Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԸ՝ ՆԱԵՎ «ԱՌԱՎՈՏԻ» ՄԱՍԻՆ

Հունիս 16,1998 00:33
Murad Petrosyan

Հունիսի 13-ին, ժամը 13-ին, Ստեփանակերտի նախագահական պալատում հրավիրված էր մամուլի ասուլիս, ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի, ԱԺ նախագահ Օլեգ Եսայանի, պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի, մի քանի րոպե առաջ նշանակված վարչապետ Ժիրայր Պողոսյանի մասնակցությամբ։ Ներկա էին նաեւ այլ պատգամավորներ։

Ասուլիսում պատգամավոր ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ վարչապետին եւ ԱԺ նախագահին ուղղված իր հարց-ելույթում մասնավորապես ասաց. «Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է, որ Լեռնային Ղարաբաղի թե՛ կառավարությունում (կառավարության մասին նշված հոդվածում խոսք չկա – խմբ), թե՛ Ազգային ժողովում կան թմրամոլներ։ Նա դա վերցրել է «Իրավունքից», որը գրել էր, թե Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում պատգամավորների 95 %-ը հանցագործներ են։ Դա անցավ հենց այնպես։ Եվ նրան թվացել է, թե մեր մասին գրածն էլ հենց այնպես պիտի անցնի։ Ի՞նչ եք մտածում, ի՞նչ ենք անելու։ Սա առաջին հարցն էր։ Երկրորդ հարցը ձեզ՝ 4-իդ է վերաբերում։ Երկու տարի առաջ եղել է Լեոնարդ Պետրոսյանի որդու հարսանիքը, որից հետո ամբողջ Ղարաբաղը դրա մասին էր խոսում (նկատի ունի հարսանիքի ճոխությունը – խմբ.)։

Երեք տարում տեսեք, թե որքան ամառանոցներ է վերցրել Լեոնարդ Պետրոսյանը։ Նոր էլ իմացա, որ Երեւանում մսի կոմբինատ է վերցրել։ Այսօրվանից սկսած, մեր դիրքորոշումները տարբերվելու են, թեկուզ եկել ենք համաձայնության, որովհետեւ կառավարության նիստում մեծ մասը քննադատեցին Լեոնարդ Պետրոսյանին, սակայն ինքը դրանից հետո մնաց։ Էդ նույն Լեոնարդ Պետրոսյանին մինչեւ հիմա թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Արկադի Ղուկասյանը դրական բնութագիր են տալիս, իսկ ես լիքը մեղադրանքներ եմ ներկայացրել, եւ նա պետք է պատասխան տար, որպեսզի վաղն էլ Ժիրայր Պողոսյանը չվերցնի չամադաններն ու գնա՝ մտածելով. «էն մեկին ի՞նչ են արել, որ ինձ ինչ անեն»։

Պատասխանում է վարչապետը. «Մենք արդեն իրավապահ մարմինների հետ խորհրդակցություն ենք տանում՝ որքան կարելի է իրավաբանորեն ճիշտ դիմել դատարան՝ հրապարակված նյութերի վերաբերյալ։ Այդ ուղղությամբ աշխատանքներ արդեն տարվում են»։ Պատասխանում է ԱԺ նախագահը. «Պետք է հանձնաժողով կազմենք եւ այդ հարցը քննարկենք։ Անպայման իմ պաշտոնական ռեակցիան լինելու է։ Թե ինչ ձեւով, դա արդեն կպայմանավորվենք։ Համենայնդեպս, ի լուր աշխարհի հայտարարում եմ, որ Ազգային ժողովում թմրամոլներ չկան։ Եվ եթե Երեւանից չներմուծվի այդ թերթերի միջոցով, երեւի երկար ժամանակ չի էլ լինի»։

Ինչ վերաբերում է երկրորդ հարցին՝ դրա պատասխանն այդպես էլ չտրվեց, չիմացանք՝ Լեոնարդ Պետրոսյանը պատասխանատվության պիտի ենթարկվի՞, թե՞ ոչ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930