Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՊԱՇՏՈՆԸ ԵՎ ՀԱՅԸ

Հունիս 13,1998 00:00
Shekoyan

Մարդկանց մի մասը բարձր պաշտոնների է ձգտում հիմնականում իշխանասիրական մղումներից դրդված, մյուս մասը՝ բարեկեցության ու փողի հանդեպ ունեցած անխառն սիրուց, իսկ երրորդ ու հիմնական մասը՝ այդ բոլոր սերերը միասնաբար փայփայելով։ Կնշանակի՝ մեզանում պաշտոնն այդ բոլոր իրավունքներն ու հնարավորություններն ապահովում է մարդուս համար։ Նախաբանում ասվածը հայտնի է բոլորիս, բայց մեզանում, որպես կանոն, պաշտոնի ձգտող ու պաշտոնի հասած գրեթե բոլորն իրենք իրենց եւ առավել եւս ժողովրդին համոզում ու հավատացնում են, որ իրենք պաշտոնը զբաղեցրել, զբաղեցնում ու զբաղեցնելու են միմիայն հայրենասիրական մղումներից դրդված եւ ազգին ծառայելու մղումով։ Նմանօրինակ դեկլարատիվ հայտարարություններ անողներ դեռեւս խորհրդային ժամանակներում էլ կային, սակայն, ինչպես հիշում եք, այն ժամանակ նրանց պաշտոններ չէին տալիս կամ՝ գրեթե չէին տալիս (միգուցե իրո՞ք հավատում էին նրանց հայրենասիրությանն ու ազգին ծառայելու մղումներին)։

Ասվածն, իհարկե, չի նշանակում, թե պաշտոնի ձգտող բոլորի հայրենասիրական նկրտումներն ու ազգին ծառայելու մղումները կեղծ են, բայց, փաստորեն, այնպես է ստացվել եւ ստացվում, որ այն կադրերը, ովքեր հավանաբար իսկապես ազգին անմնացորդ ծառայելու ձգտումներ ունեն, չունեն պաշտոնյայի համար ամենատարրական հատկանիշները՝ աշխատելու եւ աշխատեցնելու փորձ ու հմտություն։ Եվ, ընդհակառակն, ովքեր ունեն աշխատելու հմտություն ու փորձ, նրանք առանձնապես ազգային գիտելիքներ ու հակումներ չունեն եւ ազգասիրական ճառերն ու խոստումներն արտասանում են ժամանակի պահանջներից ու ժամանակի կոնյունկտուրայից դրդված, ճիշտ այնպես, ինչպես կոմունիստների օրոք էին նույն այս պաշտոնյաներն արտասանում իրենց ճառերը կոմունիստական ինտերնացիոնալիզմի մասին։ Իհարկե հաճելի է, որ պաշտոնի գնացող կամ գնացած հայի մենախոսություններն ու երկխոսություններն ազգային թեքում ունենան եւ ոչ թե՝ կոմունիստական, սակայն այս ամենի մեջ, այնուամենայնիվ, ռեալ վտանգ կա, որ այսպես շարունակվելու դեպքում մեր ազգային գաղափարները նույն հաջողությամբ կարող են օդեղենանալ ու ցնդել, ինչպես համայնավարական գաղափարների դեպքում եղավ։

Խորհրդային իշխանության տարիներին նույնպես պաշտոնը մարդուն բարեկեցիկ վիճակ ու հասարակական դիրք էր ապահովում, սակայն չի կարելի չնկատել, որ, այնուամենայնիվ, հայ մարդու համար այսօր պաշտոն կոչվածը շատ ավելի մեծ բան է նշանակում, քան՝ խորհրդային ժամանակներում։ Նախ՝ խորհրդային տարիներին պաշտոն չունեցողները շատ ավելի բարեկեցիկ վիճակում էին եւ միայն հիմա են հասկանում, որ այնքան էլ վատ չէին ապրում. խոսքը հատկապես վերաբերում է մտավորականությանն ու բանվորությանը։ Երկրորդ՝ այսօր բարձր պաշտոն ունենալը շատ դեպքերում նշանակում է նաեւ խանութ, բիզնես եւ այլն ունենալ. այսինքն՝ նոր սաղմնավորվող շուկայական հարաբերություններում ներկայիս պաշտոնյան ամենայն հավանականությամբ կարող է վաղվա կապիտալիստի նախահայրը (ավելի ճիշտ՝ հայրը) հանդիսանալ։ Ասել է թե՝ պաշտոնիդ մակարդակը ուղիղ համեմատականորեն կարող է երաշխիք հանդիսանալ թոռանդ ու ծոռանդ դասակարգային պատկանելության որակական աստիճանի ապահովության համար։

