Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կառավարության ճգնաժամը հասցրեց հանրահավաքի

Հունիս 12,1998 20:52

Հունիսի 11-ին Արցախի մայրաքաղաքի Հաղթանակ անունը կրող հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք՝ ի պաշտպանություն Սամվել Բաբայանի։ Հանրահավաքը բացեց ԼՂՀ գրողների միության անդամ, 88-ի ցույցերի ակտիվ մասնակից Հրաչյա Բեգլարյանը։ Նրա խոսքում հնչեց այն միտքը, որ 80-ական թվականների պայքարի փոթորկահույզ օրերից մեկ տասնամյակ անց, ժողովուրդը նորից է հավաքվել պարզ ու հստակ արտահայտվելու իր ապագայի մասին. թե ինչպես վարվի, որպեսզի ձեռք բերված հաղթանակներն օգտագործվեն ի նպաստ ժողովրդի բարեկեցության բարձրացման։

Ազգային ժողովի պաշտպանության պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մ. Պետրոսյանը, անդրադառնալով հասարակության առջեւ ծառացած հիմնահարցերին, այսպես ասած, ներքին ճակատի խնդիրներին, առաջարկեց՝ պաշտպանության նախարարին նշանակել նոր տնտեսական պատերազմի գլխավոր հրամանատար։ Արտահայտվողները շատ էին՝ արցախյան ազատամարտում զավակ կորցրած ծնողներ, շարժման առաջամարտիկներ, պետության ստեղծման ակունքներում կանգնած մարդիկ, մտավորականներ, տնտեսության, կրթության եւ այլ ոլորտների աշխատողներ։

«Կառավարական ճգնաժամը ապացուցում է, որ անկարող գործադիր իշխանությունը երկար գոյատեւել չի կարող»,- ասաց Մարտակերտի շրջանի մտավորականության մի ներկայացուցիչ։ Ելույթի վերջում առաջարկվեց օրենսդիր իշխանության նախաձեռնությամբ ստեղծել հատուկ հանձնաժողով՝ ընթացիկ տարիների գործունեությունը ստուգելու համար։

Գրիգորի Աֆանասյանը, որը հայտնի է փետրվարի 13-ի եւ հետագա ցույցերում ունեցած կրակոտ ելույթներով՝ ներկա իրավիճակը բնորոշեց, որպես կառավարության եւ հասարակության միջեւ գոյացած ճեղքվածք։ Մարդիկ անգործ են, սոցիալական ծանր վիճակում, ուստիեւ, ըստ բանախոսի, այսօրվա սոցիալևտնտեսական պայքարը կարող է առաջնորդել մի անձնավորություն, որը պայքարի մեծ փորձ ունի։ Հանրահավաքը եզրափակեց Արցախի պետհամալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ Արզիկ Մխիթարյանը։ Նա կարդաց հանրահավաքի հազարավոր մարդկանց անունից գրված դիմում-պահանջը՝ ուղղված հանրապետության նախագահին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930