Լրահոս
Օրվա լրահոսը

Ի պատասխան հայտարարության

Հունիս 12,1998 21:22
dashnak

Մի՞թե քաոսային իրավիճակի ստեղծումը ձեռնտու է Հայ հեղափոխական դաշնակցությանը:

ԼՂՀ Ազգային ժողովի մանդատային, մարդու իրավունքների եւ ազգային փոքրամասնությունների մշտական հանձնաժողովի նախագահ Աշոտ Սարգսյանը դիմում է հղել ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի հունիսի 8-ին արված հայտարարության կապակցությամբ, որում շարադրված է հետեւյալը.

«Արցախի դաշնակցական կազմակերպությունը մեր ազգային ազատագրական պայքարի առաջամարտիկն է եւ Արցախում ձեւավորված առաջին քաղաքական ուժը։ Նա ակտիվորեն մասնակցել է երկրի պետական շինարարության, բանակի կազմավորման, քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտների աշխատանքներին։ Սակայն վերջին տարիներին, մանավանդ Հայաստանում Դաշնակցական կազմակերպության գործունեության կասեցումից հետո (թեկուզ Արցախում դաշնակցության գործունեությունը չէր կասեցվել), Արցախի դաշնակցական կազմակերպությունը դուրս էր մնացել երկրի քաղաքական ասպարեզից, ակտիվորեն չի մասնակցել 1995 թ. ԼՂՀ Խորհրդարանական ընտրություններին, նախագահական երկու ընտրություններին, քաղաքական ոչ մի պահանջ չի ներկայացրել ԼՂՀ իշխանություններին (միակ առաջարկը՝ կապված հայկական ցեղասպանության հետ, ԼՂՀ ԱԺ-ի կողմից, ընդունվել է)։

Եվ հանկարծ ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեն այս խառը ճգնաժամային իրավիճակում հանդես է գալիս մի քաղաքական հայտարարությամբ, որի համար մնում է ափսոսալ միայն։ Հայտարարության մեջ առաջ քաշված 6 պահանջներից 5-ը կրում են հայտարարագրային բնույթ, պահանջներ, որոնք պարտավոր են իրականացնել ԼՂՀ իշխանությունները՝ ստանալով ԼՂՀևում գործող բոլոր հասարակական, հասարակականևքաղաքական, կրոնական կազմակերպությունների աջակցությունները, այդ թվում նաեւ՝ դաշնակցության աջակցությունը։ Ինչ մնում է երկրորդ կետի պահանջին՝ ԱԺ արտահերթ ընտրություններին, ապա ըստ գործող օրենսդրության, արտահերթ ընտրությունների անցկացման համար կպահանջվի առնվազն երկու ամիս ժամանակ, այսինքն՝ երկիրը երկու ամիս զրկված կլինի օրենսդիր իշխանությունից, որը կհանգեցնի անիշխանության։

Ես չեմ կարծում, որ ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի հայտարարության նպատակը երկրում քաոսային իրավիճակի ստեղծումն է, բայց հայտարարության որոշ կետերի պահանջների կատարման դեպքում Արցախում կգործի միայն կաթվածահար գործադիր իշխանություն։ Հայտարարությունը, ըստ իս, ավելի շատ ինքնահաստատման, ինքնաներկայացման փորձ է, քաղաքական ասպարեզ մտնելու անցաթուղթ։ Ես կոչ եմ անում Արցախի դաշնակցական կազմակերպությանը՝ հեռու մնալ «պալատական խարդավանքներից»։ Վերջին հաշվով իշխանավորները թե՛ Արցախում, եւ թե՛ Հայաստանում ընդհանուր լեզու կգտնեն եւ պարտավոր են գտնել՝ հանուն Արցախի ապագայի, հանուն մեր ազգի գոյատեւման ու բարգավաճման»։

ՌՈՒԶԱՆ ԻՇԽԱՆՅԱՆ

Ստեփանակերտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930