Հայաստանում իրականացված սեփականաշնորհումների մեծ մասը իրականացվում է գաղտնի։ Եթե խոշոր օբյեկտների համար պահանջում են կարդալ «Ֆայնենշլ թայմս», ապա ավելի փոքրերի համար «Արմավենի»։ Իսկ եթե դու թերթ չես կարդում, նշանակում է զրկված ես սեփականություն ունենալու իրավունքից։ Եւ եթե թերթեր կարդալու պահանջը կարող է տրամաբանական հնչել Երեւանում, ապա գյուղական շրջաններում այն ուղղակի անհեթեթ է։ Աղվերանի «Նարինե» պանսիոնատի սեփականաշնորհման մասին, պարզվում է, իմացել է ողջ հանրապետությունը՝ շնորհիվ «Արմավենի» տեղեկատուի, իսկ կոլեկտիվը, որը նույնիսկ տեղյակ չէ նման թերթի գոյության մասին, մի օր տեսնում է պանսիոնատի նոր տերերին, որոնք պահանջում են ազատել զբաղեցրած տարածքը։ 1992թ. ՀՀ տրանսպորտի եւ հաղորդակցության նախարարությանը պատկանող «Նարինե» պանսիոնատը հանձնվում է Երեւանի թիվ 2977 ավտոշարասյանը՝ որպես դուստր ձեռնարկություն։
1996թ. հունիսին ավտոշարասյան ղեկավարությունը ստեղծում է պանսիոնատի սեփականաշնորհման հանձնաժողով, որը անցկացնում է գույքագրում։ Կոլեկտիվի անդամները մասնակցում են գույքագրմանը, սակայն հետագայում որեւէ վերադաս մարմին նրանց չի տեղեկացնում իրականացվելիք սեփականաշնորհման աճուրդի մասին։ Կառավարությունը երեք որոշում է ընդունել խնդրո առարկայի մասին։ Առաջին երկուսով 1997թ. փետրվարի 18-ի թիվ 26-ով եւ 1997թ. հունիսի 26-ի թիվ 224-ով որոշվել է ՀՀ տրանսպորտի նախարարությանը պատկանող «Նարինե» պանսիոնատը սեփականաշնորհել մրցութային կարգով, իսկ 1997թ. նոյեմբերի 22-ի թիվ 531 որոշմամբ «Նարինե» ՊՁ որոշվել է սեփականաշնորհել բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով, այն վերակազմավորելով «Նարինե» պանսիոնատ ԲԲԸ։
Սեփականաշնորհման մասին տեղյակ չի եղել նույնիսկ պանսիոնատի տնօրենը։ Նա մինչեւ սեփականաշնորհումը եղել է խիստ վատառողջ, 1997թ. սեպտեմբերի 17-ից մեկնել է Մոսկվա, որտեղ վիրահատվել է, իսկ դեկտեմբերին՝ մահացել։ Իսկ աճուրդը տեղի է ունեցել 1998թ. հունվարի 19-ին։ Պանսիոնատը գնահատված է եղել 71 միլիոն դրամ, սակայն աճուրդի արդյունքում վաճառվել է 17 միլիոն դրամով։ Մեր խմբագրություն այցելած «Նարինե» պանսիոնատի հաշվապահ Լաուրա Շահբազյանը մեզ պատմեց. «1998թ. հունվարի 19-ին, երբ այցելեցի մեր նախարարություն՝ 1997թ. տարեկան հաշվետվությունը ներկայացնելու, նախարարության գլխավոր հաշվապահ Անդրեասյանին հարցրի, թե երբ եւ ինչպես է սեփականաշնորհվելու պանսիոնատը։ Նա պատասխանեց, որ տեղյակ չէ։ Ապա հարցրի նաեւ տրանսպորտի նախարարության հեռանկարային զարգացման եւ սեփականաշնորհման բաժնի պետ Սահակյանին, որի իրավասության մեջ են սեփականաշնորհմանը վերաբերող բոլոր հարցերը, սակայն վերջինս եւս պատասխանեց, որ որեւէ տեղեկություն չունի սեփականաշնորհումից։
Իսկ երբ սեփականաշնորհումից հետո մենք կոլեկտիվով փորձեցինք բողոքել նախարար Հենրիկ Քոչինյանին, նա բորբոքված ասաց. «Հիմա ականջներիցդ բռնեմ, տանեմ, որ թերթ կարդաք։ Որ քարը ուզում եք գլխներիդ խփեք։ Ամեն ինչ վերջացած է»։ Բայց պարզվում է՝ ամեն ինչ չէ, որ վերջացած է։ Կոլեկտիվը սեփականաշնորհումը անվավեր ճանաչելու հայցադիմում է ներկայացնում Հրազդանի տարածքային ժողդատարան։ Հրազդանի ժողդատարանը, հաշվի առնելով մեր հոդվածում շարադրված փաստերը, ինչպես նաեւ Սեփականաշնորհման նախարարության կողմից թույլ տրված օրենքի բազմաթիվ խախտումները, վճռում է անվավեր ճանաչել «Նարինե» բաց բաժնետիրական ընկերության սեփականաշնորհումը։ Ի դեպ, Տրանսպորտի նախարարության ներկայացուցիչները դատարանում ընդունում են իրենց կողմից թույլ տրված օրինախախտումները եւ կոլեկտիվի հայցը։ Իսկ Սեփականաշնորհման նախարարությունը, հանձին փոխնախարար Ա. Մարկոսյանի, վճռաբեկ գանգատով դիմում է Գերագույն դատարանի քաղաքացիական գործերի դատական կոլեգիա։
Կարդացեք նաև
«Վճռում բերված այն պատճառաբանությունները, թե կոլեկտիվին տեղյակ չի պահվել պանսիոնատի սեփականաշնորհման գործընթացի մասին, չի համապատասխանում իրականությանը։ «Նարինե» պանսիոնատի ողջ գործընթացի ժամանակահատվածում օրենքի խախտում չի եղել», գրված է Սեփականաշնորհման նախարարության վճռաբեկ գանգատում։ Օրենքի խախտում չի եղել, ինչպես բոլոր մյուս սեփականաշնորհումների ժամանակ։ Գերագույն դատարանի քաղաքացիական գործերի դատական կոլեգիան բեկանել է Հրազդանի տարածքային դատարանի վճիռը եւ նոր քննություն անցկացնելու համար ուղարկել Արաբկիրի տարածքային դատարան։ «Նարինե» պանսիոնատը, իհարկե, կոնյակի գործարան չէ, բայց նմանությունները հատկապես անօրինական սեփականաշնորհման բնագավառում, բազմաթիվ են։ Թեկուզ միայն այն փաստը, որ «Նարինե» պանսիոնատը վաճառվել է իր արժեքից 5 անգամ պակաս գնով։
ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