Արցախի պաշտոնական շրջանակներում վրդովմունքի եւ խորհրդածությունների տեղիք տվեց «Առավոտ» թերթի հունիսի 11-ի համարում Արամ Աբրահամյանի հեղինակությամբ հրատարակված «Հատե տի» թղթակցությունը։ Անդրադառնալով վերջին շաբաթներին Արցախից ստացված լուրերին, հեղինակը (ըստ երեւույթին նաեւ խմբագրության կոլեկտիվը) ոչ այնքան տագնապում էր իր ներքին կայունությունը տեւականորեն պահպանած Ղարաբաղի մասին խոսակցություններից, որքան փորձում էր ձեռքից բաց չթողնել նրա ղեկավար մարմիններին հանրության առջեւ պարսավանքի ենթարկելու շարժառիթը։
– Չանդրադառանալով հրապարակման վիճարկելի կողմերին, կանգ ենք առնում հետեւյալ մեջբերման վրա. «Կամ մեր թշնամիները չգիտե՞ն, օրինակ, որ ղարաբաղյան պաշտոնյաներից եւ պատգամավորներից ոմանք թմրամոլ են»։ Նախ, կպցնելով «թմրամոլներ» պիտակը (թող հաղթահարած լինենք «խոսքը կրկնելու համար լեզուն պատ չգալը»), պրն Ա. Աբրահամյանը փոք-ինչ խորհե՞լ է հանցանշաններ պարունակող այդ զրպարտիչ հայտարարության դիմաց պատասխանատվություն կրելու, Արցախի ժողովրդի կողմից ընտրված պատգամավորների քաղաքական վարկանիշը հասարակական կարծիքի առջեւ ստորացնելու մեղսագործության շուրջ։ Երկրորդ, այդ որտեղի՞ց գիտե հոդվածագիրը, որ այդ մասին գիտեն մեր հակառակորդները։ Պարոնայք, մի՛ փնտրեք չեղած ու չլինելիք «պալատական խարդավանքներ», զգուշացե՛ք հիմնավոր ապացույցներ չներկայացնելու դեպքում անխուսափելի դատական պատասխանատվությունից. ժողովրդի ներկայացուցիչների պատվի եւ արժանապատվության հետ խաղալով, դուք գրում եք ոչ միայն «Առավոտի» պրոֆեսիոնալիզմի «մահախոսականը», այլեւ արժանացնում «Պրավդայի» հետ կապված բոլորիս հայտնի ճակատագրին։ Հիշեք, անձնուրաց հարձակում գործադրում են թշնամու, այլ ոչ թե ժողովրդական պատգամավորների դեմ, առավել եւս, երբ նրանք այդպիսի որակման արժանի չեն։ Հետեւաբար, այս ամենի համար ամբողջ պատասխանատվությունը՝ իր հետեւանքներով, մեր համոզմամբ, մեծապես ծանրացած է թերթի խմբագրության եւ վերոհիշյալ հրապարակման պատվիրատուների խղճի վրա։
ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԱՄԼՈ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
«Առավոտի» կողմից -Եթե ԼՂՀ ԱԺ հարգարժան պատգամավորները ցանկանում են խորացնել եւ սրել նշված խնդիրը, ապա մենք, բնականաբար, պատրաստ ենք պատասխանատվություն կրել դատական կարգով։ Չենք կարծում սակայն, որ նման դատավարությունները պատիվ կբերեն ԼՂՀ-ին, որի պաշտոնյաների եւ պատգամավորների ճնշող մեծամասնությունը պարկեշտ եւ Հայրենիքին նվիրված մարդիկ են։