Այսպես որակեց վարչապետ Արմեն Դարբինյանը Երեւանի կոնյակի գործարանը միայն հայ գործարարներին վաճառելու մոտեցումը։
Չնայած երեկ մինչեւ 21.30 տեւած ԱԺ-ի նիստում շուրջ 20 ելույթներից եւ ոչ մեկը նման պնդում չէր պարունակում։ Թերեւս միայն Մկրտիչ Գիմիշյանն էր, որ մերժելի համարեց այն մոտեցումը, որ ֆրանսիացիներն ավելի լավ եւ աշխատասեր գործարարներ են, քան հայերը։ Գուցե թե սա վիճարկելի դրույթ է, բայց ոչ ազգայնական։ Կամ մի՞թե ֆաշիստական էին Էդվարդ Եգորյանի այն հայտարարությունները, թե ինչու է կառավարությունը մեր գործարարների համար վատ հարկային քաղաքականություն իրականացնում, իսկ հարկային արտոնությունները միայն օտարերկրյա ֆիրմաներին հատկացնում։ «Ի՞նչ է, մերոնք սեւամո՞րթ են»,- հեգնեց պրն Եգորյանը, առաջարկելով կոնյակի գործարանին հենց հիմա շահութահարկի եւ այլ արտոնություններ սահմանել եւ այն խաղողի մթերումներն էլ կավելացնի, գովազդներ էլ կանի։
Էդվարդ Եգորյանը, Վահագն Խաչատրյանն այն քիչ պատգամավորներից էին, որոնց ելույթներից երեւում էր, որ ծանոթ են գործարքի պայմանագրին։ Թե չէ, ասենք, Խորեն Սարգսյանն ու Սմբատ Այվազյանը փաստարկ էին դարձրել, որ արտասահման գնալիս իրենց հետ միշտ հայկական կոնյակ են տարել (Թռչունիչն անգամ ընտանիքի լուսանկարի փոխարեն): Հովհաննես Իգիթյանը պատմեց, որ միջազգային կազմակերպություններում, երբ իր նշանի վրա Արմենիա անվանումն են տեսնում՝ անպայման առաջին արձագանքը մեր կոնյակի վերաբերյալ դատողություններն են լինում։ Լեոնիդ Հակոբյանն ասում էր. «Եթե պետությունն ի վիճակի չէ այս գործարանը պահել՝ թող մեզ ասեն, մի ձեւ կգտնենք։ Էդ «Պեռնոյի» հետ էլ հարցերն ընենց կլուծենք, որ էլ Հայաստան չեն գա»։ Վազգեն Սաֆարյանի ներկայացրած փաստարկներից էր, որ Հայաստանը միշտ հայտնի է եղել կ-ով սկսվող իր 3 արտադրանքներով՝ կոնյակ, կոշիկ ու «կանսերվա»։ Վիգեն Խաչատրյանը երկյուղ հայտնեց, թե օպերայի շենքն ու Մատենադարանն էլ կարող են վաճառել։
Վազգեն Սաֆարյանն ասաց, թե չի զարմանա, եթե Սեւանա լիճն էլ վաճառեն։ Խորեն Սարգսյանը գույներն առավել սաստկացրեց, թե սրանից հետո գուցե վաճառեն եկեղեցիներն ու գերեզմանաքարերը։ «Սա մեր ամենալավ ձեռնարկությունն է, բայց Անիի ավերակները կամ Գառնիի տաճարը չի»,- Արմեն Եղիազարյանի հակափաստարկներն էլ պակասը չէին։ Իհարկե, այս ամենը ներկայացնելն արդեն իսկ իմաստազուրկ է։ Կարեւորն այն է, որ ընդամենը 7 ձայն չհերիքեց կոնյակի գործարանի վաճառքը կասեցնելու համար։ Եվ անգամ նախագահի խորհրդական Պարույր Հայրիկյանի առաջարկությունն անարձագանք մնաց, թե թող այս գործարանի բաժնետոմսերը խաբված ավանդատուներին տրվեն՝ նրանց կորցրած խնայողությունների դիմաց։ Ինչեւէ, կարելի է ներկայացնել այն լուրջ տարակույսները, որ կային այս գործարքի վերաբերյալ։ Վահագն Խաչատրյանն էր նշում, թե պայմանագրում մեխանիզմներ չեն նախատեսված այն դեպքերի համար, եթե գնորդը չկատարի պայմանները։ Արմեն Կիրակոսյանն էլ էր նշում, թե վերահսկելիությունն ապահովված չէ։
Կարդացեք նաև
Վարչապետ Արմեն Դարբինյանն ասում էր, որ մինչ այժմ Հայաստանում ոչ մի չմիջնորդավորված գործարք չի եղել նաեւ նմանատիպ քննարկումների պատճառով։ Շահեն Կարամանուկյանի այն փաստարկներին, թե նման հայտնի ֆիրմայի մուտքը պիտի ողջունվի, քանզի կհետեւեն լրջագույն այլ ներդրումներ՝ Էդվարդ Եգորյանն առարկեց, թե ինչպե՞ս էր, որ «Միդլենդին» եւ «Կոկա-կոլային» չհետեւեցին այլ ընկերություններ։ Ի դեպ, նաեւ նշեց, թե չի հավատում կառավարության այն պնդումներին, թե այս գործարքը պահպանելով Հայաստանի միջազգային հեղինակությունն էին փրկում՝ հաշվի առնելով այն, ինչ տեղի ունեցավ ավելի վաղ ընտրական օրենսգրքի հետ. «Նրանք ընդամենը բասկետբոլ խաղալու իրենց իրավունքն են պաշտպանում»։
Ա. Ի.