ՀՈՒՅՍ «Առավոտի» այն հարցին, թե համոզվա՞ծ է արդյոք, որ նոր վարչապետի նշանակումը ԼՂՀ ներիշխանական ճգնաժամի հաղթահարման լուծում կհանդիսանա, նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց. «Հուսով եմ»։ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ ԳԻՆՆ ԸՍՏ ՍԱՆԴՈՅԱՆԻ՝ 0 ԴՈԼԱՐ «Ես չգիտեմ, թե կոնյակի գործարանն ինչ արժե,- ասաց ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Էդվարդ Սանդոյանը,- կոնյակի գործարանն արժե այնքան, որքանով հնարավոր է այն վաճառել՝ սա է թելադրում գնագոյացման շուկայական տրամաբանությունը։ Եվ եթե իմ կարծիքն եք ուզում իմանալ՝ կարող եմ ավելին ասել։ Հայաստանն այսօր գտնվելով ռիսկայնության տեսակետից 150-160 տեղում, այս առումով (բացասական իմաստով) խիստ տարբերվում է։ Եվ միջազգային ստանդարտ մոտեցումների ցուցաբերման պարագայում կարող եմ ասել, որ կոնյակի գործարանն ուղղակի ոչինչ չարժե, 0 դոլար արժե»։ ԲԱՐԴ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ «Պետական թերթը պիտի բոլոր կարծիքներն արտահայտի, այլ ոչ միակողմանի միայն այն տեսակետը, որ նախընտրելի է խմբագրին։ Այն որեւէ մեկի բոստանը չէ, որ սեփական նախասիրություններով ուզածը տպի, մեկ ուրիշին ծաղրի եւ չկրի որեւէ պատասխանատվություն։ Ցավոք, որպես ընթերցող կարող եմ արձանագրել, որ այսօր «Հայաստանի Հանրապետութիւն» օրաթերթն ազատ ամբիոն չի եւ ներկայացնում է միակողմանի դիրքորոշումներ»,- հայտարարեց ԱԺ նախագահի խորհրդական Վահագն Մկրտչյանը, որի դժգոհությունները վերաբերում էին նաեւ պետական այլ լրատվամիջոցների։ Վահագն Մկրտչյանի հետ հարցազրույցը կարդացեք 4-րդ էջում։