Տվեք ինձ 0 դոլար, եւ ես կգնեմ կոնյակի գործարանը
«Ես չգիտեմ, թե կոնյակի գործարանն ինչ արժե։ Կոնյակի գործարանն արժե այնքան, որքանով հնարավոր է վաճառել՝ սա է թելադրում գնագոյացման շուկայական տրամաբանությունը։ Եվ եթե իմ կարծիքն եք ուզում իմանալ՝ կարող եմ ավելին ասել։ Միջազգային ստանդարտ մոտեցումների ցուցաբերման պարագայում կարող եմ ասել, որ կոնյակի գործարանն ուղղակի ոչինչ չարժե, 0 դոլար արժե»։
ԷԴՎԱՐԴ ՍԱՆԴՈՅԱՆ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար, +3
«Առավոտ», 16 հունիսի
Կարդացեք նաև
Վրիպակ չկա. 0-ից առաջ թիվ չի եղել, ուստի պարոն Սանդոյանն այն չէր կարող ուտել։ Ֆինանսների նախարարի ուշադրությանն ենք ներկայացնում հետեւյալ խնդիրը. «Կոնյակի գործարանն արժե 0 դոլար։ «Պեռնո Ռիկարը» այն գնել է 30 մլն դոլարով։ Որքա՞ն կվճարի «Պեռնո Ռիկարը» գործարանի արտադրած 1 շիշ կոնյակին միջազգային ստանդարտ մոտեցումների պարագայում, եթե 1 շիշ կոնյակն արժե 10 դոլար»։
Եթե ֆինանսների նախարարը լուծի այս խնդիրը՝ մեր խմբագրությունը նրան 0 դոլարին համարժեք դրամի մրցանակ կշնորհի։
Հ. Գ. Պրն Սանդոյանին հուշենք, որ ճիշտ պատասխանը ստանալու համար անհրաժեշտ կլինի վերջում քառակուսի արմատ հանել։
«ԲԱՌԵՐ, ԲԱՌԵՐ, ԲԱՌԵՐ…», ԻՍԿ «ՄՆԱՑՈՐԴԸ ԼՌՈՒԹՅՈՒՆ Է…»
«Պատմության մեջ լինում են իրավիճակներ, երբ լռությունն ավելի բազմանշանակ է եւ պերճախոս, քան ունայն բառերը»։
ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀԺԿ վարչության քարտուղար, «Առավոտ», 16 հունիսի
Պարոն Հովհաննիսյանի մատնանշած իրավիճակները, ցավոք, հազվադեպ են։ Որպես կանոն՝ մնացած բոլոր իրավիճակներում հակառակն է. ունայն բառերը ոչ միայն լռությունից, այլեւ նույնիսկ խելացի բառերից են պերճախոս ու բազմանշանակ։
ՌՈՒՄԻՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿ
«Գործընթացը զուգակցվում էր էներգետիկ տեռորով, սովով վախի մթնոլորտ սերմանելով: Բնական է, որ այս ամենը պիտի սքողվեր աշխարհի համար ընկալելի ժողովրդավարական շորերով՝ ընտրություններ, խորհրդարան, սահմանադրություն, մարզպետներ։ Որոնք որեւէ կապ չունեին մեր ժողովրդի կենցաղի եւ աշխարհընկալման հետ»։
ԱԼԲԵՐՏ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՀՀՇ վարչության նախկին փոխնախագահ, «Հայք» թերթի նախկին տնօրեն, «Այժմ», թիվ 21
Տեղին է Ալբերտ Բաղդասարյանի դժգոհությունը. չէ՞ որ տեռորի շատ ավելի ազդեցիկ ձեւեր կան, եւ վախի մթնոլորտը սերմանելու լավագույն տարբերակը բոլորովին էլ սովը չէ։ Ինչ վերաբերում է մեր ժողովրդի կենցաղի եւ աշխարհընկալման վերաբերյալ Ալբերտ Բաղդասարյանի պատկերացումներին՝ ապա մեր ազգային առաջադիմությունը կկայանա միայն բոլոր ընտրությունները չեղյալ հայտարարելուց ու դրանք բացառելուց, մարզպետներին կախելուց, Սահմանադրությունը վառելուց եւ խորհրդարանը պայթեցնելուց հետո միայն։
ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