Լրահոս
Օրվա լրահոսը

Նվեր Կարվալանը

Հունիս 12,1998 17:34

Նվեր Չախոյանը խոշոր քաղաքական դեմք չէ: Ավելին՝ նա ընդհանրապես քաղաքական դեմք չէ, չնայած ԱԺ պատգամավոր է այս տարվա սկզբին քաղաքական պարտություն կրած «Հանրապետություն» բլոկից: Եթե մինչեւ վերջ ազնիվ լինենք, ապա պետք է խոստովանենք, որ նրա գոյության մասին լայն հասարակայնությունը իմացավ երկու օր առաջ, երբ հանրապետության դատախազ Խաչատրյանը դիմեց ԱԺ-ին ՝ պարոն Չախոյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ կալանավորելու միջնորդությամբ:

Այդ միջնորդությանը, ինչպես հայտնի է, հավանություն տվեցին ընդամենը 11 պատգամավորներ: Պարզ է, նախադեպ չէին ուզում ստեղծել, որ այդ ուղտը վաղը նրանց դռանը չչոքի: Չնայած նախադեպը կա. 96 թվականի սեպտեմբերի 26-ին պատգամավորները հարգեցին նախորդ դատախազի միջնորդությունը, բայց այն ժամանակ խոսքը զանգվածային անկարգությունների մասին էր, որն, ի վերջո, քաղաքական խնդիր է: Թե որքանով է ռեկետը քաղաքականացված կատեգորիա՝ մտածելու բան է:
Հետաքրքիր է, որ այս անգամ էլ պատգամավորներից ոմանք փորձում էին հարցը քաղաքականացնել՝ ներկայացնելով պարոն Չախոյանին որպես իշխանությունների հետապնդումներից տուժած ակադեմիկոս Սախարով կամ առնվազն Պարույր Հայրիկյան: Տուժածին բոլորը լսեցին եւ տեսան՝ հասկացան, հավանաբար, որ նա ամենեւին էլ ակադեմիկոս չէ:
Պարոն Չախոյանին պաշտպանած պատգամավորների թիվը մոտավորապես համընկնում է երեսփոխանների այն տոկոսի հետ, որոնք, ըստ մեր գործընկերոջ հայտնի հայտարարության, այնքան էլ, մեղմ ասած, չեն հարգում քրեական օրենսգիրքը: Այդ տրամաբանությունը միանգամայն կիրառելի է «Հանրապետություն» միավորման դեպքում՝ յուրայինին չեն հանձնում: Սակայն առանց խորհրդարանական մեծամասնություն կազմող երկրապահների գործուն մասնակցության՝ դատախազի միջնորդությունը չէր մերժվի: Պատճառներից մեկն էլ, հավանաբար, հետեւյալն է. անկախ նրանից,  Չախոյանը մեղավոր է թե ոչ, համապատասխան քաղաքական եւ տնտեսական շրջանակներ ոռնոց կբարձրացնեին, թե սա քաղաքական հաշվեհարդար է, վհուկների որս եւ այլն: Չնայած եթե Նվեր Չախոյանը նույնիսկ վհուկ է, ապա՝ բավականին լավ սնուցված: Լավագույն դեպքում կարող է հավակնել Լուիս Կարվալանի դերին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930