Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյոք դատարանը փախուստի դիմե՞ց

Հունիս 16,1998 00:52

Խնկիկյանը կրկին զայրացել է:

«Ազգի» 1998 թ. հունիսի 9-ի համարում տպագրվել է «Դատարանը փախուստի է դիմում» վերնագրով հոդված, որի տակ նամակագիր Հ. Խնկիկյանը, չգիտես որ բարոյական չափանիշով, իր նեղ անձնական դատական վեճը խեղաթյուրված կերպով ներկայացնող նամակի տակ ստորագրում է որպես Հայ-սիրիական ընկերության նախագահի տեղակալ։

Իհարկե, ընկերության անդամների գործն է, թե Հ. Խնկիկյանը իր որ արժանիքների համար է դարձել այդ ընկերության նախագահի տեղակալը, ի՞նչ է տալու նա այդ ընկերությանն ու երկու ժողովուրդներին, իր բարոյական նկարագի՞րը, թե ինչպես չորս տարի շարունակ զրպարտանքներով ու շանտաժներով ցանկանում է իր կնոջ հորը, կյանքի իններորդ տասնամյակը թեւակոխած վաստակավոր մանկավարժին, հանրապետության նշանակության անվանական թոշակառուին, Մեծ հայրենական պատերազմի մասնակցին, վերջապես, հին երեւանցուն դուրս շպրտել այդ իսկ ծերունուն պատկանող բնակարանից եւ տիրանալ դրան, թե՞ իր սեփական «բիստրոյում» գոյացած դրամը արդեն չի բավարարում նրա անձնական պահանջներին, ցանկանում է մի պատառիկ էլ պոկել ուրիշներից… եւ հոգ չէ, թե դիմացը իր կնոջ զառամյալ հայրն է, որը ոչ միայն մեծացրել է չորս դուստր, որոնցից մեկը Խնկիկյանի կինն է, այլ նաեւ շատ առիթներով իր իսկ՝ Խնկիկյանի դստեր հոգսն է տարել, վերջինիս մանկության տարիներին եւ հետո, Երեւանի բժշկական ինստիտուտում սովորելու տարիներին։

Նյութում այնպես է ներկայացված, որ գործին անտեղյակ ընթերցողը կարող է պատկերացնել, թե խեղճ Խնկիկյանին դուրս են հանել իր սեփական տնից։ Մինչդեռ Հ. Խնկիկյանը արդեն չորս տարի փորձում է բնակարանի տիրոջը եւ նրա հետ բնակվող աղջկան ու թոռներին զրկել իրենց բնակարանից եւ դառնալ այդ բնակարանի սեփականատերը, ինչ փույթ, որ ինքը վերջերս է իր ընտանիքով տեղափոխվել Սիրիայից, ապահովված կյանք է վարում, Երեւանում եւ Սիրիայում ունի առեւտրի օբյեկտներ, բնակարան։ Այժմ Հ. Խնկիկյանը դատախաղեր է կազմակերպում։ Նպատակը պարզ է. ծերունազարդ Տ. Մելքոնյանը հնարավոր է, որ չդիմանա այս նյարդային լարվածությանը, տեղի տա, եւ Խնկիկյանը մի պատառ ավելին պոկի։

Սա է Հ. Խնկիկյանի բարոյականությունը, նրա էությունը։ Իսկ ինչպես է պատկերացնում նա օրենքը։ Խնկիկյանին շա՞տ են հուզում պետության շահերը, բայց, ի գիտություն, եթե վճարենք իրեն 15000 դոլար, ապա «պետական շահերը պաշտպանված կլինեն, եւ նա կթողնի (արդյոք կթողնի) մեզ հանգիստ, եթե ոչ, ապա կշարունակի «պաշտպանել կողոպտված պետության շահերը, ելնելով այն հանճարեղ սկզբունքից», որ եթե 1000 անգամ ասես ու գրես սուտը, ապա 1001-րդ անգամ սուտը կդառնա ճշմարտություն, չէ որ պաշտոնյաներն էլ մի օր կհոգնեն այս անհեթեթությունից եւ կուզեն ազատվել իրենից։Ես կարծում եմ, որ եթե մեր հանրապետությունում չլինեին Մյասնիկյանի ժողդատարանի նախագահ Մ. Կատվալյանի նման սկզբունքային դատավորներ, հնարավոր է, որ Հ. Խնկիկյանը ժամանակավոր հաջողություններ ունենար, եւ մեզ վտարեր մեր սեփական բնակարանից, օգտվելով իր լայն կապերից, թեեւ, վստահ եմ, ի վերջո պետք է հաղթեին օրենքն ու արդարությունը։

Մենք Մյասնիկյանի ժողդատարանի դեմ օրենքով սահմանված կարգով բացարկ հայտնեցինք, որովհետեւ ունեինք լուրջ կասկածներ, որ թաղապետարանը եւ շրջանի դատախազությունը հովանավորում են Խնկիկյանին, որպես իրենց շրջանի առեւտրի օբյեկտի տիրոջ եւ կարող են ազդել դատարանի վրա։ Դատավոր Է. Ավետիսյանը, պահպանելով օրինականությունը, մեր բացարկը բավարարեց։Եթե Խնկիկյանը վերը նշված կապերից օգտվելու ակնկալիքներ չուներ, ինչո՞ւ է աղմկում, ինչո՞ւ է փորձում մրոտել ազնիվ մարդկանց. չէ որ դատարանը մեկը չէ, եւ օրենքը մեզ բացարկի հնարավորություն է ընձեռել։

Այո, դատարանը մեկը չէ, եւ ցանկացած դատարան պարտավոր է գործել օրենքի սահմաններում, անաչառ եւ անկողմնապահ։

ՆԱՐԻՆԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930