Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍԱԴՈՅԱՆԸ ԵՎ ՖԱՇԻԶՄԸ

Հունիս 12,1998 17:41
Vasak Darbinyan

«Այն պնդումները, թե Կոնյակի գործարանը պետք է տեղացիներին վաճառել՝ խոսում է տնտեսական նացիոնալիզմի, եթե կուզեք՝ տնտեսական ֆաշիզմի մասին»։

ԱՐՄԵՆ ԴԱՐԲԻՆՅԱՆ ՀՀ վարչապետ ԱԺ-ում երեկվա ելույթից

Քաղաքական ոլորտում Արշակ Սադոյանը ֆաշիստի համբավ ձեռք բերեց նախորդ իշխանությունների օրոք՝ ընդդիմանալով ընտրությունների արդյունքներին, ներխուժելով ԱԺ եւ ջարդելով Բաբկեն Արարքցյանի գլուխը։
Ներկա իշխանությունների օրոք Արշակ Սադոյանն արդեն տնտեսական ֆաշիստ է, քանզի դեմ է Կոնյակի գործարանը ֆրանսիացիներին վաճառելուն։
Հաջորդ իշխանությունների օրոք, ակնհայտ է, Սադոյանը ձեռք կբերի մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի ֆաշիստի համբավ։

ԿՈՆՅԱԿՆ ԱՓՍՈՍ Է

«Որքան խելացի է մարդը, որի հետ խմում ես՝ այնքան քիչ է գլխիդ շշի հարված ստանալու հավանականությունը»։

ՖԱԶԻԼ ԻՍԿԱՆԴԵՐ Գրող, «ՀՀ», 11 հունիսի

(թարգմանված է «Московские новости» թերթից)
Իրոք։ Շշով դիմացինի գլխին խփողը պետք է որ անուղղելի ապուշ լինի։ Չէ՞ որ շիշը կարող է ջարդվել։

ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԵՏԱՄՈՐՖՈԶՆԵՐ

«Եթե ուզում ենք, որ մեր գործարանը թանգարան դառնա՝ պետք է սեփականաշնորհենք»։

ԱԼԲԵՐՏ ՀԵՐՈՅԱՆ ԱԺ պատգամավոր, Կոնյակի գործարանի տնօրեն, ԱԺ-ում երեկվա ելույթից

Անակնկալի եկած ֆրանսիացիներն այժմ արդեն ստիպված կլինեն գնել, ասենք, Էրեբունի թանգարանը, հույսով, որ գործարքի բարեհաջող ելքի դեպքում այն կդառնա գործարան։

ՀԱՅԻ ԲԱ՞ԽՏ ԱՍԵՄ, ԹԵ՞ ԽԵԼՔ…

«Արարատը դրսում է, բայց մերն է, կոնյակի գործարանը ներսում է, բայց ուրիշինը կլինի»։

ՋՈւԼԻԵՏ ԿԱԺՈՅԱՆ ԱԺ պատգամավոր, ԱԺ-ում երեկվա ելույթից

Ակնհայտ է, որ կոնյակի գործարանը դարձյալ մերը կլինի միայն այն դեպքում, եթե դրսում լինի։
Որպեսզի մեր գործարանն ուրիշինը չլինի, հարկ է վերանայել ՀՀ ներկայիս սահմանները եւ գործարանը Արարատի նման թողնել սահմանից այն կողմ։

«Ո՞ւՄ Է ՊԵՏՔ ԽՈՍՏՈՎԱՆԱՆՔԴ, ԱՓՍՈՍԱՆՔԴ ՈւՇԱՑԱԾ…»

«Հեռուստատեսությունն ամեն ինչ արեց, որ մեծ բացթողումներ չանի»։

ՀԱՄԼԵՏ ԳԱՍՊԱՐՅԱՆ Ազգային հեռուստատեսության նախկին տնօրեն, «Ար» հեռուստաընկերության «Սուրհանդակ» ծրագրի հարցազրույցից, 10 հունիսի

Հավաստի աղբյուրները վկայում են, որ այս ասելուց հետո Համլետ Գասպարյանը, առանց բնագրի հետ ճշտելու ցանկություն եւ ժամանակ ունենալու՝ ակամա սկսել է արտասանել հետեւյալ բառերը. «Արածներիս համար երբեք չասի՝ ափսոս, ա՜խ, ափսոս, չարածներիս համար պիտի ասեմ՝ ափսոս, հազար ափսոս»։

ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930