Լրահոս
Օրվա լրահոսը

Իրենց կուսակցությունն իրենց ժողովուրդն է

Հունիս 17,1998 23:36

Կարեն Դեմիրճյանը կատարեց իր նախընտրական խոստումը եւ ստեղծեց իր կուսակցությունը, համեստորեն կոչելով այն՝ Հայաստանի ժողովրդական։ Պարզ է՝ իր կուսակցությունը իր ժողովուրդն է։ Եթե ոչ ամբողջը, ապա նրա այն մասը, որը քվեարկեց Դեմիրճյանի օգտին։ Հիմա մենք ունենք արդեն երկու Ժողովրդական կուսակցություն, մեկը՝ Հայաստանի, մյուսը՝ ոչ։ Այդ մյուսը, եթե հիշում եք, ծնվել էր ռամկավարների հերթական պառակտման արդյունքում, եւ ժողովրդի քանակի տեսակետից, բնականաբար, ավելի սակավաթիվ է։ Բայց դրանից, իհարկե, պակաս ժողովրդական չէ։
Սկզբունքորեն, Հայաստանում գրանցված 69 քաղաքական կուսակցություններն էլ կարելի է վերանվանել՝ կոչելով դրանք ժողովրդական։ Չէ՞ որ այդ բոլոր կուսակցությունների առաջնորդները միաբերան հայտարարում են, որ հիմնվում են ամբողջ ժողովրդի վրա եւ ներկայացնում են նրա միասնական շահերը։ Կոմունիստները ժողովրդի կուսակցություն է, դաշնակցությունը՝ նույնպես, դեմոկրատները կամ, ասենք, ԱԺՄ-ականները՝ էլի ժողովրդական են։ Էլ չենք խոսում երկրապահների մասին, որոնք մարմնավորում են ոչ միայն ժողովուրդը, այլեւ, որոշ չափով, իշխանությունը։ Այդ առումով երկրապահական կուսակցությունը կարելի է նույնիսկ համաժողովրդական անվանել։ Եթե մեր բոլոր կուսակցությունները վերագրանցվեն որպես ժողովրդական, ապա իրեն՝ ժողովրդին, ավելի հեշտ կլինի կողմնորոշվել. անդամակցիր որեւէ մեկին, եւ հարցերդ կլուծվեն։ Պետք չի լինի գլուխ ցավացնել, փորձելով հասկանալ նրանց գաղափարախոսական եւ ծրագրային առանձնահատկությունները կամ էլ զարմանալ, թե ինչու են ձախերը հայտնվել աջ դաշինքում, կամ հակառակը։
Հիրավի, մեզանում չկան ո՛չ աջեր, ո՛չ ձախեր, ո՛չ էլ ցենտրիստներ։ Մեր կուսակցությունները չեն հիմնվում որեւէ սոցիալական շերտի վրա եւ բացառապես ժողովրդական են։ Բոլորն էլ ձգտում են համաժողովրդական կարգավիճակի, որին հասնելուց հետո, բնականաբար, դառնալու են հակաժողովրդական, ինչպես որ դա տեղի ունեցավ ՀՀՇ-ի դեպքում։ Քաղաքական բախտը, ինչպես հայտնի է, փոփոխական է։
Եվ վերջապես, եթե բոլոր կուսակցությունները ժողովրդական են, ապա միանգամայն իրավացի են համամասնական ընտրությունների հակառակորդները։ Ինչպե՞ս կարելի է ընտրություն կատարել կուսակցությունների մեջ, երբ նրանցից յուրաքանչյուրի կուսակցությունը ժողովուրդն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930