Լրահոս
Օրվա լրահոսը

ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Հունիս 11,1998 00:00
vahram avanesyan

Ընտրական օրենսգրքի եւ կոնյակի սեփականաշնորհման պայմանների մասին արտահերթ նիստերը կկայանան այսօր։ Երեկ դրանք հետաձգելու մասին տեւական քննարկումներում, ի վերջո, ամենազորեղ փաստարկը Վանո Սիրադեղյանը ներկայացրեց. «Իրեն ու ընտրողներին հարգող ոչ մի խորհրդարան Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման օրը նիստ չի անի ու նման կարեւոր հարցեր չի քննարկի»։ Երեկ, սակայն, կառավարությունն ԱԺ-ին ներկայացրեց կոնյակի գործարանի սեփականաշնորհմանը վերաբերող որոշ փաստաթղթեր, որոնց միջոցով էլ փորձենք ներկայացնել, ի վերջո, այս աղմկահարույց գործարքի իրական պայմանները։ Կառավարության ներկայացրած տեղեկանքից զատ մեջբերելու ենք նաեւ ԱԺ-ի հունիսի 9-ի «գիշերային» նիստում Վահրամ Ավանեսյանի պարզաբանումներից։

Հարկ է նշել, որ գործարանի սեփականաշնորհման վերաբերյալ 120 էջանոց 5 պայմանագրերը քանզի նաեւ առեւտրային գաղտնիք հանդիսացող տեղեկություններ էին պարունակում՝ հասու էին միայն պատգամավորներին։ Արդեն հայտնի էին հետեւյալ պայմանները. նախ՝ «Պեռնո Ռիկարը» պարտավորվել է կոնյակների արտադրությունն ընդմիշտ կազմակերպել բացառապես հայաստանյան հումքից։ Եվ այս պայմանը կարող է միայն այն դեպքում չգործել, եթե ֆրանսիացիները համոզվեն, որ հայերը մինչեւ այժմ բացառապես տեղական խաղող չեն օգտագործել։ Երկրորդ՝ «ընդմիշտ եւ բացառապես Հայաստանում» արտահայտությունը վերաբերում է նաեւ շշալցմանը։ (Ի դեպ, այս առնչությամբ Վահրամ Ավանեսյանն օգտագործեց «Պեռնոն» ընդունեց առհավետ Հայաստանում շշալցման գաղափարախոսությունը» նախադասությունը, որն ամենատարօրինակն էր նրա «բիզնես-խելամտություն», «բանակցությունների խելամտության սահման» եւ նման արտահայտություններում)։ Երրորդ՝ անժամկետ պիտի հայկական կոնյակների անունը պահպանվի, իսկ տեսքը պիտի պահպանվի «էականորեն»։

Կասկածի տեղիք էր տալիս պայմանագրի հաջորդ կետը. «Առնվազն 10 տարի պահպանել ներկայիս ապրանքային նշաններն ու անվանումները»։ Պատգամավորները որեւէ երաշխիք չէին տեսնում, որ 10 տարի անց եւս «Պեռնո Ռիկարը» կպահպանի հայկական կոնյակ անվանումը։ Մանավանդ որ, պայմանագրում արդեն իսկ նշված է, թե այս պարտավորությունը կարող է չպահպանվել, եթե հակասի կոնյակի գործարանի երկարատեւ տնտեսական շահերին։ Եվ վերջապես, պայմանագրի կարեւոր կետերից մեկն էլ այն է, որ «Պեռնո Ռիկարն» առաջիկա 10 տարվա ընթացքում չի կարող առանց կառավարության համաձայնության վաճառել ընկերության բաժնետոմսերի 49%-ից ավելին։ Իսկ հետո էլ կարող է վաճառել միայն այն դեպքում, եթե նոր գնորդը համաձայնի ստանձնել բոլոր նույն պարտավորությունները։ Սակայն Վահրամ Ավանեսյանը, վկայակոչելով «Պեռնոյի» ներկայացուցչի հայտարարությունը, վստահեցրեց, թե վաճառքն «ընկերության ռազմավարության մեջ չի մտնում»։

Մի հարցի պատասխանելով, պրն Ավանեսյանը համոզմունք հայտնեց, որ եթե ընկերության բաժնետոմսերը վաճառքի հանեին՝ գումարն ավելի փոքր կլիներ, քան ֆրանսիացիների առաջարկած 30 մլն դոլարն է։ Կոնյակի գործարանի կոլեկտիվի նկատմամբ «Պեռնոն» որեւէ պարտավորություն չի ստանձնել, բայց պրն Ավանեսյանը ենթադրեց, թե հիմնական կազմը չի փոխվի։ 30 մլն դրամի վերաբերյալ էլ ասվեց, թե այն բյուջեի ծախսերի համար չի օգտագործվելու։ «Պեռնո Ռիկարը» նաեւ 30 մլն ֆրանկի ներդրումներ է խոստացել։ Հայաստանի կառավարությունն ունի պայմանագրի կատարմանը վերաբերող ցանկացած տեղեկություն պահանջելու իրավունք, իսկ «Պեռնո Ռիկարը» խոստացել է ամենամյա հաշվեքննություններ իրականացնել։ Ինչեւէ, պայմանների հրապարակումը գուցե, իրոք, ԱԺ-ին համոզի, որ սա լավ գործարք է։

Այլապես… «Առավոտի» այն հարցին, թե ԱԺ-ի որեւէ որոշում կարո՞ղ է ազդեցություն ունենալ արդեն իսկ նախաստորագրված պայմանագրի վրա, Վահրամ Ավանեսյանը պատասխանեց. «Անշուշտ, եթե սեփականաշնորհման ցանկից գործարանը դուրս բերվի՝ գործարքն ուղղակի չի կայանա։ Հիմնական համաձայնություններն, իհարկե, կայացել են, բայց պայմանագիրը վերջնական դեռ չի ստորագրվել։ Ես առավելագույնս բաց եմ խոսել, գործարքի գրեթե բոլոր պայմանները հստակ նշվել են։ Տեսնենք, թե պարզաբանումներն ինչ արդյունք կտան»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930