ԱԺ-ի երեկվա քննարկումների ընթացքում մի անհավատալի փաստ արձանագրվեց։ Արարատի գինու գործարանի սեփականաշնորհման օրինականությունը ստուգելու վերաբերյալ Վանո Սիրադեղյանի առաջարկին կողմնակից էին նրա երկու մոլի հակառակորդները՝ Էդվարդ Եգորյանը եւ Արշակ Սադոյանը։ Սակայն դեմ էր Բաբկեն Արարքցյանը, որը սպառնաց այդ հարցը քվեարկելու դեպքում հրաժարվել արտահերթ նիստի հրավիրման իր ստորագրությունից։ Սադոյանն առաջարկեց Սիրադեղյանին. «Իբրեւ նախկին կառավարության անդամ օրենսդրական նախաձեռնություն ներկայացրեք՝ մենք էլ կմիանանք Ձեզ»։
ԵՐԿԻՆՔԸ ՉԻ ԽԱՂԱՂՎՈՒՄ
Հունիսի 10-ին եւ 11-ին Ստեփանավանում տեղացած հորդառատ անձրեւներն ու կարկուտը մեծ վնասներ պատճառեցին քաղաքին ու մոտակա բնակավայրերին։ Ստեփանավանի բնակարանների ու շենքերի նկուղային հարկերը ողողվել են անձրեւաջրերով։ Հեղեղները քշել-տարել են մի քանի կամուրջներ (միայն Բովաձոր գյուղում՝ երկու կամուրջ), պոկել են ժամանակավոր բնակության տնակները։ Շարքից դուրս են եկել մեծ ծավալի ցանքատարածություններ, ավերվել են անասնագոմեր, կա անասնագլխաքանակի կորուստ։ Ճանապարհներն ու խճուղիները (հատկապես գյուղական վայրերում) դարձել են անանցանելի։
ԴԱՎԻԹԻ ՓՈԽԱՐԵՆ ՀՐԱՉԸ
Կարդացեք նաև
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանին մասնակցելու նպատակով հունիսի 20-ին Ստրասբուրգ կմեկնի Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը։ Այս անգամ պատվիրակության անդամների մեջ փոփոխություն է կատարվել։ Ֆուտբոլային լեզվով ասած՝ խաղից դուրս եկած արդարադատության նախարար նշանակված Դավիթ Հարությունյանի փոխարեն հայկական կողմից խաղամեջ կմտնի Արագածոտնի նախկին մարզպետ Հրաչ Գրիգորյանը։