնադիր պատասխանատո՞ւ է «ՀՀ»-ի գնահատականների համար»

«Կարող եմ պարզապես արձանագրել, որ «ՀՀ»-ն երբեւէ ընթերցողներից այսքան դրական արձագանքներ չի ստացել։ Եվ եթե մեր թերթից անգամ բողոքում են՝ ուրեմն մեր թերթը թերթ է։ Իսկ ԱԺ-ն ընդհանրապես որպես հիմնադիր երբեւէ իր դերը չի կատարել, եւ «ՀՀ»-ի հետ կապված որեւէ խնդիր չի լուծել»,- Լիզա Ճաղարյանը միայն մի բացառություն նշեց՝ վերջերս Խոսրով Հարությունյանի միջամտությունից հետո «Հայմամուլը» սկսել էր պարտքերը քիչ-քիչ մարել։
«Մատի փաթաթան» դարձած պետբյուջեից հատկացումների մասին էլ «ՀՀ»-ի խմբագիրն ասաց, թե այդ միջոցները 4 ամսվա թղթի եւ տպագրական ծախսերի 1/3-ին են ընդամենը հերիքում. «Այնպես որ, չի կարելի անընդհատ երեսով տալ մի բան, որ երեսով տալու բան չի. մեզ «յուղ ու մեղրի» մեջ չեն պահում, ի վերջո՝ մի կերպ գոյություն ենք քարշ տալիս»։
Եվ, վերջապես, ամենակարեւոր՝ կարգավիճակի խնդրի վերաբերյալ Լիզա Ճաղարյանի դիրքորոշումն էր. «Ես այսպես եմ կարծում, որ եթե պետական թերթ է՝ հավասարապես բոլոր պետական կառույցներինը պիտի լինի։ Ես էլ եմ այն կարծիքին, որ ԱԺ-ն ճիշտ կանի՝ հրաժարվի մեզնից։ Ես դա պարզապես ողջունում եմ։ Կարծում եմ, որ «ՀՀ»-ի «բեռից» ԱԺ-ի ազատվելու ցանկությունը խիստ արդարացված է»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930