Հաշվետվություններն ու իրականությունը մեր ժամանակներում
Նոր Նորքի համայնքի պաշտոնաթերթում զետեղված 1997 թ. եւ 1998 թ. առաջին եռամսյակի բյուջետային հաշվետվության ցնցող թվերը ընթերցելը հաճույք էր։ Հանաք բա՜ն է, միայն 1997 թ. եկամտային մասով գույքահարկի պլանները գերակատարել ենք 127,6 տոկոսով (8 մլն 660,8 հազար դրամի փոխարեն հավաքել ենք 11 մլն 54,6 հազար դրամ), ոչ հարկային եկամուտները՝ 115,5 տոկոսով։ Ընդհանրապես, համայնքի սեփական եկամուտները 1997 թ. կազմել են 113,8 (63 մլն 101,7 հազարի փոխարեն հավաքվել է 71 մլն 804,4 հազար դրամ)։
Առավել շռնդալից բնույթ են կրում 1998 թ. առաջին եռամսյակի տվյալները։ Եթե 1997 թ. հողի հարկի գծով թերակատարում էր արձանագրվել (93,1 տոկոս, 66 մլն 242 հազարի փոխարեն՝ 65 մլն 462,7 հազար դրամ), ապա այս տարվա առաջին եռամսյակում հողի հարկի գանձման պլանը գերակատարել ենք եւ հասցրել 143,1 տոկոսի (784 հազարի փոխարեն 1 մլն 122 հազար դրամ), գույքահարկինը՝ 380 տոկոսի (1 մլն 190 հազարի դիմաց՝ 4 մլն 590,1 հազար դրամ), ոչ հարկային եկամուտները՝ 158,8 տոկոսի (1 մլն 870 հազարի փոխարեն հավաքվել է 2 մլն 978,4 հազար դրամ)։
Ճիշտ է, 1997 թ. համայնքի ընդհանուր բյուջեի մեջ պետական լրահատկացումը կազմել է 75 տոկոս, սակայն այս տարվա առաջին եռամսյակում տեղական հարկային ու ոչ հարկային եկամուտներն արդեն կազմել են եռամսյակային 36 մլն 811,2 հազար դրամ, ընդհանուր եկամուտների մոտ 30 տոկոսը, քանի որ պետական դոտացիան նախատեսվածից երկու անգամ ավելի քիչ է տրամադրվել Նոր Նորքի համայնքին։
Բյուջեի անցած տարվա եւ այս տարվա առաջին եռամսյակի հաշվետվությունից պատիվ ունեցա տեղեկանալ, որ համայնքի եկամուտներից անցած տարի ասֆալտապատման վրա ծախսվել է 35 մլն 944,8 հազար դրամ, իսկ այս տարվա առաջին եռամսյակում՝ 1 մլն 500 հազար դրամ։
Կարդացեք նաև
Համայնքի գլխավոր ավտոմայրուղիների, մեղմ ասած, անբարեմխիթար վիճակը ստիպեց պարզել «անլեգալ ասֆալտապատման» դրդապատճառները։ Ասացին, որ քաղաքի բոլոր գլխավոր ավտոմայրուղիները գտնվում են քաղաքապետարանի իրավասության ներքո եւ դրանց խնամքի հոգսերն էլ դրված են մայրաքաղաքի գլխավոր պատասխանատուների ուսերին, որոնք էլ, կարծես թե, թերանում են իրենց սրբազան պարտականությունների կատարման մեջ։ Սակայն մեր հարազատ թաղից՝ Նոր Նորքի 5ևրդ զանգվածից ունեցած տվյալներն էլ հուշում են, որ, այսուհանդերձ, ասֆալտապատումը համայնքում կրել է անլեգալ բնույթ, քանի որ դրա հետքերը համենայնդեպս 5ևրդ զանգվածում հնարավոր չեղավ հայտնաբերել։
Իմիջիայլոց, այս տարի ասֆալտե կարկատանների հանդիպեցինք համայնքի գլխավոր մայրուղում՝ Գայի պողոտայում, որը պարզվեց իրականացվել է համայնքի բյուջեի հաշվին (այսինքն՝ ցանկության դեպքում կարելի է շրջանցել նաեւ քաղաքապետարանի պարտականությունների տիրույթները)։ Սույն հաշվետվությունից նաեւ պատիվ ունեցանք տեղեկանալ, որ 1997 թ. համայնքում իրականացվել է 8 մլն 400 հազար դրամի, իսկ այս տարվա առաջին եռամսյակում՝ 807,7 հազար դրամի կանաչապատման աշխատանքներ։ Նոր Նորքի 5-րդ զանգվածի բնակիչներիս համար կանաչապատման աշխատանքները եւս, չգիտես ինչու, մնացել են անլեգալների, մեզ համար անհասանելի համարվող գործունեության շարքը…
Համայնքային հարազատ բյուջեի կատարողականից նաեւ հետեւում է, որ բնակֆոնդի պահպանման (նորոգման) վրա 1997 թ. ծախսվել է 28 մլն դրամ, այս տարվա առաջին եռամսյակում՝ 500 հազար դրամ։ Բոլորին հրավիրում ենք «էքսկուրսիայի» 5-րդ զանգվածի շենքերով, որպեսզի անձամբ համոզվեք, թե ինչ ահավոր վիճակում են գտնվում շենքերը։ Տանիքներից ջուրը ոչ միայն ողողում է վերջին հարկերի բնակարանները, այլեւ ուժեղ անձրեւների ու ձնհալի ժամանակ ջուրը հաճախ հորդառատ գետի նման հոսում է առաջին հարկերի մուտքերի տարածքով։
Իրավիճակը մանրամասն ներկայացնելու կարիքը կարծում ենք չկա։ Յուրաքանչյուրս քաջածանոթ ենք այդ ամենին, եւ ցանկացած նմանօրինակ շարադրանքները կարող ենք հարստացնել մեր շենքից քաղված նաեւ այլ յուրօրինակ փաստերով։ Հարց է ծագում, վերանորոգման, բարեկարգման կարիք ունեցող շենքերը քանի տարի կարող են դիմանալ քայքայման «գործընթացներին»։ Ստացվում է, որ բյուջեում տեղ գտած բնակֆոնդի պահպանման, վերանորոգման մասին հաշվետվությունը նույնպես անլեգալ, գաղտնի պայմաններում ու վայրերում կատարած աշխատանքների՞ն է վերաբերում։ Ե՞րբ պետք է այդօրինակ աշխատանքները, բյուջեով հանդերձ, ժամանեն նաեւ մեր թաղը, շենքերը, փողոցներն ու բակերը։
ԼՈՒՍԻՆԵ ՏԵՐՏԵՐՅԱՆ