Հարցազրույց հիմնադրամի հանրության հետ կապերի բաժնի նախկին պետ Տիգրան Պասկեւիչյանի հետ
– «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծման սկզբից, ղեկավարել եք հանրության հետ կապերի բաժինը։ Ի՞նչ պատճառով հեռացաք կամ հեռացվեցիք աշխատանքից։
– Իրականում աշխատանքից հեռացել եմ իմ դիմումի համաձայն։ Րաֆֆի Հովհաննիսյանի նշանակումից հետո, երբ եղավ իր ներկայացումը, կոլեկտիվի անունից խոսք ասացի ես։ Ասացի, որ մենք չունենք նախապայմաններ եւ նախապաշարմունքներ, որ մեր հիմնական ցանկությունն աշխատելն է, եւ մենք կաշխատենք։ Հետո ես ներկայացրեցի մեր բաժնի աշխատակարգը, աշխատակիցների կենսագրությունները եւ կատարված աշխատանքները։ Թվում էր, թե ամեն ինչ նորմալ պետք է ընթանար։ Սակայն ներդրվեց մի աշխատաոճ, որը ես անարդյունավետ եմ համարում, իսկ հիմնադրամի համար՝ կործանարար։ Դա ամերիկյան ինչ-որ մի ոճ է, որի իմաստը գրություններով շփվելն ու հաղորդակցվելն է։ Արդյունքում՝ մեկ ամսվա ընթացքում, մեր բաժինն արեց ընդամենը մի գործ. տպագրվեց A4 ֆորմատի եռածալ մի տեղեկատու, որը նախկինում մենք անում էինք աշխատանքային մեկ օրվա ընթացքում։ Ես գրություն էի գրում, որ մնում էր քարտուղարուհու մոտ, քարտուղարուհին դա փոխանցում էր իրեն։ Կար նաեւ գաղափարական կոնֆլիկտ։ Ղարաբաղ կատարած այցելության ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը Ղարաբաղի հեռուստատեսությանը տված հարցազրույցում այսպիսի մի արտահայտություն էր արել. «Մենք պետք է ստեղծենք, փրկենք եւ կատարելագործենք հիմնադրամը» (տպագրվել է «Ազգ»-ում)։ Դրանից հետո ես հասկացա, որ չեմ կարող մասնակցել մի բանի ստեղծմանը, ինչը վաղուց արդեն ստեղծված է, մի բանի փրկությանը, որը փրկության կարիք չունի, իսկ կատարելագործման ուղիներ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ես չէի տեսնում։ Եվ զարմանում եմ, որ մամուլն արդեն 2 ամիս է, ոչինչ չի գրում հիմնադրամում տիրող վիճակի մասին։
-Նախկին տնօրենի հետ հանդիպելու ցանկացած փորձ հաջողվում էր, հրատարակվում էին մամուլի հաղորդագրություններ, լինում էին ասուլիսներ։ Սակայն իմ եւ բազմաթիվ այլ լրագրողների փորձեր՝ հանդիպելու Րաֆֆի Հովհաննիսյանի հետ վերջացել են անորոշությամբ։ Ինչ-որ ժամանակ դուք եք ղեկավարել հանրության հետ կապերի բաժինը։
Կարդացեք նաև
– Հենց առաջին օրերից լրագրողները սկսեցին հարցազրույցներ խնդրել։ Որպեսզի առանձին-առանձին հանդիպումներ չլինեն, ես առաջարկեցի տնօրենին մամուլի ասուլիս կազմակերպել։ Նա պատասխանեց, որ իրեն 10 օր է անհրաժեշտ ծանոթանալու համար։ Երբ այդ ժամանակն անցավ, եւ ես տեսա, որ ոչինչ չի կազմակերպվում, ներկայացրեցի մամուլի եւ ԶԼՄ-ների հետ աշխատանքի ծրագիր, որն անպատասխան մնաց։ Ես՝ որպես հանրության հետ կապերի բաժնի վարիչ, այդ մեկ ամսվա ընթացքում զրկված եմ եղել մամուլի հետ շփվելու այն հնարավորությունից, որն ունեի նախկինում։ Այնպիսի մթնոլորտ էր, որ առանց տնօրենի հետ համաձայնեցնելու, ոչինչ հնարավոր չէր անել։ Տնօրենի մոտ կար այնպիսի տրամադրվածություն, որ նախկին հաջողությունների մասին աշխատում էր լռել եւ չխոսել։ Դրա փոխարեն, նա փորձում էր «ստեղծել եւ փրկել»։
– Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար նշանակվելուց հետո պարոն Հովհաննիսյանը հայտարարեց, թե մտադիր չէ հեղափոխական գործունեություն սկսել եւ կաշխատի գործող կոլեկտիվի հետ։ Որո՞նք են ասվածի եւ կատարվողի հակասության պատճառները։
