1995թ. մարտի 21-ին, Թալինի շրջանային հիվանդանոցում բժիշկների կատարյալ անպատասխանատվության պատճառով ծննդաբերելիս մահացել է 19-ամյա Քրիստինե Բաղդասարյանը։ Երեխան նույնպես մահացել է։ Բժիշկները մեղքը բարդում են միմյանց վրա, իրավապահ մարմինները գործը կարճելու համար կաշառք են պահանջում։
Իրենց արդարացնելու ոչ մի փորձ չէր խնայում Թալինի շրջանային հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգ Ցոլակ Խաչատրյանը։ Իսկ բանն այսպես է եղել. 95-ի մարտի 21-ի գիշերը, հերթապահության չմնալով (հոգնած էր), տանն է եղել, երբ Քրիստինեի հարազատները գիշերը ժամը 4-ին իրեն շտապ հիվանդանոց են կանչել՝ ծննդկանին օգնելու։ Բժիշկը հիվանդի մոտ արձանագրել է պտղի միջաձիգ դրություն եւ որոշել է ծննդաբերությունն ավարտել կեսարյան հատումով։ Հերթապահ լաբորանտուհին տեղում չէր, ու մինչեւ վիրահատումը հիվանդը հետազոտության չի ենթարկվել։
Անեսթեզիոլոգ Աննման Կնյազյանը ներարկել է միոռելաքսանտ, որից հետո հիվանդը կապտել է։ Արհեստական շնչառությունն ու մերսումը չեն օգնել։ Մասնագիտության բերումով, թեեւ բժիշկ Խաչատրյանն իմացել է, որ տվյալ դեպքում պետք է ծակել կոկորդն ու խողովակ մտցնել, սակայն համարելով, որ դա իր պարտականությունը չէ, այդ բանը չի արել եւ չի էլ պահանջել Ա. Կնյազյանից։ Հիվանդի սիրտը կանգնել է։ Տնից ուշացումով կանչել են մյուս անեսթեզիոլոգին՝ Վարդան Առաքելյանին, որը տեղ է հասել սրտի կանգից 15 րոպե անց եւ նայելով հիվանդի բիբերը՝ արձանագրել է գլխուղեղի կեղեւի մահ։
Սա գրանցել է նաեւ ժամը 12-ին հրավիրված գլխավոր անեսթեզիոլոգ Գեորգի Անժելովը։ Վերջինս բժիշկ Խաչատրյանից պահանջել է կեսարյան հատումով հեռացնել մահացած պտուղը՝ գտնելով, որ հիվանդի վիճակը դրանից կբարելավվի։ Գլխավոր բժիշկ Արսեն Ասատրյանը նույնպես ստիպել է այդ անել, սակայն Խաչատրյանը, գտնելով, որ այդ դեպքում հիվանդի մահը կբարդեն իր վրա, ճիշտ է համարել մահացած պտուղը հեռացնել պտղաշրջման միջոցով։ Նա գտնում էր, որ պտղաշրջումը կատարել է հետմահու, որ հիվանդի սիրտն աշխատել է մեխանիկորեն։ Պտղաշրջումից հետո արյունահոսություն չի եղել, այլապես ներկաները կնկատեին։ Ժամը 15-ին գրանցվել է կենսաբանական մահ։ Դատական բժիշկը գրանցել է, որ Քրիստինե Բաղդասարյանի մահվան պատճառը ծանր հեմոռոգիկ շոկն է, սակայն Խաչատրյանը պնդում է, որ հիվանդի մահվան պատճառը իր մասնագիտական սխալ մոտեցումը չի եղել, այլ մինչ վիրահատական ոչ ճիշտ գործողությունները։
ՀՀ քրեական օրենսգրքի 184 հոդվածով Խաչատրյանին մեղադրանք է ներկայացվել։ 1996թ. Արթիկի ժողդատարանը քննեց գործը եւ որոշեց այն հանել իր վարույթից ու վերադարձնել Թալինի շրջանի դատախազություն՝ լրացուցիչ նախաքննության։ Այստեղից գործերը ուղարկվեցին Գերագույն դատարան։
Կարդացեք նաև
«Ի դեպ, ԱԺ պատգամավոր Խաչիկ Սաֆարյանն ինձ տեսավ փողոցում, ասաց, որ ինքը գիտի, որ ես որեւէ մեղք չունեմ, որ ինձ այդ գործի մեջ ներքաշել են, որպեսզի այդ սրիկաները փող աշխատեն, եւ խոստացավ ինձ օգնել»,- ասաց Խաչատրյանը։
Նախկին գլխավոր դատախազ Արտավազդ Գեւորգյանը խոստացել է գործը կարճել։ Գործերը Գերագույնից ուղարկել են Արմավիրի դատարան։ «Այն էլ ասեմ, որ դատափորձաքննությունն արվել է առանց դիահերձման։ Ինձ նույնիսկ չթողեցին, որ մտնեմ դիահերձարան։ Նրանք նախօրոք ծրագրել էին, որ ինձ գործի մեջ ներքաշեն։ Դիահերձման հաջորդ օրը մեր գլխավոր բժիշկն ինձ եւ երկու անեսթեզիոլոգին կանչեց իր աշխատասենյակ եւ հաղթականորեն ասաց, որ ինքը խոսել է դատախազության հետ, համաձայնվել են, որ եթե 5000 դոլար կաշառք տամ, գործը կփակեն։ Ես էլ ասացի, որ եթե անմեղ եմ, ինչի՞ տանեմ էդ փողը տամ, էս անտեր երկրում օրենք չկա՞։ Ես հրաժարվեցի, ու սկսվեց քաշքշուկը»,-պատմում էր Ց.Խաչատրյանը։
Արմավիրի դատարանը գործը նորից տեղափոխեց Գերագույն դատարան, այստեղից՝ Շենգավիթի դատարան, այստեղից էլ՝ զինվորական դատարան։ «Դատախազ Գալյան Հովհաննեսն ինձ ճանաչեց մեղավոր, եւ դատապարտվեցի երկու տարվա կալանքի։ Ամնիստիա եղավ, ու ինձ ազատեցին։ Բացի այդ, պարտավորեցրին, որ տուժածի ընտանիքին 1500 դոլար մուծեմ։ Երկու տարի չեմ աշխատել։ Որտեղի՞ց տամ այդ գումարը։ Եթե ունենամ էլ, ախր, ինչո՞ւ տամ, որ որեւէ մեղք չունեմ»։
Ճիշտն ասած, ես էլ եմ զարմացած, բայց ոչ բժիշկ Խաչատրյանի ենթատեքստով. բժիշկների իմիջիայլոց աշխատանքի պատճառով մահացել է 19-ամյա Քրիստինե Բաղդասարյանը, իսկ այս կաշառակերաարդարացումային խառնաշփոթի մեջ ոչ ոք իրեն մեղավոր չճանաչեց ու ոչ ոք մեղքի զգացումով չարտաբերեց Քրիստինեի անունը։
ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ
Հ.Գ. – Մեր թերթի երեկվա համարի անոնսում «500 դոլար՝ յուրաքանչյուրից» նախադասության մեջ փոքրիկ վրիպակ է թույլ տրվել. պակաս է գրվել 500-ի մեկ զրոն։ Պետք է լիներ՝ 5000։ Քրեական օրենսգիրքը, կարծում եմ, այո զրոյի համար մի քանի տարի ավելի պատժաչափ պիտի որ ունենա: