Լրահոս
Օրվա լրահոսը

«Վան» կենտրոնը՝ աչքից հեռու

Հունիս 16,1998 00:42

Չգիտեմ, հազարավոր տարիներ առաջ մարդիկ ատամնացավ ունեցե՞լ են, թե՞ ոչ։ Եթե ունեցել են, ինչպես են ցավը մեղմել, չէ՞ որ չեն եղել ո՛չ բարձրագույն կրթություն ունեցող ատամնաբույժներ, ո՛չ դեղեր ու սարքավորումներ։ Հայրս ասում էր, որ իրենց գյուղի մարդկանց հիվանդ ատամները հեռացնում էր գյուղի վարսավիրը՝ իր պարզ ու հասարակ բռնիչով ու դրա համար երբեք վարձ չէր վերցնում։ Իսկ հիմա՞։
Այսօր ատամնացավ մեղմելը կամ ատամ հեռացնելը շատ թանկ հաճույքներ են։ Վերջերս ընկերոջս հետ գնացինք «Վան» ստոմատոլոգիական կենտրոն։

Բժիշկ Լալայանը ատամներս հեռացրեց համարյա առանց ցավի, բայց ցավը զգացի հետո։

– Ինչքա՞ն պետք է վճարեմ,- հարցրի բժշկին։

– Յուրաքանչյուր ատամի համար երեք հազար դրամ,- հանգիստ ասաց բժիշկը։

Մի պահ հապաղեցի, ապա նորից հարցրի։

– Իսկ թոշակառունե՞րը, բժիշկ։

-Բոլորը հավասար են,- ասաց բժիշկը՝ հայացքը ինձ հառած։

Վեց հազար դրամ երկու հեռացված ատամի համար, երբ միջին աշխատավարձը այդքան չի կազմում։ Ինչո՞ւ, ով է սահմանել այդ գինը, այդ ո՞ւմ «մտքի թռիչքն» է եղել, ի՞նչ հաշվարկ է կատարված, երբ ժողովրդի մեծ մասը չի կարողանում հանապազօրյա հաց վաստակել։ Բայց պատահեց ավելի վատթարը։ Մի քանի օր հետո, ստիպված էի սուր ատամնացավով հարազատիս տանել նորից «Վան» ստոմատոլոգիական կենտրոն։ Օրը կիրակի էր։ Նույն շենքի նկուղային հարկում աշխատում էր հերթապահ բժիշկը։ Ատամնաբույժ Մ. Ղազարյանը մեկ րոպեում հեռացրեց ատամը՝ աննշան ցավ պատճառելով։Ինձ մնում էր երեք հազար դրամը մեկնել բժշկին, արդեն ունեի դրա դառը փորձը։

– Ինչքա՞ն է,- հարցրեց բժիշկը։

– Երեք հազար,- ջղաձիգ պատասխանեցի ես։

– Ի՛նչ երեք, հինգ հազար պետք է տաք, կիրակի օր է, չգիտե՞ք։

– Իսկ տոն օրերին տասը հազար եք վերցնո՞ւմ,- հեգնախառն ասացի ես ու պահանջված դրամը նետեցի սեղանին։

Զարմանում ես, թե ինչպես է, որ յուրաքանչյուր բժիշկ պահանջում է այնքան, որքան ցանկանում է, ինչո՞ւ են ժողովրդի սոցիալական այս ծանր օրերին որոշել հարստություն դիզել։ Սենյակներից մեկի պատին, որտեղ միայն ատամներ են հեռացնում, գրված են փորձառու ատամնաբույժների ազգանունները՝ Բունիաթյան, Լալայան, Ղազարյան, որոնց մասնագիտական հմտությանը չկասկածելով, այնուամենայնիվ, անհասկանալի է մնում նրանց մեկ ժամվա եկամուտը։ Մեկ ժամ սպասելով այդտեղ, պարզվեց, որ գրեթե յուրաքանչյուր տասը րոպեում հեռացվում է մեկ ատամ, որի դիմաց վերցնում են 2500 կամ 3000 դրամ։ Մեկ ժամվա համար մեր օրերում այդքան գումար վաստակելը անհավատալի է, բայց փաստ է։

ՎԱՉԻԿ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ
ԿԱՐԼԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930