Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱՄԱՃԻԿՆԵՐԻ ԹԱՏՐՈՆՈՒՄ «ՓԻՂ» Է ՇՐՋՈՒՄ…

Հունիս 11,1998 00:00
marionet

Հետո էլ բողոքում են, թե լրագրողները միայն վատ բաների մասին են գրում։ Ինչի՞ մասին գրեն, եթե որեւէ թատրոն կամ մշակութային հաստատություն մտնելիս, ցանկացած պրոբլեմի ծանոթանալով, մխրճվում են տարիներով անտարբերության մատնված եւ շարունակվող անօրինականությունների շարանի մեջ։ Տեսնում են, թե ինչպիսի՞ մարդիկ են այսօր ղեկավարում մշակութային հաստատությունները, ինչպե՞ս են ոտնահարվում ստեղծագործող մարդկանց իրավունքները… Ու էլ ի՞նչ մշակույթ, ի՞նչ արվեստ… լրագրողն ակամայից կատարում է քննչական մարմնի աշխատողի ֆունկցիան։

Խմբագրություն էին այցելել Մարիոնետների պետական թատրոնի դերասանուհիները։ Դերասանուհիների գրավոր բողոքում ասված է. «Ազգային ռադիոյով հնչեց հայտարարություն այն մասին, որ թատրոնն աշխատանքի է հրավիրում երիտասարդ դերասան-դերասանուհիների։ Առաջին հայացքից սովորական թվացող այս հայտարարության պատճառն այն է, որ 12 տարի իրենց մասնագիտական հմտությունն ու վարպետությունը թատրոնին անմնացորդ նվիրած արհեստավարժ չորս դերասանուհիներից երկուսը՝ Սոնա Հարությունյանը եւ Նունե Ջրբաշյանը ստիպված էին եղել հեռանալ թատրոնից, Լուսինե Սարգսյանը նույնպես պատրաստվում է հեռանալ, իսկ Մարուսյա Մխիթարյանը գտնվում է ֆիզիոլոգիական արձակուրդի մեջ։ Զանգվածային այս հեռացման պատճառները թաքնված են Մարիոնետների թատրոնի 12-ամյա՝ արտառոց, պարադոքսներով լի պատմության մեջ…»։ 1987 թ. գարնանը, նույնպիսի հայտարարությամբ, նորաստեղծ թատրոնը մրցույթի էր հրավիրում երիտասարդ դերասան-դերասանուհիների, որոնք էլ հետագայում իրենց սերն ու եռանդը տվեցին թատրոնին ու հանդիսականին։ Թատրոնի առաջին գեղարվեստական ղեկավար Մնացական Փիլոյանի գլխավորությամբ սկսվեցին առաջին փորձերը, հաջողությամբ հանձնվեց առաջին ներկայացումը։ Որից հետո թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն նշանակվեց Անդրանիկ Սաֆարյանը։ Վերջինս վաճառեց (ըստ դերասանուհիների գրավոր վկայության) թատրոնի տարածքները, որոնք պիտի լինեին փորձասենյակ, դերասանական սենյակ, հյուրասրահ եւ այլն։

«Այդ կորսված տարածքները, որտեղ այսօր հեքիաթների տոնախմբություն էր լինելու, դարձել են երեւանյան հազարավոր խանութներից»,- ասում են նրանք։ Թատրոնի անշարժ գույքը վաճառելուց հետո հերթը հասել է շարժական ունեցվածքին. «Իրար հետեւից անհետացան «ՌԱՖ» մակնիշի ավտոմեքենան, դաշնամուրը, գրամեքենան, ուղեգորգերը, շարժական էլեկտրակայանը, հեռախոսներն ու սեղան-աթոռները։ Թատրոնին մնաց մի փոքրիկ տարածք, որը ղեկավարների եւ իրենց քարտուղարուհի-սիրուհիների միջեւ բաժանելուց հետո, դերասաններին բաժին հասավ բակի ճաղաշարքը, որը փոխարինում էր դերասանական սենյակին, հանդերձարանին, գրիմի սենյակին, հանգստասրահին…»։ Այս թատրոնում, պարզվում է, սենյակ ունեին բոլորը, բացի դերասաններից . «… եւ զգեստափոխվելու համար անհրաժեշտ էր թույլտվություն հայցել գեղարվեստական ղեկավարի քարտուղարուհի Սիլվայից, որն էլ, սակայն, մի քիչ հետո հատակին էր նետում բոլորի շորերն ու պայուսակները»։

– Անդրանիկ Սաֆարյանի մտերմուհի Մարգարիտա (Ջեմմա) Հակոբյանը թատրոնում ստանում է ամենաբարձր աշխատավարձը՝ 24 հազար 620 դրամ։ Հեռախոսից օգտվելու վերաբերյալ դերասանուհիների խնդրանքին Ջեմման շրխկացնում է դուռը։ Հայտարարել է, թե դիտմամբ է այդպես վարվում, որպեսզի հունից դուրս եկած դերասանները ծեծեն իրեն ու ինքը նրանց աշխատանքից ազատել տա։ Ինչ վերաբերում է էլեկտրականությանը, ապա ճգնաժամային տարիներին թատրոնն իրենց խոհանոցի վերածելով՝ «ձախ» լարանցումներ էր քաշել իրենց քարտուղարուհիների տները։ Իսկ այդ նույն ժամանակ դերասանները փորձեր էին անում ցուրտ դահլիճում եւ շատերն էլ հիվանդացան թոքերի բորբոքումով,– պատմում է նրանցից մեկը։

Ըստ դերասանուհիների, Իջեւանի ղեկավարությունը վառելափայտ էր տրամադրել թատրոնի անվճար հյուրախաղերի դիմաց։ Սակայն վառելափայտ բերելու համար, դրամ հավաքելուց բացի, Մ. Փիլոյանը եւ Ա. Սաֆարյանը փայտը տնօրինեցին իրենց հայեցողությամբ՝ վառելափայտ չտալով այն մարդկանց, ովքեր խաղացել էին Իջեւանում։ Տարիներ շարունակ թատրոնում չեն եղել կանոնավոր խաղացանկ ու փորձեր։ Հազվադեպ արվող նոր ն

երկայացումների փորձերին դերասանները պարտավոր էին ժամերով սպասել ռեժիսորին, որը հաճախ կարող էր չներկայանալ թատրոն, այնուհետեւ՝ բաց թողածը լրացնել ամբողջ գիշեր տեւող փորձերով։

– Այս թատրոնի դերասանը երբեւէ չի իմացել, թե առաջիկա օրերին ինչ ներկայացումներ են լինելու։ Բազմաթիվ դեպքեր են եղել, որ անցանկալի, ըմբոստ եւ անկարգությունների, անօրինականությունների դեմ բողոքող դերասաններից ազատվելու համար խումբը գոնե հեռախոսով չի տեղեկացվել ներկայացման մասին, եւ անմեղ դերասանը նկատողություններ կուտակելով հեռացվել է աշխատանքից,– բողոքում են նրանք։

Բողոքում էին, որ Մ. Փիլոյանի՝ Տիկնիկային թատրոնի ղեկավար նշանակվելուց հետո ավելի վատթարացավ իրավիճակը։ Դերասան-տիկնիկավարներն արդեն ընդհանրապես պիտի չիմանային ներկայացումների մասին։

– Սաֆարյանի խոր համոզմամբ, աշխարհի բոլոր թատրոններում ընդունված կարգը՝ անկարգություն է։ Դերասանի՝ աշխատանքի ներկայանալուց եւ հեռանալուց հետո է որոշվում, որ հաջորդ օրվա առավոտյան ժամը 9-ին պետք է մեկնել այսինչ շրջանի այսինչ գյուղը՝ ոմն Ջանիբեկի «բռնած» ներկայացումը խաղալու։ Հարց է ծագում, իսկ ովքե՞ր են խաղում «բռնած» ներկայացումները։

– Սաֆարյանը մարիոնետները հանձնում եւ պարտավորեցնում է վարել վարորդին, գանձապահին, պահակին, մի խոսքով՝ ում պատահի։ Պրոֆեսիոնալ դերասանները նույնիսկ չեն կարող երկու տիկնիկ խաղացնել, բայց նրանք կարող են միաժամանակ չորս տիկնիկով աշխատել։ Տնօրենն անձամբ միացնում է մագնիտոֆոնը, կատարում բեմի բանվորի աշխատանքը, հետո հանդիսատեսին բղավում՝ սկսվեց։ Դահլիճի մեջտեղով անցնում էր, գնում, միջանցքներով մի քիչ պտտվում, հետո էլի մեջտեղով գալիս, մագնիտոֆոնն անջատում ու նորից բղավում՝ «պըրծ»։ Շրջաններ գնալիս, եթե դեկորը, տիկնիկները չէին տեղավորվում իր սեփական մեքենայի մեջ, ասում էր՝ կեսն ենք տանում։ Դեկորը մե՞ծ էր՝ կիսում-փոքրացնում էր։ Ասում ենք՝ կարգուկանոն, ասում է՝ «կարգուկանոն չի լինի, ամբողջ աշխարհն է քանդվում, կարգուկանո՞ն եք ուզում»։ Եթե հարցնում էինք վաճառված տոմսերից ստացված գումարների եւ դրանք իր գրպանը դնելու մասին, ասում էր՝ «Լավ եմ անում, կարողանում եմ՝ դնում եմ։ Թղթերս մաքուր ա, ստուգեք՝ տեսեք։ Ես էսքան տարիքով մեծ մարդ եմ, իմ սեփական մեքենայով գնում եմ: Բա իմ մեքենայի ամորտիզացիան, բա բենզինի փողը»։ Թատրոնի բոլոր պրոբլեմները բարդում էր Մ. Փիլոյանի վրա, – պատմում են դերասանուհիները։

