Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՆԱ ՈՒԶՈՒՄ ԷՐ ԱՆՊԱՅՄԱՆ ՏԵՍՆԵԼ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Հունիս 12,1998 00:00

ՆԱ ՈՒԶՈՒՄ ԷՐ ԱՆՊԱՅՄԱՆ ՏԵՍՆԵԼ ՀԱՂԹԱՆԱԿԸ Հունիսի 12-ին լրանում է Մոնթե Մելքոնյանի զոհվելու 5-րդ տարին։ Ինչպիսի՞ն էր լեգենդար Ավոն՝ զինվորը, զորավարը, հրամանատարը։ Հիշում է ՀՀ պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Անատոլի Զինեւիչը (1993-1997թթ. ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբի պետ)։ – 1992-ի հունիսին Ստեփանակերտում ծանոթացանք։ Սերժ Սարգսյանը (այն ժամանակ՝ ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի կոմիտեի նախագահ – Ա.Բ.) ներկայացրեց. «Մոնթե Մելքոնյան՝ Մարտունու շրջանի հրամանատար»։ Առաջին հայացքից առնական, թիկնեղ տղամարդու տպավորություն էր թողնում, մինչդեռ փոքրամարմին էր, նվազ։ Թե ինչպե՞ս էր նրա մարմնում տեղավորվում այդ ահռելի ուժը՝ չգիտեմ։ Ուրախ, կենսախինդ աչքեր ուներ, բաց ժպիտ։ Ծանոթացանք թե չէ, սկսեցինք քննարկել ստեղծված իրավիճակը։ Միանգամից աչքերում կրակ երեւաց։ Վճռական էր, նպատակին հասնելու աներեւակայելի կամք ուներ, երբեմն՝ կոշտ էր, համառ։ Նրա հուզական աշխարհը մերից տարբերվում էր։ Միանգամից հավաքվել գիտեր, վայրկենապես լրջանում էր, զգացվում էր, որ այս մարդը գիտի՝ ինչ է փամփուշտի ոռնոցը, ինչ է մահը, նայել է մահվան երեսին՝ դեմ առ դեմ։ – Աֆղանստանում գիտեի՞ք Մոնթե Մելքոնյանի մասին։ – Ո՛չ իհարկե։ Պարզապես գիտեինք, որ մեր դեմ, դուշմանների կողմից՝ այսինքն Ֆրանսիայից, կամավորական ջոկատ է կռվում։ Հետո արդեն Ղարաբաղում իմացա, որ Մոնթեն էլ նրանց խմբից էր։ Նրանց կեսին բռնեցինք, մյուս կեսը՝ մոտ 8 հոգի, փախան։ Դա 1985-1986 թիվն էր։ Բայց հետո արդեն, երբ Մոնթեի հետ զրուցում էինք (Զինեւիչը ծիծաղում է- Ա. Բ.), հիշում էինք այդ օրերը։ Ես այն ժամանակ Աֆղանստանում խորհրդային 40-րդ բանակի օպերատիվ բաժնի պետն էի, իսկ ինքը, ինչպես ասում են, այլ «խաղաղարար» ուժերի կազմում էր։ Ես չէի հասկանում Մոնթեի հայերենը, իսկ նա չէր հասկանում իմ հայերենը, որովհետեւ հայերեն չգիտեմ, եւ անգլերեն էինք խոսում։ – Երեւի հաճա՞խ եք հանդիպել իրար։ Ինչպիսի՞ հրամանատար էր։ – Դե, իհարկե, շաբաթը երկու-երեք անգամ՝ պարտադիր, երբեմն ժամերով ինչ-որ հարցեր ենք քննարկել։ Մեկ տարի միասին կռվեցինք… Մոնթեի, իբրեւ հրամանատարի, ռազմական տաղանդը նրա ղեկավարած ստորաբաժանումների մակարդակի վրա էր։ Բայց, որպես մարդ, որպես հայրենասեր՝ անկրկնելի անհատականություն էր։ Մոնթեի պես մարդիկ երեւի թե հազարամյակը մեկ են ծնվում։ Միշտ ամենածանր տեղերում էր, իր անձնական օրինակով, մարդկանց հանդեպ իր անհուն սիրով տարբերվում էր մյուսներից։ Սիրում էր իր հողը, Ղարաբաղը, հայրենակիցներին։ Հավատում էր, որ անպայման տեսնելու է հաղթանակը, միակ հոգսը՝ դրան քիչ զոհերով հասնելն էր։ Մոնթեն կարողանում էր ոգեշնչել զինվորին։ Նրա կողքին զինվորը երբեք չէր թուլանում, չէր նահանջում, չէր փախչում ռազմի դաշտից։ – Ասում են նաեւ, թե որքան՝ բարեկիրթ,՝ այնքան էլ կոշտ էր։ – Իրո՛ք, զուսպ, բարեկիրթ մարդ էր։ Միեւնույն ժամանակ՝ մի քիչ փակ։ Նա կարող էր բարի ու մեղմ թվալ ընկերական շրջապատում, բայց կոշտ մարդ էր ե՛ւ թշնամու, ե՛ւ այն ստորաբաժանումների հանդեպ, որոնց հրամանատարն էր։ – Մոնթեն հասցրեց մասնակցել Քելբաջարի օպերացիային։ Որքան գիտեմ, դուք էլ էինք այնտեղ։ – Երբ Ղամիշլիում մոտեցանք թունելին, նրա ստորաբաժանումներն առջեւից էին գնում։ Կանգնեցրեց, հրամայեց չկրակել։ Ադրբեջանցի խաղաղ բնակչությանը հնարավորություն տվեց Քելբաջարից հեռանալ։ – Գեներալ Զինեւիչն այնքան էլ չի սիրում հիշել 93-ի հունիսի 12-ը։ – Ախր չպիտի՛ զոհվեր։ Կույր զուգադիպություն էր։ Չորս հոգով մտան մարտական գործողությունների շրջան, չստուգելով տարածքը։ Գտնվելով թշնամու գոտում՝ իր վրա վերցրեց սեփական ստորաբաժանումների դուրսբերման հարցը… Նման բաներ հրամանատարը իրավունք ունի սեփական տարածքում անել։ Իսկ ինքը գնաց ռիսկի։ Ողբերգական, անհեթեթ զուգադիպություն էր թշնամու ԲՄՊ-ի այդ արկի բեկորը։ Հունիսի 12-ին շտաբում էի, օպերատիվ բաժնում, ցերեկվա մարտական գործողությունների մասին տվյալներ էինք հավաքում։ Ժամը 14-14.30-նն էր։ Ռադիոկայանով ինչ-որ խառնաշփոթ էր, Մարտունու հրամանատարի անունն էր հնչում։ Մտանք կապի մեջ… Էլ ի՞նչ։ Սեյրանի հետ (ներկայումս ԼՂՀ ՊԲ-ի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Սեյրան Օհանյան – Ա.Բ.) սուրացինք ուղիղ Մարզիլլու (Աղդամի շրջան), տեսանք՝ Մոնթեին արդեն տարել էին։ Մարտունի գնացինք, դիահերձարան։ Տեսանք Մոնթեին. է՜… ԱԼՎԱՐԴ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել