Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲՈԼՈՐ ՄԵՆԱՏՆԵՐԸ՝ ԿԱՐՈՏՅԱԼՆԵՐԻՆ

Հունիս 11,1998 15:55

Երբ այլեւս փախուստի տեղ չունեին, փրկության միակ հուսալի վայր ընտրեցին հայրենիքը՝ Հայաստանը: Փախստական անունը դաջվածքի պես վրաներից պոկ չեկավ՝ անգամ տասը տարի անց: Ովքեր որ հայրենիքից բացի փախուստի այլ տեղեր ունեցան, վաղուց պոկվել, գնացել են. անճարակները, ծերերն ու հաշմանդամները մնացին հայրենիքից կառչած: Ըստ պաշտոնական տվյալների փախստականների թիվը Հայաստանում 316 հազար է, ըստ ոչ պաշտոնականի՝ ընդամենը 70 հազար:

Մայիսին «Ար» հեռուստատեսությամբ ցուցադրվեց Էդիկ Բաղդասարյանի (լուսանկարում) «Փախստականներ. Նոր հայրենիքի որոնում» վավերագրական ֆիլմը, որը փախստականների մոռացված ու տհաճությամբ հիշվող թեման վերակենդանացրեց: «Հայկապ» բանկն անգամ խոստացավ Արցախի փողոցում գտնվող հանրակացարանի համար ամիսը 500 դոլար հատկացնել՝ անվճար ճաշարանը վերաբացելու համար:
Հարցս հենց էսպես, շիտակ տվեցի. «Լսիր, Էդո, քո ինչի՞ն են պետք էս թշվառները: Կինդ ասում է, գիշերները չես քնում, երբեմն զառանցում ես: Պատերազմից ժառանգածը քեզ բոլ չի՞, հիմա էլ սրանք: Հո մազոխիստ չե՞ս, ապրի էլի, մարդու պես»: «Հասկանո՞ւմ ես, էս մարդկանց իրենց տներից արտաքսելու մեղքը բոլորիս վրա է, բոլորս պատասխանատու ենք նրանց համար: Մեր պատճառով են էս մարդկանց տնից-տեղից կտրել, բերել Հայաստան ու շպրտել տարբեր անկյուններ: Էս պետությունը այլեւս հրաժարվել է նրանցով զբաղվել, գոնե մեկը պիտի՞ ասի էդ մասին: Ինչի՞ ենք լռում»:

Ֆիլմը նկարելու համար եղել են Հայաստանի 38 բնակավայրերում: Աշխարհից կտրված, ձմռան ամիսներին լիակատար մեկուսացման մեջ հայտնված գյուղերում, որոնց բնակչությունը բացառապես ծեր ու հաշմված հայեր են: Ոչ Հայաստանից լուր ունեն, ոչ էլ աշխարհից: Ի՞նչ հեռուստատեսություն, ի՞նչ թերթ, ի՞նչ բան: Ֆիլմի նկարահանումները համընկան նախընտրական կամպանիայի հետ: Գյուղերի ժողովուրդը խրտնում էր տեսախցիկից ու զայրանում՝ «պրեզիդենտ պիտի ընտրեք, մեզ հիշեցի՞ք»: Ստիպված էին ընդհատել նկարահանումները:

-Հասկանո՞ւմ ես, ժողովուրդը ոչ միայն իշխանավորին, այլ նաեւ մեզ՝ լրագրողներիս այլեւս չի հավատում: Գիտե՞ս քանի կազմակերպություն է Հայաստանում զբաղված փախստականների հարցերը ուսումնասիրելով: Գալիս են, ինչ-որ անկետաներ են լրացնում, գրի առնում, թե նախկին բնակության վայրում քանի գդալ ու պատառաքաղ ունեին, հետո գնում են Երեւան, «ուսումնասիրում են», գրանտներ ստանում, նորից գալիս, մարդկանց հիշողությունը քրքրում, վերքերը թարմացնում: Ամենակարեւորը քեզ ասեմ՝ ֆիլմի ցուցադրումից հետո իշխանավորներից ոչ ոք չարձագանքեց: Նրանց համար Հայաստանում կարծես փախստականների խնդիր չկա: Ավելի ճիշտ՝ կա, բայց միայն խնդիրը բարձրացնելու համար, որ Հայաստան փող գա, իբր թե խնդիրը լուծելու համար : Գիտե՞ս ինչու չեն ուզում փախստականների իրական թիվը ասել: Որովհետեւ 70 հազարի հարցը կարելի է հեշտությամբ լուծել, իսկ 316 հազարը, դա արդեն թիվ է… Իրականում, Հայաստանում ոչ մի թիվ հնարավոր չի պարզել: Օրինակ, իմանալ, թե տասը տարվա ընթացքում քանի՞ հազար փախստական է մահացել, կամ քանի՞ տասնյակ հազարն է հեռացել Հայաստանից: Ոչ մեկը քեզ նման թվեր չի ասի:

-Լսիր, -դարձյալ փորձում եմ Էդոյին «ուշքի բերել»,- պետություն ունենք, փախստականների վարչություն…

-Անկեղծ ասած, այդպես էլ չիմացա, թե փախստականների վարչությունը իրականում ինչո՞վ է զբաղված: Վարչության աշխատողներն ինչո՞ւ չեն գնում Կութ գյուղ՝ պարզելու, թե ինչո՞ւ են ոտնահարվում փախստականների իրավունքները: Աղվերանի պանսիոնատում ապրողները բացարձակապես ջուր չունեն: «Արցախի» հանրակացարանում տարիներով հեռախոսի հարց չեն կարողանում լուծել: Ամեն օր այնտեղ մարդ է վատանում, շտապ օգնություն չեն կարող կանչել:

– Լավ, դու ասում ես, որ հանրակացարանի պարետը իշխանավորներից մեկի վարորդն է, որ նա ժամը 6-ին լույսը միացնում եւ 11-ին անջատում է: Կան մարդիկ, որոնցից յուրաքանչյուրը ամսեկան 5 հազար դրամ է տալիս շուրջօրյա լույս ունենալու համար, որ այնտեղ սովից մարդիկ են մահանում, որ 70-անց ծերունիները երկու տարի է՝ չեն լողացել եւ նրանցից սարսափելի հոտ է գալիս: Բայց չէ՞ որ այս եւ մյուս ահավոր բաները փոխելու համար էր նաեւ, որ Հայաստանում փոխվեց իշխանությունը: Կարող է նորերը դեռ ողջ դառը ճշմարտությունը չգիտե՞ն: Միգուցե, Ղարաբաղ վերադառնալու նոր ծրագրե՞ր իրագործվեն, կամ օրեցօր աճող նոր գործարարներն օգնե՞ն, փախստականների համար տներ կառուցվեն:

– Վահան Իշխանյանը հիմա մի հարցով է զբաղվում: Բաղրամյանի շրջանում փախստականների համար ղռերի վրա տնակներ են կառուցում՝ քոթեջներ, յուրաքանչյուրի արժեքը, ասում են, 15 հազար դոլար է: Ո՞ւմ համար են դրանք կառուցում, եթե նույն Բաղրամյանի շրջանում կարելի է 500 դոլարով բնակարան գնել: Տեղացիները շրջանից գնում են, որովհետեւ ոչ խմելու ջուր կա, ոչ էլ՝ մշակելու համար պիտանի հող: Միջազգային կազմակերպություններից փախստականների անունով լիքը փող է գալիս Հայաստան, իբր շարունակական ծրագրերը իրականացնելու համար: Հետաքրքիր կլիներ պարզել, թե այս տարիների ընթացքում սոցիոլոգիական եւ այլ ծրագրերի համար քանի՞ գրանտ եւ ինչքա՞ն գումար Է ստացվել: Այդ գումարներով Հայաստանում փախստականների համար քանի՞ տուն կարելի էր կառուցել: Կամ ասում են, պետական շինարարություն չի արվում: Տես, Երեւանի կենտրոնում ինչ շենքեր են կառուցվել եւ կառուցվում: Հաղթանակի այգում /Մոնումենտ/ տեսել ե՞ս ՆԳ ու ԱԱ նախարարությունը ինչ շքեղ շենք է կառուցում: Ասում են, այս նախարարության համար հյուրատուն են կառուցում: Հայաստանում, ինչ է, էլ հյուրատուն չկա՞: Նախորդ նախարարն էլ էր հյուրատուն կառուցել, հիմա այնտեղ Հայաստանի առաջին նախագահն է ապրում: Մոնումենտում կառուցվողը կարող է ներկայիս նախագահի համար է՞: Եթե այս նախարարության վրա նման պարտականություն է դրված՝ նախագահների համար առանձնատներ կառուցել, ապա կարելի է դա օրինականացնել: Ասածս այն է, որ պետությունը միջոցներ ունի, պարզապես դրանք փախստականների կամ աղետի գոտու համար չեն նախատեսված:

Էդիկ Բաղդասարյանի հետ մեր զրույցը շատ երկար ստացվեց: Փորձում էինք անկեղծորեն հասկանալ, թե որն է մեր պետական քաղաքականությունը փախստականների, աղետի գոտու խնդրում, որը վաղուց արդեն ամբողջ աշխարհում քաղաքական շահարկումների, ահռելի գումարներ «պտտացնելու» լավ կարգավորված ու մշակված մեքենա է: Հասկանալու, թե ինչո՞ւ ենք սկսել անհագուրդ տուրք տալ շքեղ տոնակատարություններին , երբ շուրջը թշվառություն է: Արդյո՞ք մեր պետական քաղաքականությունն այս հարցում հետեւյալն է. «չկա փախստական, չկա խնդիր»: Ես փորձում էի հասկանալ նաեւ Էդիկին, որը հայրենիքին պետք չեկած այս մարդկանց առջեւ իր անձնական պատասխանատվությունը գերադասում է պետության պատասխանատվությունից:

Վերջում Էդոն մի առաջարկ արեց. «Լսի՛ր,-ասաց,- թող լրագրողները լոբբինգ անեն, որ Մոնումենտում կառուցվող հյուրատունը վերցնեն, տան Արցախի փողոցի փախստականներին: Ծերերի համար իսկական դրախտ կլինի, դիմացը՝ անտառ, ծառեր: Պատկերացնում ե՞ս, Սերժ Սարգսյանը կդառնա ազգային հերոս, իսկ մնացած պաշտոնյաներն էլ նրան հետեւելով, կսկսեն իրենց առանձնատները դոմիկներում ապրող աղետի գոտու 18 հազար ընտանիքներին տրամադրել»:

Հասկանալով Էդիկ Բաղդասարրյանի առաջարկի լիակատար անիմաստությունը, կոչ եմ անում լրագրողներին, գոնե հետաքրքրության համար զբոսանքի գնալ Հաղթանակի այգի. այնտեղ, ասում են, կառուցվող ուրիշ մենատներ էլ կան: Հնարավոր է, որ Էդոյի ասածից շատ ավելի հետաքրքիր առաջարկներ ծնվեն՝ լրագրողների կողմից լոբբինգ անելու համար:

ԱԼՎԱՐԴ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930