Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առայժմ՝ առանց մեկնաբանությունների

Հունիս 12,1998 21:53
Nver Chakhoyan

Խորհրդարանի միայն ամենախոշոր երկու կազմավորումները երեկ մասնակցեցին խորհրդարանական ճեպազրույցներին։ Արծարծված թեմաներից կանդրադառնանք միայն առանձնապես խոշոր չափերի շորթման մեջ մեղադրվող պատգամավոր Նվեր Չախոյանի (լուսանկարում) ձերբակալման թույլտվություն դատախազությանը չտալու բացատրություններին։

Ինչո՞ւ էր դեմ «Հանրապետությունը»

Նվեր Չախոյանը երեկ ազատ մասնակցում էր խորհրդարանի աշխատանքներին։ Հո իզուր չէի՞ն «Հանրապետության» նրա գործընկերները նախորդ օրը վկայաբերում, թե հենց նրա միջոցով կարող էր ապահովվել կոնյակի գործարանի վերաբերյալ արտահերթ նիստ հրավիրելու քվորումը (Հովհաննես Իգիթյան), թե «Ղարաբաղ» կոմիտեի նկատմամբ էլ 1988-ին նման պատվեր կար (Շահեն Պետրոսյան) եւ այլն։
Արդյոք «Հանրապետությունը» շարունակելո՞ւ է քաղաքականացնել ակնհայտորեն զուտ քրեական բնույթի փաստերը, ճեպազրույցում տրված մեր այս հարցին Բաբկեն Արարքցյանը պատասխանեց, թե ըստ էության փաստեր չեն ներկայացվել. «Այդ մեղադրանքները հիմնավորված չէին։

Եթե դատախազն ավելի արհեստավարժ լիներ՝ ավելի շատ պատգամավորների կկարողանար համոզել։ Խախտվեց պատգամավորի անմեղության կանխավարկածը»։ Այստեղ պարոն Արարքցյանը կարդաց դատախազի ելույթի սղագրության հետեւյալ հատվածը՝ «վերոհիշյալ գործողություններով Նվեր Չախոյանը կատարել է առանձնապես խոշոր չափերի շորթում եւ գույքի դիտավորյալ ոչնչացում»։ «Սա դատավճիռ է, ոչ թե միջնորդություն,- ասաց պրն Արարքցյանը։- Հետո ասում է, որ նա ինչ-որ մարդկանց է ծեծել եւ պարզվում է, որ դրա մասին բժշկական ոչ մի տեղեկանք չկա։ Այսպիսի անհիմն մեղադրանքներին մենք, այո, դեմ կլինենք։ Եվ ոչ միայն մենք»։ Նա խոստացավ, թե առաջինը «կողմ» կքվեարկի, եթե հիմնավոր մեղադրանքներ ներկայացվեն. «Բայց անհիմն վայրահաչոցներին մենք կտանք պատասխան»։

Բաբկեն Արարքցյանը նաեւ ուշադրություն հրավիրեց այս գործում արարողակարգային կոպիտ խախտումների վրա։ «Եվ հետո, այդ ճնշումները՝ ինչ-որ 28-ի հետ է կապված, նռնակ է պայթել՝ այդ ինչ խոսակցություններ են։ Այդ մակարդակով մենք չենք խոսի։ Սովորական, փնթի արված աշխատանք է։ Երեւի թվացել է, թե կարող են վիսլուժիտսյա լինել այս պայմաններում»։

«Առավոտի» այն դիտողությանը, թե անմեղության կանխավարկածի ամենավերին մակարդակով անտեսումներ էին արձանագրվել 1994-ից սկսված եւ շարունակվել արարողակարգային կոպտագույն խախտումներով, բայց պարոն Արարքցյանն այն ժամանակ բողոքի ձայն չէր բարձրացնում՝ վերջինս մասնավորապես այսպես արձագանքեց. «Եթե եղել են նման արարողակարգային խախտումներ՝ ես դա չեմ բացառում։ Մենք էլ ենք դիմել այդպիսի բաների առթիվ, միջազգային կազմակերպություններն էլ են միջամտել։ Բայց իմ ունեցած տեղեկություններով՝ համապատասխան մարմինները փաստարկներ են ներկայացրել, ըստ որոնց, այդ արարողակարգի խախտումները կամ չեն եղել՝ կամ էլ քիչ են եղել։ Հետո, գիտեք ինչ կա, եթե այն ժամանակ է եղել՝ այն ժամանակ են ինչ-որ մարդիկ ասել։ Հիմա էլ ուրիշ մարդիկ են ասում՝ այդտեղ ի՞նչ կա զարմանալու։ Հիմա ինչ, ասում եք, եթե խախտում է եղել՝ ես լռե՞մ, քանի որ այն ժամանակ չե՞մ ասել։ Ասել եմ, ասել եմ»։

Ինչո՞ւ էր դեմ «Երկրապահը»

Ալբերտ Բազեյանը, որի հաղթած մրցակիցն է Գերագույն խորհրդի ընտրություններում եղել Նվեր Չախոյանը, բազմիցս մատնանշեց խնդրի նրբանկատ բնույթը։ Մի կողմից, վստահ էր, որ անկրակ ծուխ չի լինում. «Երեւի ինչ-որ բան եղել է»։ Սակայն դարձյալ շեշտեց դատախազի ներկայացրած ապացույցների անլիարժեքությունը։ Նաեւ ընտրված ոչ հարմար լարված պահը. «Երեւի մերժելու հիմք կար»։ Մյուս կողմից էլ, պարոն Բազեյանը գործոն էր դիտում պատգամավորական համերաշխությունը, անձնական փոխհարաբերությունները։ Մենք հավելեցինք՝ ինքնապաշտպանական բնազդը։

Եվ ամենակարեւորը, միանշանակ մերժելով քաղաքական պատվերը, Ալբերտ Բազեյանը վստահ էր, որ ձերբակալման թույլտվություն տալն անպայման քաղաքական շահարկումների առիթ կտա «Հանրապետությանը»։ Ի դեպ, պարոն Բազեյանը պարզաբանումներ ներկայացրեց մեր ունեցած այն տեղեկության վերաբերյալ, թե Նվեր Չախոյանին բազմիցս առաջարկվել էր «Երկրապահ» խմբին մաս կազմել, սակայն նա հրաժարվել էր։ Սակայն առավել մանրամասն՝ «Առավոտի» հաջորդ համարում։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930