Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երկրապահական պարագիծ. ընտրական օրենսգիրք

Հունիս 16,1998 23:34
ayvazyan

«Առավոտի» նախորդ համարում տեղեկացրել էինք՝ հունիսի 15-ին «Երկրապահ» պատգամավորական խումբը կկազմավորի աշխատանքային խումբ, որի գործունեության հիմնական ուղղությունն ընտրական օրենսգիրքն է լինելու։ Խնդրո առարկայի վերաբերյալ պարզաբանում տալով «Առավոտի» ընթերցողին, «Երկրապահ» պատգամավորական խմբակցության նախագահ Սմբատ Այվազյանն ասաց, որ աշխատանքային խումբն արդեն ձեւավորվել է։ Նրանում ընդգրկված են «Երկրապահ» պատգամավորական խմբի այն անդամները, որոնք նաեւ անդամ են ԱԺ պետաիրավական հանձնաժողովի։ Որոշ ժամանակ անց աշխատանքային խմբին մաս կազմող Վիկտոր Դալլաքյանին, Հովհաննես Ահարոնյանին եւ Հայկարամ Մխիթարյանին կմիանա նաեւ Սմբատ Այվազյանը։

Տեղեկացնենք, որ աշխատանքային խմբի հետ ընտրական օրենսգրքի վրա կտքնեն ոլորտի երեք փորձագետ եւս, «որոնց հետ միասին կփորձենք նախապատրաստել ընտրական օրենսգրքի մեր նախագիծը»։ Սմբատ Այվազյանն այնուհետեւ ասաց, թե ընտրական օրենսգրքի նախապատրաստման որոշակի ընթացքից հետո «Երկրապահը» քաղաքական կոնսուլտացիաներ կսկսի՝ առաջին հերթին խորհրդարանում ներկայացված խմբերի եւ խմբակցությունների հետ։

Ըստ որոշ աղբյուրների, «Երկրապահ» պատգամավորական խմբի ընտրական օրենսգրքի հիմնական հեղինակն ու գաղափարախոսը ԱԺ պետաիրավական հանձնաժողովի փոխնախագահ Վիկտոր Դալլաքյանն է լինելու։

ԲԱ ՀԵՐՈՅԱ՞ՆԸ

Ըստ էության, հաստատվեց այն տեղեկատվությունը, որ ԱԺ պատգամավոր Ալբերտ Հերոյանն այլեւս չի գլխավորում կոնյակի գործարանը։ Եվ սա վերջինիս ասուլիսից ընդամենը 2-3 օր անց, երբ այլեւս նախկին տնօրենը պնդում էր, թե կոնյակի գործարանը պետք է վաճառվի։ Սմբատ Այվազյանն այս հարցի վերաբերյալ պարզաբանեց, թե ըստ իր ունեցած տեղեկատվության, Ալբերտ Հերոյանին «Պեռնո Ռիկարի» ներկայացուցիչներն առաջարկել են զբաղեցնել կոնյակի գործարանի կոմերցիոն գծով տնօրենի պաշտոնը, սակայն վերջինս, չհամաձայնելով, ինքն է հրաժարվել հետագա աշխատանքային գործունեությունը այդ ոլորտում ծավալելուց։

ԻՍԿ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԵՏ

«Երկրապահ» պատգամավորական խումբը, ըստ «Առավոտ» հասած տեղեկությունների, առաջիկա օրերին, իսկ ավելի ստույգ՝ հավանաբար հունիսի 17-ին գումարվելիք ԱԺ արտահերթ նիստից հետո, հանդիպում կունենա վարչապետ Արմեն Դարբինյանի հետ։ Այս տեղեկատվությունը «Երկրապահ» պատգամավորական խմբի նախագահ Սմբատ Այվազյանը հաստատեց։ Նա ավելացրեց նաեւ, թե այնպես է ստացվել, որ հանդիպման նախաձեռնությունը դրսեւորվել է երկուստեք։ Փաստորեն, փոխադարձորեն միմյանց հանդիպելու ցանկություն է դրսեւորվել։ Խմբի ղեկավարն ասաց նաեւ, որ հանդիպման ժամանակ նպատակ կա ճշտել «Երկրապահի» եւ կառավարության համագործակցության սկզբունքներն ու մեխանիզմները։ Այս հարցում թե՛ «Երկրապահն» է շահագրգիռ, եւ թե՛ վարչապետը։

Արմեն ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930