Կոնյակի գործարանն, այնուամենայնիվ, վաճառվեց ֆրանսիացիներին, երեկ Փարիզում այդ առիթով պայմանագիր ստորագրվեց:
Արհեստավարժ տնտեսագետ չլինելով, ամենեւին էլ հակված չենք որեւէ գնահատական տալ այդ գործարքին: Սակայն ԱԺ որոշ պատգամավորների մարդկային կեցվածքը, երեւի, արժե գնահատել: Նշված գործարքը «հավանություն ստացավ» 10 կողմով եւ 72 դեմով:
Կոնյակի գործարանի վաճառքի կառավարության ծրագրի տասը կողմնակիցներ՝ գումարած նույն ծրագրի 72 ընդդիմախոսներ՝ ահա 82 սկզբունքային պատգամավորների թիվը գրանցված 157-ից: Մնացած 75-ը նրանք են, ովքեր ձեռնպահ էին կամ չէին քվեարկել: Ընդ որում, ձեռնպահ էին ընդամենը 24-ը, իսկ չէին քվեարկել 51-ը: Հենց այդ 51-ն էլ, ովքեր չեն ցանկացել կոճակ սեղմել, լուծել են գործարանի ճակատագիրը: Նրանց թվում են փառապանծ մարզպետներ Գոմցյանն ու Ասատրյանը, «օրինաց երկրացիներ» Երիցյանն ու Բաղդասարյանը, հայրական ապտակ ստացած Արամազդ Զաքարյանը, ԿԸՀ նախագահ Բեզիրջյանը, միակ դաշնակցական Ռուբեն Հակոբյանը եւ այլք: Նրանք բոլորը գրանցվեցին՝ ապահովելով քվորումը, իսկ հետո, հավանաբար, գտել են ավելի կարեւոր, ավելի անհրաժեշտ գործեր, քան կոնյակի գործարանի ճակատագիրը: Բացառված չէ նաեւ, որ քվեարկության պահին 51-ն էլ «փոքր պետք» ունեցան:
Քվեարկողների ճնշող մեծամասնությունը, կրկնում ենք, գործարանի վաճառքին դեմ արտահայտվեց: Հետաքրքիր է, որ մեծամասնություն կազմող «Երկրապահ» խմբի որոշ անդամներ, այդ թվում խմբի նախագահ Սմբատ Այվազյանն ու ԱԺ փոխնախագահ Ալբերտ Բազեյանը, գերադասեցին ձեռնպահ մնալ: Ընդամենը 10 հոգի են իրենց վրա պատասխանատվություն վերցրել: Իսկ 51-ը ԱԺ-ից դուրս եկան սպիտակ ձեռնոցներով: