Լրահոս
Օրվա լրահոսը

Ով կլինի հաջորդ «լոբբիստը»

Հունիս 16,1998 22:33

Ֆրանսիայի Ազգային ժողովը, ինչպես հայտնի է, վերջերս ճանաչեց հայերի ցեղասպանությունը։ Քանի որ հայ ժողովրդի համար այդ նշանակալից իրադարձությունը տեղի ունեցավ իշխանությունների փոփոխությունից հետո, ապա այն կարելի է համարել հայկական նոր դիվանագիտության վաստակը։

Սպասվում է, որ շուտով մեր ցեղասպանությամբ զբաղվելու է նաեւ բրիտանական Լորդերի պալատը։ Եվ եթե լորդերը նույնպես ցեղասպանությունը դատապարտող փաստաթուղթ ընդունեն, ապա դափնիները պետք է հասնեն ոչ այնքան մեր նոր դիվանագիտությանը, այլ, ավելի շուտ, անձամբ Զորի Բալայանին, որն ընկերություն է անում բարոնուհի Քոկսի հետ, որն իր հերթին շրջապատ ունի լորդերի միջավայրում։

Նախորդ իշխանությունների ժամանակ Ռուսաստանի պետդուման նմանատիպ փաստաթուղթ ընդունեց։ Բայց դա, բնականաբար, ոչ թե հայկական հին դիվանագիտության, այլ բացարձակապես հայ կոմունիստների շնորհքն է, որոնք, իրենց պնդմամբ, ի հեճուկս իշխանությունների եւ պետական քաղաքականության, լոբբիստական գործունեություն էին ծավալել Ռուսաստանի դումայում։

Իմիջիայլոց, Ուրուգվայի խորհրդարանը հայերի ցեղասպանությունը ճանաչեց 1985 թվականին եւ այստեղ, հավանաբար, մենք պետք է շնորհակալ լինենք Միխայիլ Գորբաչովին, Կարեն Դեմիրճյանին եւ Ուրուգվայի հայ համայնքին, քանի որ այն ժամանակ Հայաստանը չուներ ոչ հին եւ ոչ էլ նոր դիվանագիտություն՝ այն պարզ պատճառով, որ անկախ պետություն չէր։
Իսկ գուցե ավելի բանական կլիներ մի կողմ թողնել այդ բոլոր հաշիվները եւ ընդունել, որ ցեղասպանության ցանկացած ճանաչում մեր համազգային հաղթանա՞կն է։ Դժվար թե դա տեղի է ունենում միայն այն պատճառով, որ Ռուսաստանի պետդումայի պատգամավորները շատ են սիրում մեր կոմունիստներին, բրիտանացիները կյանք չունեն առանց Զորի Բալայանի, իսկ ուրուգվայցիները գժվում էին Կարեն Սերոբիչի համար։ Մեծ քաղաքականությունը այդքան պարզունակ բան չէ, որքան դա մեզ երբեմն թվում է։ Իհարկե, այստեղ հնարավոր է լոբբիստական գործունեություն, բայց միայն նախնական հնարավորությունների եւ պայմանների առկայության դեպքում։ Հայաստանը, որպես անկախ պետություն, այսօր նման հնարավորություններն ունի։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել