Վերջին երեք-չորս տարիներին կառավարությունը կազմելով երկրի հիմնական տնտեսական փաստաթուղթը՝ բյուջեն, ոչ մի կերպ չի դիմանում անվանակոչման գայթակղությանը։ Համարյա ամեն անգամ այն ներկայացվում է որպես զարգացման բյուջե։ Տնտեսական առաջընթաց արձանագրելու ազնիվ մղումով։ Տնտեսության որոշ ցուցանիշներ առաջընթաց արձանագրող ինչ-որ բան հիշեցնում են։
1997թ. հանրապետության արտաքին առեւտրի շրջանառության ծավալը առաջին անգամ գերազանցեց 1 մլրդ դոլարի ցուցանիշը։ Վերջին տարիներին բոլոր կառավարությունները հաշվետվություն ներկայացնելիս արտաքին առեւտրի ցուցանիշների մեջ անընդհատ ներառում են նաեւ հումանիտար օգնության ծավալը։ Դա հնարավորություն էր տալիս երկրի արտաքին տնտեսական գործունեությունը ներկայացնող ավելի ներկայանալի ցուցանիշ ստանալ։ Մանավանդ որ հումանիտար օգնության ծավալը տարբեր տարիների ընթացքում տարեկան կազմել է 80-200 մլն դոլար։ Անցած տարի մենք ստացել ենք 94,1 մլն դոլարի հումանիտար օգնություն։ Մարդասիրական ներկրված բեռների ծավալը հնարավոր է, որ որոշ չափով պայմանավորված է կառավարության աշխատանքի արդյունավետությամբ։ Սակայն ոչ մի դեպքում այն չի կարելի համարել երկրի տնտեսավարման ցուցանիշ։
Անցած տարի, անգամ առանց հումանիտար օգնության ծավալի, արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է մոտ 1 մլրդ 32 մլն դոլար։ «Խիստ պատեհ առիթ է թմբուկ խփելու համար», ինչպես նշվում է «Էներջայզեր» մարտկոցների գովազդում։ Սակայն թմբուկ խփող չեղավ, որովհետեւ բոլորն էլ հիշում էին ռուս պոետի «ինչն է լավ եւ ինչն է վատ» խիստ պրագմատիկ հարցադրումը։ Այն, որ բացարձակ ցուցանիշն աճում է՝ դա լավ է։ Բայց որ այն աճում է բացառապես ներմուծումների հաշվին՝ դա վատ է։ Երկրի առեւտրային հաշվեկշիռը բացասական է մոտ 567 մլն դոլարով։ 1997թ. ներմուծվել է մոտ 800 մլն դոլարի արտադրանք։ Արտահանման ծավալները կազմել են ընդամենը 233 մլն դոլար։ Տնտեսական կապերը ԱՊՀ երկրների հետ իսկապես խզված են եւ նրանց հետ արտաքին առեւտրի ցուցանիշները տարեցտարի կրճատվում են։ Ներմուծվող ապրանքների միայն 34 տոկոսն է բաժին ընկնում նախկին խորհրդային հանրապետություններին։
Վերջին տարիներին չի փոփոխվում մեկ կայուն ցուցանիշ՝ հանրապետություն ներմուծվող ապրանքատեսականու մեկ երրորդը սննդամթերք է։ Որքան էլ բողոքենք հանրապետությունում վաճառվող արտասահմանյան սննդի որակից, պիտի ընդունենք, որ դրանք հիմնականում ներմուծվում են զարգացած երկրներից։ Տնտեսապես թույլ զարգացած համարվող ԱՊՀ երկրներից հիմնականում (64,7 տոկոսը) կազմում են հանքահումքային նյութերը։ Այս ցուցանիշներից ելնելով՝ կարելի է եզրակացնել, որ մեր արտադրական համակարգը գործընկերոջ կարգավիճակ առայժմ ունի միայն ԱՊՀ երկրների համար։ Զարգացած երկրների համար մենք հիմնականում թույլ զարգացած երկրների ստանդարտներին համապատասխանող (կամ ոչ մի ստանդարտի էլ չհամապատասխանող) սննդամթերքի սպառող ենք։ Ստանդարտացման, չափագրության եւ սերտիֆիկացման վարչության տվյալներով՝ անցած տարի արգելվել է 14 անուն սննդամթերքի վաճառք։ Դրանցից չորսը ամերիկյան արտադրության են, մեկը՝ իռլանդական։ Մինչդեռ ԱՊՀ երկրներից ներմուծումների ծավալում սննդամթերքը ընդամենը 6 տոկոսն է կազմում։
Կարդացեք նաև
Արտահանումների ծավալը վերջին երեք տարում շատ կայուն կրճատվում է։ Ըստ վիճվարչության տվյալների, 96 թվականի համեմատ արտահանման ծավալը կրճատվել է մոտ 20 տոկոսով։ Փորձագետների կարծիքով սա հիմնականում տնտեսական հարաբերությունների ստրատեգիայի բացակայության արդյունք է։ Մի քանի տարի անընդմեջ մեր արտահանումների 40-50 տոկոսը կազմում էին թանկարժեք մետաղները, մշակված եւ անմշակ ալմաստը։ Համաշխարհային շուկայում ալմաստի արտադրության եւ իրացման համակարգը խիստ մոնոպոլացված է։ Այս ոլորտում քիչ թե շատ ինքնուրույն տնտեսավարելու ոչ մի փորձ դրական արդյունք չի տալիս։
Վերջին երկու տարում «հայկական» ալմաստի նկատմամբ հետաքրքրության մարումը հանգեցնում է խիստ բացասական հետեւանքների։ Թանկարժեք մետաղների եւ մշակված ու անմշակ ալմաստի արտահանումը 97թ. կազմել է արդեն 24 տոկոս։ Արտահանումների ծավալում առաջին պլան է դուրս եկել արտադրության հետ համարյա ոչ մի կապ չունեցող ոլորտ՝ մետաղի եւ մետաղյա իրերի դուրսկրումը։ Այն հասնում է սպառնացող չափերի՝ մոտ 25 տոկոս։ Եթե հաշվի առնենք, որ վիճվարչությունը նշում է, որ սարքավորումների, մեքենաների արտահանումը 14 տոկոս է, ապա մետաղի արտահանման իրական չափաբաժինը շատ ավելի մեծ է։
Ասվածից կարելի է շատ կոպիտ եզրակացության հանգել՝ մեր արտահանումների մոտ մեկ երրորդ մասը ոչ մի կապ չունի արտադրական համակարգի հետ։ Արտաքին առեւտրի թե ներկրումների, թե արտահանումների գծով պետական ձեռնարկությունների մասնաբաժինը մոտ 30 տոկոս է։ Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը վերջին ասուլիսի ժամանակ փորձում էր լրագրողներից իմանալ, թե ինչ է պետական սեփականությունը։ Ըստ հավաստի լուրերի, ներկա լրագրողներն իրենց պահել են խորհրդային պարտիզանի նման եւ ոչ մի պատասխան չեն տվել, որից սույն նախարարը կարող էր ըմբռնել տնտեսագիտական այդ գաղտնիքը։ Եվ ահա այդ անըմբռնելի եւ հույժ գաղտնի ոլորտը ապահովել է 1 մլրդ 32 մլն ապրանքաշրջանառության մոտ 31,5 տոկոսը։ Սա եւս մակրոտնտեսական մյուս լուրջ ցուցանիշների նման նվազելու միտում ունի։ Եվ կնվազի, քանի դեռ լրագրողներն իրենց պարտիզանի նման կպահեն ու մեր տնտեսական ղեկավարներին չեն բացի իրենց գիտելիքները տնտեսության մասին։
ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ
Հ. Գ. Պետական սեփականություն չլինելու մասին նախարար Էդ. Սանդոյանի հայտարարությունն անհեթեթ վիճակի մեջ է դրել ՀՀ դատաիրավական համակարգը։ Իրավապահները տարեկան պետական սեփականության հափշտակման 600-800 դեպք են գրանցում։ Արդյունքում այդ մեղադրանքով տարեկան բանտարկվում են ՀՀ մի քանի հարյուր քաղաքացիներ։ Չճշտված լուրերի համաձայն՝ մի քանի հազար կալանավոր դիմել են ՀՀ կառավարությանը։ Նրանք պահանջում են անհապաղ արդարացնել իրենց, քանի որ դատապարտվել են չեղած բանի՝ պետական ունեցվածքի գողության համար։