Ամենահետաքրքրականն այն է, որ թե՛ հասարակությունը եւ թե՛ հայոց նորագույն իշխանությունները թեեւ ստեպ-ստեպ պահանջում են խստագույնս պատժել նախորդ իշխանության առավել աչքի ընկած հափշտակիչներին, բայց եւ գրեթե բոլորին է հայտնի, որ նորագույն արհեստավարժ նախարարների ու մարզպետների մի պատկառելի մասը բնավ էլ մտադիր չէ եւ առանձնապես մեծ ջանքեր չի թափի՝ պարփակվելու նախարարական կամ մարզպետական չոր աշխատավարձի անմարդկային սահմաններում։ Այսինքն՝ կարիք էլ չկա այս թեմայով առանձնապես ընդլայնվել, քանզի՝ եթե այս իշխանությունները շարունակ շեշտում են հատկապես նախորդներին պատժելու անհրաժեշտությունը, բնականաբար հասկանալի է դառնում, որ ներկայիս չարաշահողներին էլ պիտի պատժեն հաջորդ իշխանությունները։ Իսկ մենք դեռեւս չենք մոռացել նոր նախագահի նախընտրական այն իմաստուն խոստումը, թե՝ կարեւորը ոչ թե պատժելն է, այլ՝ պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք բացառեն թալանի ու չարաշահման բոլոր հնարավորությունները։ Ստեղծվո՞ւմ են, կստեղծվե՞ն վիրոհիշյալ պայմանները, թե՞ այդօրինակ երազանքների գոյությունը միայն նախընտրական փուլերի հետ է զուգորդվում։ Վախենում ենք, որ մինչեւ իսկ շատ մեծ ցանկության դեպքում էլ դա մնա լոկ գեղեցիկ ցանկություն, քանզի չարաշահումների բուն պատճառը ոչ միայն անպատժելիության զգացողությունն է, այլեւ՝ պաշտոնյաների ու բոլորի աշխատավարձերի ցածրությունը, ինչպես նաեւ՝ այլեւայլ գործոններ։

Ժողովուրդն այն կարծիքին է, որ կոմունիստների ժամանակ նույնպես պաշտոնյաներն ուտում էին, ճիշտ է, բայց՝ չափավոր։ Հիշեցնելով ավելացնենք, որ կոմունիստների ժամանակ ոչ միայն չափավոր ուտում էին, այլեւ՝ չափավոր էլ աշխատավարձ էին ստանում. այնքան չափավոր, որ դրանով միանգամայն հնարավոր էր ընտանիք պահել։ Հիշեցնենք նաեւ, որ վերոհիշյալ «չափավոր ուտողներից» շատերն այսօր էլ շարունակում են բարձր պաշտոններ զբաղեցնել, բայց նրանց չափավոր ուտելն առանձնապես չի զգացվում։ Այս ամենով հանդերձ, չի կարելի չանդրադառնալ մի ակնառու փաստի. մեզանում այսօր առաջացել եւ առաջանում է բարձրաստիճան պաշտոնյայի մի տարատեսակ, որը կուրծք ծեծում ու երդում է ուտում, որ ինքը կաշառակեր չի եւ պաշտոնն էլ չի չարաշահում ոչ մի իմաստով։ Ամենահետաքրքիրն այն է, որ չեն ստում, եւ դա հենց այդպես էլ կա, քանի որ տվյալ բարձրաստիճան պաշտոնյաներն արդեն հասցրել են ունենալ իրենց սեփական խանութը, ռեստորանը կամ գործարանը, որտեղից էլ առաջանում եւ բխում են նրանց հանապազօրյա եկամուտները։ Որ պաշտոնը սույն պաշտոնյային հնարավորություն է ընձեռել ունենալ (երբեմն՝ շատ էժան գներով) վերոհիշյալ օբյեկտները՝ փաստ է, բայց փաստ է եւ այն, որ այս երջանկահիշատակներն այսօր հնարավորություն ունեն, պետական պաշտոններ զբաղեցնելով հանդերձ, չարաշահումներ իսկապես չանել։ Դրա փոխարեն՝ նրանք լիովին կարող են օգտագործել իրենց բոլոր կապերն ու լծակները, որպեսզի իրենց սեփական օբյեկտներն անխափան աշխատեն։

Այսինքն՝ իրենք իրենց օբյեկտի ե՛ւ հիմքն են, ե՛ւ տանիքը։ Պաշտոնն ընդամենը նպաստում է, որ ե՛ւ հիմքն ամուր լինի, ե՛ւ տանիքը։ Այսինքն՝ անպաշտոն (կամ տանիք չունեցող) բիզնեսմենները կամ գործատերերը, կարելի է ասել, մշտապես սնանկացման ու ձախողման վտանգի տակ են։ Մեզանում պաշտոնի արդյունավետությունն ու պաշտոն ունենալու նպատակահարմարությունը հավաստող մեր այս էքսկուրսը կարող է հավաստի չհնչել, եթե այս ամենին չհավելենք շրջապատի ու հասարակության գործոնը։ Հանրահավաքներում ու մամուլում, ճիշտ է, հեռվանց սուր քննադատության ու ծաղրի են ենթարկվում գրեթե բոլոր բարձրաստիճան այրերը, բայց մոտիկից՝ առաջին պլանում, նրանք բոլորն էլ առանձնահատուկ հարգանքի են արժանանում, եւ շատ հաճախ՝ հենց նույն միտինգավորների եւ լրագրողների կողմից։ Եվ սա նույնպես հիմնավոր պատճառ է, որպեսզի ուզածդ պաշտոնյա, կառչելով աթոռից, մահվան պես սոսկալի բան համարի իր պաշտոնաթողության հավանականությունը: Այսինքն՝ բոլորս միասին՝ ազգովի՛ ենք նպաստում, որ կատարյալ ու ամբողջական դառնան մեր բարձրաստիճան այրերից շատերի բացասական կերպարները։ Նպաստում ենք, բայց եւ՝ պատճառներն այլ անհայտ տեղեր ենք փնտրում, առանց գոնե ինքներս մեզ խոստովանելու, որ հայ պաշտոնյայի տեսակը միայն Հայաստանում, միայն մեր մեջ եւ միայն մեր միջոցով կարող էր առաջանալ ու ձեւավորվել։

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930