Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե փողով լիներ, մարզպետ չէի դառնա»

Հունիս 12,1998 22:03

Այսօր տարածքային կառավարման նախարար Դավիթ Զադոյանն Արարատի մարզպետարանի աշխատակազմին կներկայացնի նոր մարզպետ Հովհաննես Աբրահամյանին, որը մինչեւ երեկ Արտաշատի քաղաքագլուխն էր։ Նրա նշանակումը տեղի է ունեցել հունիսի 11-ին հրավիրված կառավարության նիստում։

– Պարոն Աբրահամյան, շնորհավորում եմ նշանակման առիթով։ Կցանկանայի, որ բացատրեք, թե դա ինչպես տեղի ունեցավ։

– Շնորհավորանքի համար՝ շնորհակալություն։ Տեղի ունենալու հարցում չկար որեւէ խնդիր։ Բոլորն էլ գիտեն, որ շուրջ մեկ ամիս առաջ Դավիթ Զադոյանը, Արարատի մարզպետի պաշտոնը թողնելով, նշանակվեց տարածքային կառավարման նախարար։ Մարզպետի պաշտոնը թափուր էր, սակայն ասեմ, որ այդ պաշտոնը ստանձնելու որեւէ նախաձեռնություն ես չեմ ցուցաբերել։ Այստեղ, ըստ երեւույթին, աշխատեց արհեստավարժի ֆակտորը։ Ճիշտ է, այդ բառը վերջին ժամանակներս որոշ մարդկանց մեջ սխալ ասոցիացիաներ է տալիս եւ ճիշտ չի հասկացվում, սակայն, կարծում եմ, հաշվի առնվեց իմ աշխատանքային վերջին երեք տարվա գործունեությունը։ Մեկ տարի աշխատել եմ քաղխորհրդի գործկոմի նախագահ, երկու տարի եղել եմ քաղաքապետ, ուստի, համոզված եմ, որ ամեն ինչ չափվել է աշխատանքով։ Այստեղ չկա որեւէ այլ խնդիր։

– Լա՛վ, հիմա ասեք, թե ինչքա՞ն փող եք տվել մարզպետի պաշտոնի համար։

– Ինձ թվում է՝ պաշտոնները փողով չեն։ Եթե իմանայի՝ այդ պաշտոնը փողով է, չէի համաձայնվի նշանակվել։ Դա ցեխավիկի գործ չի, ու իմ աշխատավայրն էլ ցեխ չէ։ Դա բարձր պատասխանատու պաշտոն է, որը զբաղեցնողը գործ է ունենալու ժողովրդի հետ։ Ինձ թվում է՝ փող տալու կամ չտալու մասին խոսելն ավելորդ է ընդհանրապես։

– Բա ասում են, որ մարզպետներին, ու ոչ միայն նրանց, փողո՞վ են նշանակում։

– Ճիշտն ասած, ես մարզպետներին առնչվող նման խոսակցություններ չեմ լսել։ Պաշտոնյայի աշխատանքային գործունեության մեջ ամենահեշտ պահը նշանակումն է։ Այնուհետեւ սկսվում է ծանր գործունեությունը եւ պատասխանատվության շրջանը։ Արարատի մարզում կա 307 հազար բնակիչ. ես պարտավոր եմ մարզում մեծ ծավալի աշխատանք իրականացնել, որպեսզի ժողովուրդը զգա պետական իշխանության ներկայացուցչի տեղն ու դիրքը։ Ինձ թվում է՝ մարզպետ լինի, նախարար, թե վարչապետ, չի կարողանա աշխատել, եթե փողով նշանակված լինի։ Այդ դեպքում, բնական է, նա կսկսի այլ հարցերով զբաղվել։ Խելոք ղեկավարը պաշտոնի նշանակելու համար փող չի վերցնի։

– Ուզում եք ասել, որ պետական իշխանության ներկայությունն այսօր զգալի չէ՞ մարզում։

– Դավիթ Զադոյանի ղեկավարման օրոք պետական իշխանության ներկայությունը զգացվում էր, իսկ դրանից հետո մի քիչ բարձիթողի վիճակ է։ Ամեն դեպքում, ես փորձելու եմ գոնե եղածը պահպանել եւ հնարավորության դեպքում ավելացնել այն։

– Քանի՞ մրցակից եք ունեցել մարզպետի պաշտոնի համար մղվող պայքարում։                        

– Ես դա մրցակցություն չեմ համարում, որովհետեւ դա կառավարության որոշելու հարցն է։ Թերթերը գրել են կոնյակի գործարանի տնօրենի, Հովիկ Աղազարյանի, Ֆիրդուս Զաքարյանի մասին։ Ընթացքում որոշ հարցեր դուրս մնացին։ Ամենաճիշտը դուրս եկավ «Առավոտ» թերթը, հունիսի 10-ին գրելով, թե մարզպետ է նշանակվելու Հովհաննես Աբրահամյանը։

– Արդյո՞ք ձեզ նշանակեցին նրա համար, որ չափից դուրս էիք ջանացել Ռոբերտ Քոչարյանի ընտրության գործում։ Ձեզ պարգեւատրո՞ւմ են, որ Կարեն Դեմիրճյանը ձեր մարզում, առաջին փուլում չորրորդ տեղը գրավեց։                                                                                            

– Այստեղ ջանալու խնդիր չկա։ Արտաշատ քաղաքում ընտրությունը ժողովուրդն է կատարել, տեղի է ունեցել նորմալ ընտրություն։ 73 տոկոս ստացել է Ռոբերտ Քոչարյանը, 27 տոկոս Կարեն Դեմիրճյանը։ Իսկ եթե ջանալու ֆակտորը հաշվի առնվեր, նշանակումն ավելի շուտ պետք է տեղի ունենար։

– Իսկ որքա՞ն ժամանակ է, որ հավակնում եք մարզպետի պաշտոնին։

– Անմիջապես պարոն Զադոյանի տեղափոխումից հետո։

– Ամառանոց ունե՞ք։

– Ոչ։ Թեպետ Արտաշատում ամառանոց է։

– Իսկ առանձնատո՞ւն։

– Ոչ։

– Իսկ հաշվեհամա՞ր։

– Ոչ։

– Որքա՞ն փող ունեք կուտակած։

– Կյանքը ցույց տվեց, որ սխալ է փող պահելը, որովհետեւ բոլորի պահած փողերն էլ փոշիացան։ Խոսք կա. եթե ջուրը չհոսի՝ կհոտի։ Փող աշխատելը հիմա շատ դժվար է։ Փող հավաքելու առիթ չի եղել եւ պահելու մասին չեմ մտածել։

– Այսինքն՝ եթե դուք հարստանաք, դա կնշանակի՞, որ մարզպետի պաշտոնում եք հարստացել։

– Անպայման։ Թեպետ, կարծում եմ, մարզպետի պաշտոնում հարստանալը դժվար է, որովհետեւ չկա նման հնարավորություն։

Զրույցը վարեց ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930