– Ես նման հրապարակային հայտարարություն չեմ լսել, բայց ներսում նա այդպիսի բան ասել է։ Նախ արհեստականորեն ուռճացվում է աշխատակազմը։ Սա առաջին հիմնախնդիրն է, որը պետք է հուզի հանրապետության ղեկավարությանը, քանի որ հիմնադրամի հիմնական կապիտալը նաեւ այն էր, որ այդ ծավալի աշխատանքը կատարվում էր 20-22 հոգով։ Արհեստական ուռճացման նպատակը մարդկանց դուրս մղելն է. ինչ-որ անհասկանալի խորհրդականներ են ընդունվում, մարդիկ չեն ներկայացվում աշխատակազմին, ոչ մի ծանոթացում չի արվում, այսինքն՝ դուք աշխատեք, իսկ սրանք շուտով գնալու են։ Դա ահավոր սրել է մթնոլորտը, եւ ես կարծում եմ, որ շատ շուտով էլի մարդիկ դուրս կգան այնտեղից։
– Քաղաքաշինության նախարարության կողմից հայտարարված երկրաշարժի 10-րդ տարելիցին նվիրված ֆիլմի եւ ֆոտոալբոմի ստեղծման համար անցկացված մրցույթում հաղթեց Ձեր ներկայացրած ծրագիրը։ Դրա իրականացումը ե՞ւս պետք է ընդհատվի։
– Երբ մրցույթ հայտարարվեց, տնօրենի պաշտոնակատարը Սամվել Ենգոյանն էր, եւ մենք նպատակահարմար գտանք ներկայացնելու մեր նախագիծը, որը մայիսի վերջին հաղթեց, իսկ հետո հաստատվեց կառավարության կողմից։ Սակայն երկու օր առաջ, Րաֆֆի Հովհաննիսյանի խորհրդական Հրաչ Հակոբյանը տեղեկացրեց, որ տնօրենի պաշտոնակատարը պայմանագիր չի կնքի քաղաքաշինության նախարարության հետ։ Իմ այն հարցին, թե ինչու, նա պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ դուք պետք է փող աշխատեք»։ Հայտը մենք ներկայացրել էինք հիմնադրամի կողմից, ֆիլմի հեղինակը ես էի, իսկ ռեժիսորը՝ Արա Շիրինյանը։
– Չնայած բազմաթիվ քննադատություններին, հիմնադրամի գործունեությունը բավական թափանցիկ էր եւ տեսանելի։ Ի՞նչ է սպասվում հիմնադրամին։
– Հիմնադրամի ստեղծման հիմքում դրված էր ազգային տուրքի գաղափարը, որը դանդաղ, բայց արմատավորվում էր։ Շատ բաներ կային, որոնք պետք է պարզվեին։ Պարզվում եւ շտկվում էին։ Ինչ վերաբերում է վարչությանը, ապա, օրինակ, ԱՄՆ-ի դեսպան Թոմսենը, իր զարմանքն էր հայտնել, որ այդքան փոքրաթիվ կոլեկտիվը նման ծավալի աշխատանք է կատարում։ Յուրաքանչյուր մարդ ուներ պատասխանատվության իր բաժինը, ես շատ հաճախ կարող էի լրագրողների հետ հանդիպել, խոսել, ինֆորմացիա տալ, որից տնօրենը կարող էր տեղյակ չլինել։ Ես վարձատրվում էի եւ պետք է ունենայի պատասխանատվության իմ բաժինը։ Հակառակ դեպքում՝ աշխատանքդ իզուր է։ Մեր ժողովրդի մեջ միսիոների մարմաջ կա, որ գալիս են, եւ որոշում ամեն ինչ սկսել զրոյից։ Հիմնադրամը կար, եւ խելք էր պետք այն օգտագործելու։ Այս ամենն ասում եմ, որ հետո հանրապետության եւ հիմնադրամի ղեկավարները չասեն, մեզ չմեղադրեն. «Ինչո՞ւ ժամանակին չէիք ասում»։ Ես ժամանակին ասում եմ. եթե այսպես շարունակվի, հիմնադրամը պարզապես կփլուզվի։ Հիմնադրամում լրտեսման քաղաքականություն է վարվում, կորչում են փաստաթղթեր, ջնջվում կոմպյուտերային ֆայլեր, եւ այդ ամենը կրիմինալ գտնելու մարմաջով։ Երբ ես հարցրեցի, թե ի՞նչ իրավունք ունի մի աշխատողը կասկածելու մյուսին, նորանշանակ աշխատողներից մեկը պատասխանեց, որ դա տնօրենի իրավունքն է։ Այդ դեպքում իմ իրավունքն էլ այն է, որ ոչ ոք իրավունք չունենա ինձ անհիմն կասկածելու։
ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