Առավոտից մինչեւ ուշ երեկո դերասաններն աշխատանքի են գնում, ընդմիջումներ են անում, շրջաններում օրը 2-4 ներկայացում խաղում եւ ամիսը 5000 դրամ մի կերպ ստանում։ « Ասում է՝ դուք ո՞վ եք, թատրոնը դերասանինը չէ, հավաքարարինն է»,- պատմում են դերասանուհիները։

Դերասանուհի Նունե Ջրբաշյանը թատրոնում երկու ներկայացում է բեմադրել՝ «Ոսկե ճուտիկը» (դիպլոմային աշխատանք) եւ «Կիկոսը»։ Քանի որ թատրոնը խաղացանկ չուներ, շրջաններ հյուրախաղերի գնալիս նրա ներկայացումներով էին հանդես գալիս՝ մինչ օրս ոչ մի կոպեկ չվճարելով հեղինակին։ Բանավոր, առանց պայմանագրի Ն. Ջրբաշյանին խոստացել էին պարգեւատրել։

– Իմ ներկայացումը խաղում են ոչ պրոֆեսիոնալ մարդիկ՝ աղավաղելով ե՛ւ դեկորը, ե՛ւ տիկնիկները։ Սաֆարյանն ասում է. «Դու ո՞վ ես, ի՞նչ գործ ունես, ներկայացումդ արել-տվել ես թատրոնին»։ Ինչպես իրենց հարմար է եղել՝ գնացել-խաղացել են։ Նրանք վարկաբեկել են իմ անունը՝ ոտնահարելով հեղինակային իրավունքը, որի համար, օրենքով, դատական գործ կարելի է հարուցել»,- ասում է Ն. Ջրբաշյանը։

Ըստ դերասանների, Ա. Սաֆարյանը մի ժամանակ եւ հիմա էլ վարձակալության էր տվել թատրոնի կիսանկուղային հարկը։ Դերասանները վկայում էին, որ թատրոնի աստիճանների մասում գտնվող դրամարկղը 300 դոլարով վաճառվել է շենքի բնակիչներից մեկին։ Մի քանի ամիս առաջ թատրոնի գլխավոր ռեժիսոր է նշանակվել Անդրանիկ Գամջյանը։ Կոլեկտիվը խանդավառությամբ ձեռնամուխ եղավ նոր ներկայացման բեմադրությանը, դերասանները վերջապես մի անշուք սենյակ ստացան։ Սակայն ոգեւորությունը կարճ տեւեց, քանզի Ա. Գամջյանը շատ արագ «մերվեց» Ա. Սաֆարյանի ոճին եւ կրկնեց այն մերժելի գաղափարը, թե բոլոր թատրոններում էլ վարորդը, հաշվապահը, դռնապանը եւ մյուս՝ ոչ դերասան աշխատողները կարող են ներկայացումներ խաղալ։ Մի օր էլ դերասաններին իր խոր մտքերից մեկը հայտնեց՝ 4 դերասաններին «նապաստակ» եւ Ա. Սաֆարյանին «փիղ» անվանելով։

Ո՞վ էր Անդրանիկ Սաֆարյանը մինչեւ հեղափոխությունը

Ըստ Մարիոնետների եւ Տիկնիկային թատրոնների նախկին գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Մնացական Փիլոյանի, «Անդրանիկ Սաֆարյանը այդ թատրոնում պատահական մարդ է, նախկինում կաշառակերության համար յոթ տարվա ազատազրկման դատապարտված։ Նա ինժեներ է աշխատել տրամվայի պարկում, այնպես որ իրավունք չունի թատրոնում աշխատելու։ Այդ մասին ես իմացել եմ վերջերս մեր ունեցած ընդհարումից հետո։ Ես հայտարարել եմ, որ նա «գրդոն» է անում… Ա. Սաֆարյանի կարծիքով՝ դերասանը ընդամենը «տիկնիկ է թափ տալիս»։ Նա չի հասկանում՝ ինչ է թատրոնը, դերասանը։ Մի անգամ ինձ ասաց. «Քո մեղքն է, որ գլխիդ խելացի մարդկանց ես բերում, որոնք էլ խփում են քո գլխին»։ Թատրոնն ութ տարի եղել է գագաթնակետում։ Վերջին գագաթնակետը եղել է «Փարաջանով» ներկայացումը։ Ինձ համար ցավ է, բայց թատրոնը գոմի են վերածել»։

Մեր երկրում զարմանալի ոչինչ չի պատահում։ Ի՞նչ է պատահել. «տրամվայի պարկի աշխատող, կաշառակերության համար յոթ տարով ազատազրկված» Անդրանիկ Սաֆարյանները կարող են ղեկավարել քանի՛ թատրոններ ու ոտնահարել քանի մարդկանց իրավունքներ։ Չզարմանալը՝ ոչինչ, բայց չմոռանանք, որ այդ թատրոնի հանդիսատեսը երեխաներն են։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930